Մեկնաբանություն

03.09.2014 12:15


Սեպտեմբերի 3-ը վկա

Սեպտեմբերի 3-ը վկա

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը Սերժ Սարգսյանը ժամանեց Մոսկվա։ Հանդիպեց Ռուսաստանի նախագահի հետ ու ընդունեց հերթական գիշերային որոշումը։

Տարիներ շարունակ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման աշխատանքներ տանող Հայաստանը մեկ օրում հայտնվեց եվրասիական տիրույթում։

«Մենք հանգամանալի քննարկում անցկացրեցինք նաև եվրասիական ինտեգրացիայի հարցերի վերաբերյալ, և ես հաստատեցի Հայաստանի ցանկությունը՝ միանալու Մաքսային միությանը և ներգրավվելու Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացին»,– Պուտինի հետ առանձնազրույցից հետո հայտարարեց Սարգսյանը, ով մինչ այդ նույն Արևմուտքին հավաստիացնում էր, թե եվրաինտեգրումն այլևս անբեկանելի է։

Շոկային վիճակ եվրոպացիների, անհեթեթ՝ ՀՀԿ–ականների, իշխանավորների ու Սարգսյանի «արևմտամետության» գովքը տանող լայն շրջանակների համար։

Սա հերթական հարվածն էր Հայաստանին, քանզի մեզ սկսեցին չհարգել Արևմուտքում և չվստահել Ռուսաստանում։ Բնականաբար, գործող իշխանությանը դա բացարձակ չէր հետաքրքրում։ Իշխանությանը հետաքրքրում է միայն մեկ հարց՝ իշխել և վերարտադրվել։ Պատահական չէ, որ արդեն հաջորդ օրը՝ 2013թ. սեպտեմբերի 4-ին, Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրում սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով ստեղծելու մասին։

Հայաստանի շուրջ շիլաշփոթ ստեղծեց, «քցեց» եվրոպացիներին, իր ԶԼՄ–ով, հաճախորդներով ու մնացած ամեն ինչով հակառուսական ալիք բարձրացնելով՝ նետվեց ռուսների գիրկն ու հաջորդ օրն իսկ հրամանագիր ստորագրեց՝ հող նախապատրաստելով վերարտադրվելու համար։

Սերժ Սարգսյանի «ունիկալության» մասին հավերժ կարելի է խոսել։ Նա այն բացառիկ գործիչներից է, ում ցանկացած քայլը հերքում է նախորդին, որի յուրաքանչյուր հայտարարությանը կարելի է հակադրել նրա իսկ խոսքերը։ Սեպտեմբերի 3-ը վկա։

Այս ամենը ևս մեկ անգամ հաստատում է, որ Սերժ Սարգսյանի նախաձեռնությունները պետք է արգելակվեն։ Եվ առաջինը պետք է լինի սահմանադրական փոփոխությունների գործընթացի վիժեցումը։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը