Աշխարհ

05.09.2014 21:40


ՆԱՏՕ-ի գագաթաժողով. «Դաշինքն աջակցում է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությանը»

ՆԱՏՕ-ի գագաթաժողով. «Դաշինքն աջակցում է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությանը»

Ուելսում սեպտեմբերի 4-5-ը կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովը հռչակագիր է ընդունել, որում, մասնավորապես, անդրադարձ է արվել նաև արցախյան հակամարտության կարգավորման ուղենիշներին:

Ուշագրավ է, որ ԼՂ հակամարտությանը վերաբերող հատվածը ներկայացված է «Ռուսաստանի կողմից Ղրիմի օկուպացիայի» ենթաբաժնում:

«Ղրիմի ապօրինի օկուպացիան և ռազմական ինտերվենցիան Ուկրաինայի արևելքում հիմնավոր մտահոգություններ են առաջացրել Արևելյան Եվրոպայի և ՆԱՏՕ-ի այլ գործընկերների շրջանում: Դաշնակիցները կշարունակեն աջակցել գործընկերներին՝ պաշտպանելու իրենց իրավունքը արտաքին քաղաքականության ոլորտում ինքնուրույն ընտրություն կատարելու հարցում, ինչն ազատ կլինի արտաքին ճնշումներիից և պարտադրանքից: Դաշինքի անդամները նախկինի պես աջակցում են Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությանը, անկախությանն ու ինքնիշխանությանը», - ասվում է հռչակագրի մեջ:

Ընդունված փաստաթղթում ասվում է, որ Հարավային Կովկասում և Մոլդովայում հիմնախնդիրների խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը պետք է հիմնվեն նշված սկզբունքների և միջազգային իրավական նորմերի, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության ու Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա:

«Նշյալ հակամարտությունների առկայությունն առանձնահատուկ մտահոգիչ է, քանի որ դրանք խոչընդոտում են տարածաշրջանի ժողովուրդների ներուժի դրսևորմանը: Բոլոր կողմերին կոչ ենք անում կառուցողական ուժեղ քաղաքական կամք դրսևորելով` մասնակցել հակամարտությունների խաղաղ կարգավորմանը գոյություն ունեցող բանակցային ձևաչափերի շրջանակում», – ասված է ՆԱՏՕ-ի հռչակագրում:

Այս խորագրի վերջին նյութերը