Մեկնաբանություն

04.09.2014 09:45


Քաղաքականություն և արարողակարգ

Քաղաքականություն և արարողակարգ

Նախագահ ընտրվելուց հետո Էրդողանն անմիջապես այցելեց Ադրբեջան։ Ուշագրավն այն է, որ Թուրքիայի նախագահի երդման արարողությանն Ալիևը չէր մասնակցում։ Անգամ արտգործնախարարի մակարդակով Ադրբեջանը ներկայացված չէր։ Պատճառն այն է, որ պաշտոնական Բաքուն այնքան էլ հավանության չի արժանացնում Էրդողանի վարած քաղաքականությունը՝ նրան համարելով ավելի շատ կրոնական գործիչ, ով շահագրգռված է ծայրահեղ իսլամիստներին աջակցելով, քան ազգային ու պետական լայնամասշտաբ ծրագրեր իրականացնելով։

Արարողակարգային ակնարկով Բաքուն հասկացրեց, որ դժգոհ է այն բանից, որ Թուրքիան անհրաժեշտ մակարդակի ակտիվություն չի ցուցաբերում Ղարաբաղի հարցում։

Էրդողանի այցն, ահա, նպատակ ուներ մեղմելու Ադրբեջանի վերաբերմունքը։ Նա Բաքվում հերթական անգամ հայտարարեց, որ մինչև Ղարաբաղի հարցն ադրբեջանամետ լուծում չստանա, Թուրքիան որևէ հարաբերություն չի կարգավորի Հայաստանի հետ՝ դրանով իսկ պատասխանելով հայ–թուրքական տխրահռչակ արձանագրություններից կառչած և Նալբանդյանի միջոցով նամակ–հրավեր ուղարկած Սերժ Սարգսյանին։

Էրդողանը Բաքվին նաև խոստացել է Ղարաբաղի հարցը ներառել Ուելսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի օրակարգ։ Կհաջողվի դա նրան, թե ոչ՝ այլ խոսակցության թեմա է, բայց փաստն այն է, որ Թուրքիան հանդես է գալիս բացահայտ թշնամական դիրքերից, ինչը նորություն չէ։

Այս ամենի համապատկերին ՀՀ արտաքին քաղաքականությունն այնքան կենցաղային մակարդակի վրա է գտնվում, որ արդեն ձգտում է անմեղսունակության։ Եվ եթե ներքին կյանքում կտրուկ փոփոխություններ չլինեն, ապա այդ անմեղսունակությունը կխժռի մեր պետությունը։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը