Լրահոս

10.09.2009 17:22


«Ժառանգություն» խմբակցության և «Ժառանգություն» կուսակցության վարչության ընթացքում կայացրած որոշումները

Սույն թվականի սեպտեմբերի 9-ին տեղի ունեցավ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության նիստ, որը քննարկեց խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի հրաժարականի դիմումը եւ բավարարեց այն: Արմեն Մարտիրոսյանն առաջարկեց խմբակցության ղեկավարի պաշտոնում ընտրել Ստեփան Սաֆարյանին: Քվեարկության արդյունքում խմբակցության նախագահ միաձայն ընտրվեց Ստեփան Սաֆարյանը: Այսպիսով, Ստեփան Սաֆարյանը, համաձայն կուսակցության կանոնադրության, դարձավ կուսակցության 10-րդ վարչության անդամը:

Նույն օրը կուսակցության վարչության նախագահ Անահիտ Բախշյանը հրավիրեց վարչության հերթական նիստ, որտեղ քննարկվեցին մի շարք հրատապ աշխատանքային, կանոնադրական եւ կադրային հարցեր: Նիստի օրակարգը նախապես ուղարկվել էր բոլոր վարչականներին: Կուսակցության վարչության նիստին մասնակցում էին վարչության 10 անդամներից 7-ը: Մյուս երեք անդամները տեղեկացված էին նիստի մասին, սակայն անհարգելի պատճառներով չէին ներկայացել:

Կուսակցության վարչությունը հիմնեց Մանդատային, Կադրային եւ Օրենսդրական եւ ինստիտուցիոնալ զարգացման հարցերով հանձնախմբեր, հաստատեց նրանց կանոնակարգը եւ ընտրեց նախագահներին:

Ապա կուսակցության վարչության նախագահ Անահիտ Բախշյանը, բավարարելով կուսակցության վարչության չներկայացած երեք անդամների մինչ այդ հնչեցրած պահանջը, իրեն անվստահություն հայտնելու կապակցությամբ քվեարկության դրեց իր վստահության հարցը: Վարչությունը հաստատեց Անահիտ Բախշյանի վստահության մանդատը:

Քննարկվեց նաեւ «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Մովսես Արիստակեսյանի քայքայիչ գործունեությունը կուսակցության ներսում, կուսակցության ղեկավար մարմնի' վարչության բնականոն գործունեությունը սաբոտաժի ենթարկելու արատավոր գործելաոճը, կուսակցության անդամների հասցեին հերյուրանքներ տարածելու, «Ժառանգություն» կուսակցությանը վարկաբեկելու նրա ջանքերիը: Վարչությունը որոշեց հեռացնել Մովսես Արիստակեսյանին «Ժառանգություն» կուսակցության շարքերից:

Վարչությունը քննարկեց նաեւ Վարդան Խաչատրյանի գործունեությունը կուսակցության վարչության քաղաքական քարտուղարի պաշտոնում եւ գնահատեց այն անբավարար: Վարչությունը քննարկեց նաեւ Վարդան Խաչատրյանի գործողությունները' կապված կուսակցությունը պառակտելու փորձերի, այլ կուսակցությունների ձեւավորմանն անձամբ եւ առանց կուսակցության լիազորման մասնակցելու եւ այդ գործընթացին «Ժառանգության» այլ անդամներին մասնակից դարձնելու փորձերի, ներկուսակցական կարգապահությունը մշտապես եւ միտումնավոր խախտելու, կուսակցության ղեկավար մարմնի' վարչության բնականոն գործունեությունը սաբոտաժի ենթարկելու արատավոր գործելաոճի, առանց կուսակցության լիազորման եւ կուսակցության անունից այլ քաղաքական ուժերի ղեկավար մարմինների նիստերին մասնակցելու, նրանց ղեկավար անձանց հետ միանձնյա բանակցություններ վարելու մեջ: Վարչությունը միաձայն որոշեց հեռացնել Վարդան Խաչատրյանին «Ժառանգություն» կուսակցության շարքերից:

Կուսակցության վարչությունը նաեւ քննարկեց ԿԸՀ-ում «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանի' դեռեւս նախորդ նիստում ներկայացրած հաշվետվությունը 2007թ. ի վեր իր իրականացրած գործունեության վերաբերյալ, ինչպես նաեւ Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում վարչության կողմից իրեն վստահված լիազորությունների իրացման ընթացքը: «Ժառանգություն» կուսակցության վարչությունը անբավարար գնահատեց Զոյա Թադեւոսյանի աշխատանքը իր զբաղեցրած պաշտոնում, մասնավորապես' ընտրական հանձնաժողովներում «Ժառանգություն» կուսակցության տեղերով հանձնաժողովների նոր անդամների լիցենզավորման եւ վերապատրաստման գործընթացի կազմակերպման հարցում, բացասական գնահատական տվեց նաև Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում վարչության կողմից իրեն տրված հանձնարարության կատարման արդյունքներին եւ իրեն վստահված լիազորությունների իրացման շրջանակներում դրսեւորած գործելաոճին: Վարչությունը նաեւ քննարկեց Զոյա Թադեւոսյանի վարքագիծը' կապված կուսակցության կարեւորագույն որոշումների ընդունման ընթացքում այլ քաղաքական ուժերի ազդեցությանը եւ շանտաժին նպաստելու, վերջապես' ղեկավար մարմնի' վարչության բնականոն գործունեությունը սաբոտաժի ենթարկելու արատավոր գործելաոճի հետ: Վարչությունը որոշեց հեռացնել Զոյա Թադեւոսյանին «Ժառանգություն» կուսակցության շարքերից:

Վարչությունն իր մեկ այլ որոշմամբ կուսակցության շարքերից հեռացրեց կուակցության ևս երեք անդամների, որոնք մասնակից են եղել կուսակցության 2008թ. համագումարի ընթացքում վարչության ընտրությունները կեղծելու փորձի մեջ, ապա ստանալով մեղմ պատիժ' մասնակցել են ներկուսակցական խժդժությունների հրահրման մեջ:

Վարչությունը քննարկեց նաեւ Անահիտ Բախշյանի հրաժարականի դիմումը և բավարարեց այն: Անահիտ Բախշյանի առաջարկությամբ վարչության նախագահի պաշտոնում միաձայն ընտրվեց Արմեն Մարտիրոսյանը: Վարչության փոխնախագահ ընտրվեց Ռաֆիկ Հակոբյանը:

Կուսակցության վարչությունը վերահաստատեց իր հավանությունը Րաֆֆի Հովհաննիսյանի' դեռ սույն թվականի հունիսի 6-ին արված կոչին' ուղղված ընդդիմադիր երեք քաղաքական ուժերին' սկսել խորհրդակցություններ հետագա համատեղ գործողությունների վերաբերյալ, ինչպես եւ ս.թ. հունիսի 23-ին կուսակցության արած առաջարկն ուղղված ՀԱԿ-ին եւ ՀՅԴ-ին' ներկայացուցիչներ գործուղել կլոր սեղանի շուրջ համատեղ խորհրդակցություններ սկսելու նպատակով: Իր առաջարկն առավել առարկայական դարձնելու նպատակով վարչությունը որոշեց լիազորել վարչության նախագահին ՀԱԿ-ից եւ/կամ ՀՅԴ-ից դրական պատասխան ստանալու դեպքում նշանակել «Ժառանգության» անունից երեք բանագնացների այդ խորհրդակցություններին մասնակցելու նպատակով:

Այս խորագրի վերջին նյութերը