Լրահոս

08.09.2014 13:08


Քաղաքագետ. «ՆԱՏՕ–ի գագաթաժողովը մեզ որևէ դրական արդյունք չտվեց»

Քաղաքագետ. «ՆԱՏՕ–ի գագաթաժողովը մեզ որևէ դրական արդյունք չտվեց»

Այսօրվա ասուլիսին քաղաքագետ Երվանդ Բոզոյանը մեկնաբանելով Ուելսում ՆԱՏՕ–ի գագաթաժողովի արդյունքները՝ ասել է. «ՆԱՏՕ–ի գագաթաժողովը, ցավոք սրտի, մեզ որևէ դրական արդյունք չտվեց։ Այսինքն, այն ակնկալիքը, որ այս գագաթաժողովում գոնե պետք է Լեռնային Ղարաբաղի մասով շեշտադրումներ լինեին, ցավոք, չիրագործվեց։ ՆԱՏՕ–ի գագաթաժողովը հիմնականում վերաբերում էր Ուկրաինայում և Հյուսիսային Իրաքում ընթացող գործընթացներին։ Այսինքն, ՆԱՏՕ–ին հետաքրքրում էր այդ երկու տարածաշրջանը, և մնացածների վերաբերյալ կար բավական անտարբեր վերաբերմունք, և, ցավալիորեն, Լեռնային Ղարաբաղի հարցում, ըստ էության բանաձևն էական փոփոխություն չկրեց։ Փաստորեն, շեշտվեց տարածքային ամբողջականության կարևորությունը Հարավային Կովկասի երկրների և Մոլդովայի, և շեշտվեց, որ այդ վեճերը պետք է լուծվեն միջազգային նորմերի համաձայն, այսինքն՝ ՆԱՏՕ–ին հետաքրքրում էր ոչ այնքան այդ երկրների խնդիրները բացելը, որքան այդ խնդիրների հարաբերությունը Ռուսաստանի հետ»։

Նա նաև նշել է, որ մեր համար ընդունվել է ոչ բարենպաստ բանաձև, որտեղ կար Հարավային Կովկասի երկրների տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը, և բացակայում էր ազգերի ինքնորոշման մասին կարևորության սկզբունքը։

Քաղաքագետը շեշտել է, որ Մինսկի խմբի համանախագահների կողմից միշտ նշվել է ազգերի ինքնորոշման սկզբունքը, և ՆԱՏՕ–ի ընդունած բանաձևը տարբերվում է ՄԽ համանախագահների պարբերական հայտարարություններից։

Ըստ քաղաքագետի՝ ազդեցիկ կառույցների կողմից նման բանաձևեր ընդունելը մտահոգիչ է Հայաստանի համար. «Նույնն ընդունվեց նաև ԵԽԽՎ–ի ժամանակ։ Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որ նման բանաձևեր չընդունվեն, որովհետև, եթե այդպիսի բանաձևեր ընդունվում են ՄԱԿ–ի, ՆԱՏՕ–ի, Եվրախորհրդարանի, Իսլամական կոնֆերանսի մակարդակով, դա սկսում է միջազգային կառույցներում նոր մթնոլորտ ձևավորել։ Այդ մթնոլորտը, ի վերջո, կարող է ազդել նաև Մինսկի խմբի աշխատանքի վրա. ըստ էության, այդ կառույցների բանաձևերը վտանգավոր են նոր մթնոլորտ ձևավորելու իմաստով։ Եվ տեղ են տալիս ադրբեջանցիներին, որպեսզի վերջիններն անընդհատ դնեն այն խնդիրը, որ Մինսկի խումբը պետք է ավելի կոշտ դիրքորոշում ունենա Հայաստանի նկատմամբ և այլն, և այլն»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը