Մեկնաբանություն

01.09.2014 23:30


Հայ «արևմտամետների» նոր կուռքը

Հայ «արևմտամետների» նոր կուռքը

Մինչև նախորդ տարվա սեպտեմբերի 3–ը հայ «արևմտամետների» կուռքը և առաջադեմ քաղաքական լիդերի քայլող մարմնավորումը, բացի Սերժ Սարգսյանից, նաև Ուկրաինայի, բառիս բուն իմաստով, փախած նախագահ Վիկտոր Յանուկովիչն էր։

«Ֆեյսբուքահայ հեղափոխականները» և «արևմտամետության ռահվիրաները» պարզապես հիացած էին գերկոռումպացված և գերթալանչի Յանուկովիչով, քանզի նա Ուկրաինային տանում էր դեպի եվրաասոցացում։

«Ճիշտ է, Յանուկովիչն ընտրակեղծարար է և գանձագող, ու իր ղեկավարած երկրի տնտեսությունը ենթարկել է սաշիկացման, բայց «զատո» գնում է դեպի ԵՄ, հետևաբար նա շատ լավն է»,– իրենց յանուկովիչասիրությունը հիմնավորում էին գավառականությամբ աչքի ընկնող ղարաբաղցի ռենեգատներն ու նրանց հավասարեցված կոմերսանտները։

Վիլնյուսում տեղի ունեցած գագաթաժողովում, սակայն, Հայաստանի և Ուկրաինայի ղեկավարները կտրուկ շրջադարձ կատարեցին։ Յանուկովիչը հրաժարվեց ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումից, իսկ Սարգսյանը մինչ այդ հասցրել էր ոչ միայն հետ պտտեցնել ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը, այլև հայտարարել Մաքսային միություն մտնելու մասին։

Դրանից հետո հայ «արևմտամետների» համար Յանուկովիչը դադարեց կուռք լինելուց (ի դեպ, «արևմտամետների» սերն առ Սերժ Սարգսյան անդավաճան է, կայուն և պայմանավորված չէ վերջինիս՝ ԵՄ կամ Գյուլիստան գնալու ուղղություններից, քանզի ստամոքսը արտաքին կողմնորոշում չի ճանաչում)։

Հիմա «մերոնք» նոր կուռք են գտել՝ ի դեմս Ղազախստանի ցմահ նախագահ աշխատող Նուրիկի՝ Նորսուլթան Նազարբաևի (դե՛, Սերժ Սարգսյանը, կրկնեմ, կա ու կա)։

Ինչպես հայտնի է, Պուտինն օրերս փորձեց լավ, բայց ստացվեց «չորով»։ Արդյունքում՝ Ղազախստանի սուլթանը՝ Նուրիկը, մի փոքր նեղվեց ու հայտարարեց, թե չի բացառվում, որ իր պետությունը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից։ Վե՛րջ։ Դա հերիք էր, որպեսզի հայ «արևմտամետները» դառնային «Նուրիկի վկաներ» և նրա արևով երդվեին։

Եթե վաղը Էրդողանն ու Ալիևը մի հակառուսական բան հայտարարեն, ապա չկասկածե՛ք, որ տնաբույծ «արևմտամետները» կսկսեն «բայրամ» անել ու ֆեյսբուքյան իրենց էջերում Թալեաթի կամ Սաֆարովի նկարները դնել որպես «ավատար»։

Ահա այսպիսի սկզբունքայնությամբ են աչքի ընկնում մեր խիստ լիբերալ, թունդ արևմտամետ, մոլի հակառուս, կատարյալ սերժամետ և սաստիկ ժողովրդավար «հեղափոխականները»։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը