Լրահոս

05.09.2014 14:48


ՄԱԿ-ում ՀՀ դեսպանի ելույթը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի նստաշրջանում

ՄԱԿ-ում ՀՀ դեսպանի ելույթը  ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի նստաշրջանում

Այս շաբաթ ՄԱԿ-ի կենտրոնակայանում գումարված կազմակերպության Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) և Ծրագրերի իրականացման գրասենյակի (ՄԱԾԻԳ) գործադիր խորհրդի 2014թ. երկրորդ պարբերական նստաշրջանին մասնակցեց ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը: ՀՀ ԱԳՆ–ից հայտնում են, որ իր ելույթում դեսպան Մնացականյանը կարևորեց ՄԱԶԾ և մյուս գործակալությունների ներդրումը` 2015թ.-ից հետո զարգացման օրակարգի մշակման գործում։ Ընդգծելով ընթացիկ տարվա կարևորությունը ՄԱԶԾ և ՄԱԲՀ նոր ռազմավարական ու գլոբալ ծրագրերի իրականացման մեկնարկի տեսանկյունից՝ նա անդրադարձավ հիշյալ գործակալությունների ֆինանսական աղբյուրներին և դրանց բազմազանեցման հարցին։

Գնահատելով աշխարհի բազմաթիվ երկրներում ՄԱԿ-ի ռեզիդենտ համակարգող հանդիսացող ՄԱԶԾ առանձնահատուկ դերը` ՀՀ դեսպանը կարևորեց ներկայումս գործակալության կողմից Հայաստանում իրականացվող զարգացման զանազան ծրագրերը և հույս հայտնեց, որ ՄԱԶԾ հայաստանյան հաջորդ ծրագիրը (2016-2020թթ.) լիարժեքորեն կարտացոլի ՄԱԶԾ զարգացման արդյունքների գնահատման զեկույցի և ազգային խորհրդակցությունների արդյունքներն ու առաջարկները` համահունչ Հայաստանի ազգային գերակայություններին և «հետ-2015-յան ձևավորվող օրակարգին»։
Այնուհետև դեսպան Մնացականյանը ողջունեց ՄԱԶԾ կառավարչի որոշումը` այցելելու Հայաստան, հայտնեց ՀՀ կառավարության պատրաստակամությունը` առավել խթանելու Ծրագրի հետ հաջողված գործընկերությունն ու արդյունավետ համագործակցությունը` կարևորելով ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի և կենտրոնակայանի միջև ուղիղ կապի ամրապնդումը։

Գործադիր խորհրդի նստաշրջանին զուգահեռ տեղի ունեցած հանդիպումներում ՄԱԲՀ կողմից բարձր է գնահատվել խնդիրները բացահայտելու, դրանց արագ արձագանքելու և երկարաժամկետ լուծումներ գտնելու Հայաստանի ջանքերը:

Այս խորագրի վերջին նյութերը