Մեկնաբանություն

03.09.2014 11:38


«Կուտակայինի» պատճառով արտագաղթում են բուհերից

«Կուտակայինի» պատճառով արտագաղթում են բուհերից

Սեպտեմբերի 1-ին, երբ լրատվամիջոցները սկսեցին տարածել Գիտելիքի օրվա կապակցությամբ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը, այդ պահին պետական բուհերի ղեկավարության վիճակը, մեղմ ասած, նախանձելի չէր: Եթե չասենք, որ նրանք հայտնվել էին ցայտնոտային վիճակում:

Իսկ Սերժ Սարգսյանն իր ուղերձում շնորհավորում էր նաև ուսանողներին ու դասախոսներին՝ ընդգծելով այն, որ կրթության որակի բարելավումը մեր պետականության կարևոր առաջնահերթություններից և մաղթելով՝ արգասաբեր ուսումանկան տարի, որով դրվելու է Հայաստանի ապագայի ամուր հիմքերը:

Հենց Գիտելիքի օրը պարզվեց, որ պետական բուհերի մի քանի տասնյակ երիտասարդ դասախոսներ աշխատանքից հեռանալու դիմումներ են գրել: Պատճառը Սերժ Սարգսյանի սիրելի կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումն է, ինչի վերաբերյալ «բարեփոխված» նոր օրենքը դարձյալ իրավիճակը չի փրկում: Բայց դա կարևոր չէ Սերժ Սարգսյանի համար, քանի որ իրեն երկար ու էժան փողեր են պետք:

Եվ, ի դեպ, մոտ երկու շաբաթ առաջ էլ «Բազե» ճամբարում պատասխանելով «կուտակայինի» նոր օրենքի մասին հարցին՝ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ անկախ դժգոհություններից՝ բարեփոխված օրենքը չի վերանայվի։

«Կառավարությունը չի կարող ցանկացած հարցի ամեն ամիս անդրադառնալ, դա լուրջ չի լինի: Կառավարությունը լրջորեն խորհել է ու որոշում ընդունել, որոշման նախագիծը ԱԺ է ուղարկվել, նոր օրենք մշակվել, ընդ որում, դա արել է նոր կառավարությունը: Մենք հարգում ենք քաղաքացիական հասարակության կարծիքը, դա մեր որոշումների վրա ազդեցություն է ունենում: Բայց որոշում ընդունողը մենք ենք, պատասխանատուն մենք ենք, չենք կարող բոլորի կարծիքը հաշվի առնել, առավել ևս, որ կարծիքների մեջ բազմազանություն կա…»,– նշել էր Սարգսյանը:

Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանը ցանկացած որոշում կայացնելուց առաջ չի հաշվարկում դրա հետևանքները: Թե՛ ներքին եւ թե՛ արտաքին քաղաքականությանը վերաբերող նրա որոշումների բացասական հետևանքները հայտնի են:

«Կուտակայինի» դեպքում էլ դեռ «էն գլխից» պարզ էր, որ վտանգավոր զարգացումներից խուսափել հնարավոր չի լինի: Ու կապ չունի, որ նոր օրենքով կուտակայինի անունը փոխվել ու դարձել է սոցվճար:

«Պարտադիր, բայց ոչ պարտադրված»-ից այսօր տուժածների թիվը գնալով մեծանում է:

Մի քանի բուհերի ղեկավար կազմի անդամներն այսօր ողբում են կորցրած երիտասարդ դասախոսների համար, որոնք համատեղության կարգով աշխատում էին նաև իրենց բուհերում: Պարզվում է՝ նրանց դեպքում պարտադիր սոցվճար են գանձում թե՛ մասնավոր սեկտորում աշխատանքի եւ թե՛ պետական բուհում դասավանդելու համար: Իսկ երիտասարդ դասախոսները անիմաստ են համարում մնալ բուհում, որտեղ աշխատավարձն առանց այն էլ չնչին է: Եվ, կարելի է ասել, նրանք զանգվածաբար լքում են դասախոսական աշխատանքը:

Իսկ բուհերի ղեկավարությանը չի կարող չմտահոգել այդ փաստը, քանի որ երիտասարդ դասախոսները հիմնականում բարձր տեխնոլոգիաների մասնագետներ են, եւ լավ մասնագետներ են:

Ժամանակին, ինչպես գիտեք, Սերժ եւ Տիգրան Սարգսյաններն ամեն օր խոսում ու կարևորում էին գիտելիքահեն տնտեսության անհրաժեշտությունը: Մինչդեռ հիմա բուհերը դատարկվում են նման մասնագետներից:

Ինչեւէ, գիտակրթական առաջընթացից խոսող շնորհավորհական ուղերձի հեղինակը, ով նաև Երեւանի պետական համալսարանի կառավարման խորհրդի նախագահն է, այսօր նույն այդ համալսարանը դասախոսներով համալրելու խնդրի առջև է կանգնած, քանի որ պետական համալսարանից էլ արդեն հեռացել են 1974 թվից հետո ծնված շատ դասախոսներ:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը