Մեկնաբանություն

01.09.2014 12:05


Իրական փոփոխություններ կլինեն միայն սահմանադրական փոփոխությունների տապալման դեպքում

Իրական փոփոխություններ կլինեն միայն սահմանադրական փոփոխությունների տապալման դեպքում

Ոչիշխանական ազդեցիկ ուժերի սահմանադրական փոփոխություններին դեմ լինողներին հանրապետականներն ու իշխանություններից սնվող շրջանակները փորձում են հետևյալ կերպ «հակադարձել». «Չէ՞ որ դուք էիք անընդհատ ներկայացնում խորհրդարանական համակարգին ու 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու անհրաժեշտությունը։ Հիմա ինչո՞ւ եք դեմ»։

Շա՜տ ուժեղ «հակափաստարկ» է։ Իշխանությունները հանկարծ ու մոռացան, որ անընդհատ ու ոչ վաղ անցյալում ոչ միայն դեմ են արտահայտվել խորհրդարանական համակարգին և նոր ընտրակարգի անցնելուն, այլև դեմ են քվեարկել ներկայացված օրենսդրական նախաձեռնությանը։ Հիմա հանկարծ ի՞նչ եղավ։

Սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելով՝ ցանկանում են վերարտադրվել և անցնել սովետական կառավարման համակարգին, բացառապես սա՛ է պատճառը, որ քաղաքական ուժերը դեմ են արտահայտվում այդ «բարեփոխմանը»։

Իսկ եթե իրականում ցանկություն կա՝ բարեփոխելու քաղաքական ինստիտուտները, ապա կարելի է փոփոխություններ կատարել Ընտրակա՛ն օրենսգրքում։ Սահմանադրությունը դրա հետ ի՞նչ կապ ունի։

Պետք է հստակ արձանագրել, որ իշխանությունները ոչ թե բարեփոխումների են գնում, այլ մեկ կուսակցության իշխանությանը՝ Խորհրդային Միության մոդելին՝ իր «գենսեկով»։

Այնպես որ, իրականում ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետությունում (ՀՀ սահմանադրություն, գլուխ 1–ին) ապրել ցանկացող յուրաքանչյուր ոք պարզապես չի կարող դեմ չլինել առաջարկվող «փոփոխություններին»։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը