Մեկնաբանություն

02.09.2014 00:20


Մեգադհոլություն

Մեգադհոլություն

Շատ բնական և նորմալ է, երբ մարդիկ քննադատում են Ռոբերտ Քոչարյանի գործունեությունը։ Ոմանց նրա վարած քաղաքականությունը դուր է գալիս, իսկ ոմանց՝ ոչ։

Նորմալ է, որ մարդիկ քարկոծում են նրա պաշտոնավարման շրջանին վերաբերող տեսաֆիլմը։ Ոմանց կարող էր այն դուր գալ, իսկ ոմանց՝ ոչ։

Կրկնում եմ՝ ամեն ինչ նորմալ է, և իմաստ չեմ տեսնում մտնել այդ քննարկումների դաշտ, քանզի իմ թիրախը գործող իշխանության կողմից վարվող քաղաքականությունն է, որը պարտության է տանում Հայաստանը։ Բայց այս ամենի արանքում չպետք է աչքաթող արվի շատ կարևոր մի բան։

Եթե Քոչարյանի գործունեությունը քննադատում ես, որովհետև հազար ու մի օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներ ունես դրա համար, ապա դա հասկանալի է։ Ու ոչ մի վատ բան չկա դրա մեջ։ Բայց եթե Քոչարյանին քննադատում ես, որպեսզի տարբերակ գտնես Սերժ Սարգսյանին գովելու, նրա համար փաստաբանություն անելու կամ նրան քծնելու համար, ապա դա շարքային դհոլություն է, իսկ ոմանց պարագայում՝ մեգադհոլություն։

Այսպես, Հրանտ Բագրատյանն, անդրադառնալով Քոչարյանի կառավարման շրջանին, ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրում է հետևյալը. «Այ, հիմա ինձ էլ են «դիտողություն» անում. եղբա՛յր, հա՛մ ասում ես՝ աճ չի եղել, համ էլ ասում ես՝ Քոչարյանի բախտը բերեց։ Ուզում եմ նշել, որ միշտ էլ ասել եմ՝ աճ եղել է։ Բայց զգալիորեն ցածր, քան արձանագրել է ԱՎԾ-ն։ Ենթադրում եմ, որ բարձր աճերը նկարվել են ճնշման արդյունքում։ ... Ի դեպ, Քոչարյանի պաշտոնավարման շրջանում բարձր աճեր նկարելով՝ ԱՎԾ-ն սպառեց լիմիտը հաջորդ Նախագահի և երեկվա ու այսօրվա կառավարության համար։ Վերջիններս հնարավորություն չունեն թվերը կեղծել այնքան, ինչքան դա արվում էր երկրորդ Նախագահի օրոք»։

Մի կողմ թողնենք, որ Բագրատյանը, ինչպես միշտ, հակասում է ինքն իրեն ու խճճվում իր ասածների մեջ (եթե վարչապետ են խոստացած լինում ու համոզում, որ պետք է նախագահի թեկնածու աշխատի, դհոլանում է, իսկ եթե խոստացած ու «քցած» են լինում, ապա մի քիչ օբյեկտիվություն է խաղում մինչև նոր խոստում ստանալը)։

Մի կողմ թողնենք նաև այն, թե արդյոք Քոչարյանի նախագահության շրջանում վիճակագրական թվերը կեղծվե՞լ են, թե՞ ոչ, ԱՎԾ–ի վրա եղե՞լ են ճնշումներ, թե՞ ոչ։ Դա թող Սերժ Սարգսյանն ու Հրանտ Բագրատյանը համատեղ հանձնաժողով ստեղծեն ու պարզեն։

Տվյալ դեպքում ուշագրավն այն է, որ փորձ է արվում փրկել «խեղճ» Սերժ Սարգսյանին ու նրա կառավարությանը՝ հայտարարելով, թե չար Քոչարյանը նրանց կեղծիքի տեղ չի թողել, քանզի ԱՎԾ–ն սպառել է թիվ կեղծելու լիմիտը։ Ա՛յ, ա՛յ, ա՛յ...

Փաստորեն, ինչքան արդար, ազնիվ և թափանցիկ է կառավարում Սերժ Սարգսյանն, ըստ Հրանտ Բագրատյանի, որ անգամ ԱՎԾ–ին չի հրահանգում թվերը կեղծել, որովհետև չի ուզում կեղծիքի լիմիտներից անդին անցնել։ Սերժ Սարգսյանին կից նախագահի թեկնածու աշխատած Բագրատյանը, ըստ էության, գործող իշխանությունների դարդն է լացում՝ ձեռքի հետ էլ նրանց համեմատության մեջ ավելի լավը ներկայացնում կամ մատուցում որպես ծանր ժառանգություն ստացած զոհ։

Ի՞նչ է սա, եթե ոչ մեգադհոլություն։ Հետո ի՞նչ, որ Բագրատյանը խռխռան ձայնով փորձում է վրա տալ ու խելացի երևալ։ Խելքը, ի դեպ, խռխռոցի դեցիբելներով չի չափվում։ Ինչևէ։

Եթե Բագրատյանը խնդիր է դրել քննադատել Քոչարյանի տնտեսական քաղաքականությունն ու ամեն հարցում սխալ հանել նրան, ապա դա իր իրավունքն է, այստեղ որևէ խնդիր չկա, բայց երբ ձեռքի հետ նաև ՀՀԿ ղեկավարի ու կառավարության փաստաբանությունն է անում, ապա դա արդեն կեղտոտ կոմերցիա է՝ համեմված ականջ ծակող դմբլդոցներով։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը