Հարցազրույց

01.09.2014 12:56


Արամ Հարությունյան. «Սերժ Սարգսյանը չի ուզում իշխանական լծակն իր ձեռքից բաց թողնել, և հենց դա էլ նրա ողբերգությունն է»

Արամ Հարությունյան. «Սերժ Սարգսյանը չի ուզում իշխանական լծակն իր ձեռքից բաց թողնել, և հենց դա էլ նրա ողբերգությունն է»

Հարցազրույց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի հետ

–Սեպտեմբերի 1–ին արդեն պարզ դարձավ, որ աշնանը իշխանական մամուլը լծվելու է ոչիշխանական «քառյակի» դեմ քարոզարշավի գործին։ Ի՞նչ պետք է անի «քառյակը», որ իր ներսում պառակտում չմտնի։

–Առաջին հերթին իր միասնականությունը պետք է փաստի, ինչի համար շատ կարևոր է օրակարգի հստակեցումը։ Ճիշտ է՝ 12 կետերը ներկայացված են, բայց բոլորս հասկանում ենք, որ Սերժ Սարգսյանը ցուգցվանգի մեջ է, և ինչպես վախեցավ, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականի հարցը կարող է բերել իր հրաժարականին, նույն կերպ «քառյակի» և ժողովրդի միասնականությունը կստիպի Սերժ Սարգսյանին գիշերները շատ անհանգիստ քնել։ Ես համոզված եմ, որ ժողովրդի ներկայության դեպքում (իսկ ժողովուրդն ավելի պատրաստ է իշխանափոխություն անելուն, քան քաղաքական ուժերը), Սերժ Սարգսյանը չի դիմանա նույնիսկ երկու շաբաթ։ Բայց սրա համար շատ կարևոր է, որ «քառյակն» էլ լինի միասնական, չշեղվի կեղծ օրակարագերի ուղղությամբ և Սերժ Սարգսյանի կամ նրա թիմի հետ որևէ քննարկման չմտնի՝ բացի մեկ հարցից՝ հրաժարականի ժամանակային քարտեզի։ Մնացած բոլոր օրակարագերը կեղծ են։

–Կեղծ օրակարգ եք համարում նաև իշխանության նախաձեռնած սահմանադրական փոփոխություննե՞րը։

–Միանշանա՛կ, և «քառյակը պետք է խուսափի մասնագիտական որևէ քննարկման մեջ մտնելուց։ Հայաստանում առկա ճգնաժամը ոչ թե սահմանադրական է, այլ ներքին։ Այն, որ այսօր անկախությունը կորցնելու վտանգի առաջ ենք կանգնած, որևէ կապ չունի Սահմանադրության հետ։ Սահմանադրական փոփոխություններով Սերժ Սարգսյանը վերարտադրվելու միջոց է փորձում ապահովել, բայց համոզված եմ, որ դա նրան չի հաջողվի։ Սերժ Սարգսյանը գիտի, որ առանց սահմանադրական փոփոխությունների՝ ինքը երրորդ անգամ չի կարող իշխանության ղեկն իր ձեռքը վերցնել։ Իրավահաջորդի անունն էլ է իր մտքում պահում, ինչը պառակտում է մտցնում թիմում։ Սերժ Սարգսյանի սիրած «Կնքահայրը» ֆիլմի կանոններով՝ երբ իրենց «առաջնորդն» անկողնային վիճակում է, հենց իր թիմն էլ իր վրայով անցնելու է։

–Իշխանական քարոզչաթիմը տարածում է, թե պաշտոնավարման ավարտին Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխություններով ուզում է սրբագրել իր նախկին սխալները և պատմության մեջ մնալ այդ դրական քայլով։

–Փաստորեն, ընդունում են, որ Սերժ Սարգսյանը մինչ այդ վատ է կառավարել։ Իրականում Սերժ Սարգսյանը չի ուզում իշխանական լծակն իր ձեռքից բաց թողնել, և հենց դա էլ նրա ողբերգությունն է, և հենց դա էլ իրեն հարվածելու է։ Ասեմ, որ իշխանության այս և այլ գործելաոճի մասին ես ավելի մանրամասն խոսելու եմ վաղը՝ «Զարկերակ» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը