Մեկնաբանություն

31.08.2014 11:15


Անմոռուկից ու Էրդողանի հրավերից բացի՝ է՞լ ինչ է արվել

Անմոռուկից ու Էրդողանի հրավերից բացի՝ է՞լ ինչ է արվել

Տպավորությունն այնպիսին է, որ, կարծես, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կազմած ծրագրի կետերից առայժմ իրականացել է միայն Թուրքիայի նորընտիր նախագահին Հայաստան այցելելու հրավերը տեղ հասցնելու կետը: Նալբանդյանը հատուկ դրա համար Թուրքիա էր մեկնել։

Առայժմ սա է իրականություն դարձել եւ մեկ էլ տարելիցի խորհրդանշանը՝ անմոռուկը:

Սա է՝ Էրդողանի հրավեր եւ անմոռուկ: Կարծես, Էրդողանի դարդը կտրվել է, որ գա ու բարձրանա Ծիծեռնակաբերդ՝ տեսնելու մարդկանց հոսքը: Այդ հոսքը նա իր կաբինետում նստած տեսում է ամեն տարի՝ ապրիլի 24-ին:

Մինչդեռ, ինչեր էր խոստանում Սերժ Սարգսյանը դեռ երկու տարի առաջ:

2012-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ հանդիպելով կենտրոն համայնքի բնակչության, մտավորականության ներկայացուցիչների հետ, Սերժ Սարգսյանն, ի պատասխան Թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ռեկտոր, ավաղ արդեն լուսահոգի Արմեն Մազմանյանի հարցին, թե անհրաժեշտ չէ՞ ցեղասպանության հարյուրամյակի տարելիցի կապակցությամբ մի ֆիլմ նկարահանել՝ ասաց, թե աշխարհում մեզ չպետք է ճանաչեն միայն նրանով, որ ցեղասպանության ենք ենթարկվել եւ ֆիլմի առումով ինքը այլ ընտրություն է կատարել։

«Ես խնդրել եմ Հայաստանից դուրս ապրող հայտնի մի գործարարի, որը արդեն պայմանագիր ունի Մել Գիբսոնի հետ, եւ հիմա նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։ Կարծում եմ այս տարի նա կգա Հայաստան եւ այդ համաձայնագիրը ենթադրում է նկարահանել Վարդանանքը։ Եվ ֆիլմի նախնական անունը կոչվում է «Բյուզանդիայից արեւելք»»։

Անցել է երկու տարի, բայց այս կողմերում ոչ նրա նշած գործարարն է երեւացել եւ ոչ էլ Մել Գիբսոնը:

Բայց մյուս կողմից էլ չենք կարող չնկատել, թե աբսուրդն ուր կարող է հասնել. մարդը թուրքերին թողած՝ ցանկանում էր, որ ֆիլմ նկարվի պարսիկների դեմ, այն էլ՝ 5-րդ դարի պատմություն (այդ մի նորմալ հարեւանն ունենք, մնում էր, որ Իրանը վատացներ հարաբերությունները մեր երկրի հետ):

Իսկ թուրքական կողմն արդեն Վենետիկի փառատոնին է ներկայացնում Հայոց ցեղասպանության մասին նկարահանած ֆիլմը:

Դեռ մեկ ամիս առաջ հայտնի դարձավ, որ մի շարք հեղինակավոր կինոփառատոնների մրցանակների դափնեկիր, ազգությամբ թուրք կինոռեժիսոր Ֆաթիհ Ակինի` Հայոց ցեղասպանությանը նվիրված «Խզում» ֆիլմը ցուցադրվելու է օգոստոսի 27-ից սեպտեմբերի 6-ը կայանալիք Վենետիկի 71-րդ կինոփառատոնում:

«Խզում»-ը պատմում է հայազգի Նազարեթ Մանուկյանի մասին, որ փրկվելով Ցեղասպանությունից, տարիներ անց պատահաբար հայտնաբերում է, որ իր զույգ աղջիկները կարող են ողջ լինել և սկսում է փնտրել նրանց` հասնելով մինչև Հյուսիսային Դակոտա:

138 րոպե տևողությամբ ֆիլմը անգլերեն տարբերակով է, սցենարը գրվել է ֆիլմի ռեժիսորի և Մարտիկ Մարտինի կողմից: Վենետիկի կինոփառատոնում ապահովվելու է նաև ֆիլմի գերմաներեն տարբերակը: Ֆիլմում խաղում են Արսինե Խանջյանը, Սիմոն Աբգարյանը, Ակին Ղազինը և այլք:

Ավելորդ է ասել, թե թուրքական տեսանկյունով նկարված այս ֆիլմի շեշտադրումներն ինչպիսին են լինելու:

Հայտնի է նաեւ Թուրքիայի ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի որոշումը, որ կայացվել է դեռ հունիս ամսին:

Երեք ամիս առաջ այս հանձնաժողովը «Հայոց ցեղասպանության պնդումների» հարցով հատուկ օրակարգով հանդիպում իրականացրեց եւ քննարկեց 100-ամյակին ընդառաջ հայկական սփյուռքի ներկայացուցիչների հնարավոր քայլերն ու Թուրքիայի հնարավոր պատասխան քայլերը:

Թուրքական կողմը որոշեց «Մեր սրտի խոցը» անունով ֆիլմ ստեղծել, որի նկարահանման աշխատանքները պետք է սկսվեն մի քանի ամսից՝ Իգդիրում: Այսինքն՝ հիմա արդեն սկսել են նկարահանումները:

Ֆիլմի անունը հուշում է, չէ՞, թե ինչպիսին է լինելու դրա բովանդակությունը:

Ահա այսպիսի բաներ:

Պետական հանձնաժողովը 2011 թվականից գործում է, բայց միակ ռեալ քայլը անմոռուկն ու Էրդողանի հրավերն է:

Միայն օրերս որոշվեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում պետք է նկարահանվի «Վարդապետի լռությունը» ֆիլմը, որը նվիրված է Կոմիտասին:

Ընդամենը երկու օր առաջ է որոշվել, որ պետք է կառավարության պահուստային ֆոնդից այս ֆիլմի համար գումար հատկացվի:

Թուրքերն այս թեմային նվիրված իրենց ֆիլմերն արդեն միջազգային կիոփառատոնում են ցուցադրում կամ սկսել են նկարահանել, իսկ մենք դեռ նոր միայն ֆիլմի անվան մասին ենք լսում:

Ու «գիր-ղուշ» ենք գցում՝ կգա՞, թե՞ չի գա Էրդողանը Հայաստան:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը