Մեկնաբանություն

08.09.2014 16:29


Ինչո՞ւ է տագնապ հայտարարվել ՀՀԿ–ում

Ինչո՞ւ է տագնապ հայտարարվել ՀՀԿ–ում

Քաղաքական որեւէ սեզոնից առաջ երբեք Սերժ Սարգսյանը կուսակցական հավաք չի արել եւ ելույթով հանդես չի եկել:

Քաղաքական նոր սեզոնի մեկնարկը նա առաջին անգամ կարևորեց անցած շաբաթ օրը, երբ կուսակիցներին հավաքեց քով քովի՝ հրավիրելով նախ ՀՀԿ ԳՄ նիստ, իսկ հետո՝ խորհրդի նիստ: Եվ այն էլ վերջինի անցկացման վայր ընտրելով Կառավարության նիստերի դահլիճը (սեփական կուսակցությունը նույնացնելով պետական բարձրագույն մարմիններից մեկի հետ):

Երկու հավաքներն ու Կառավարության նիստերի դահլիճում Սերժ Սարգսյանի՝ թեկուզ տնավարի արտասանած ճառը մի տեսակ տագնապ հայտարարելու տպավորություն են թողնում:

Ակնհայտ է՝ ՀՀԿ առաջնորդին անհանգստացնում է երկու հանգամանք:

Առաջին՝ ոչիշխանական կուսակցությունները ներկայացնող «քառյակի» 12 պահանջների կատարման մասով իշխանությանը տրված վերջնաժամկետը, որը լրանում է սեպտեմբերի 30-ին:

Երկրորդ՝ սահմանադրական փոփոխությունների գործընթացի շուրջ հասարակական անբարենպաստ տրամադրությունները կամ տրամադրությունների բացակայությունը, քանզի հանրության գերակշիռ մասին ոչ թե սահմանադրական փոփոխություններն են հետաքրքրում, այլ իրենց կյանքը բարելավելուն ուղղված փոփոխությունները, որոնք այդպես էլ տեղի չեն ունենում արդեն վեց տարի: Եվ, բացի այդ, քաղաքական լուրջ ուժերն էլ դեմ են արտահայտվել փոփոխություններին։

Ահա այս խնդիրներով է թերեւս պայմանավորված Սերժ Սարգսյանի՝ այս քաղաքական աշունը կարեւորելու եւ դրա մեկնարկից առաջ «արտակարգ զորակոչ» հայտարարելու անսպասելի նախաձեռնությունը:

Պատահական չէ, որ նա խորհրդարանը համարում է կռվի դաշտ ու խրամատ, իսկ ՀՀԿ-ական պատգամավորներին՝ զինվորներ, որոնք պետք է կրակեն:

Բացառապես անձնական խնդիրների լուծմամբ զբաղվող եւ ժողովրդի հոգս ու կարիքների վրա թքած ունեցող ՀՀԿ վերնախավի անդամներին «մարտական պատրաստականության» եւ անհրաժեշտ պահին կրակելու հրահանգ տվող ՀՀԿ առաջնորդը գիտե, թե ինչ է անում:

Երկիրը ձեռից գնում է, եւ եթե հիմա էլ նա հապաղի ու աչք փակի դասալքությամբ փայլող սեփական «զինվորների» վարքագծի վրա, ովքեր հարկավոր պահին չեն կրակում, հակառակը՝ սեփական խնդիրներ լուծելու «աշխարհացունց» գործով են շարունակելու զբաղվել, ապա իր «հազարավոր ծրագրերը» կձախողվեն, ինչպես ձախողվել են անցած տարիներին՝ վնասելով պետությանն ու ժողովրդին:

Ամենազավեշտալին, անշուշտ, Կառավարության նիստերի դահլիճի ամբիոնից սեփական «զինվորներին» տարրական բաներ բացատրելն էր, ինչն արեց Սերժ Սարգսյանը: Այն, որ պետք է ԱԺ նիստերից չբացակայել, պետք է բարեխղճորեն լծվել օրենսդրական գործունեությանը, պետք է խրամատը չլքել ու ճիշտ ժամանակին կրակել: Այսինքն, բառադիության ու անպատասխանատվության այնպիսի վարքագիծ է նկատել, որ ստիպված է «զինվորներին» վերստին հիշեցնել ստացած մանդատի շրջանակում ստանձնած պարտավորությունները:

Այնուհանդերձ, իրեն շա՜տ հանդուրժողական մարդ համարող եւ ընդդիմախոսների գլխին շարունակ կառուցողականության քարոզ կարդացող Սերժ Սարգսյանի համեմատությունը հակասում է իր իսկ «ոգուն» ու «գործելակերպին»:

Մի կողմից նա համարում է, որ իր հետ վերջնագրերի լեզվով չպետք է խոսել, մյուս կողմից՝ հենց ինքն է խորհրդարանն ընկալում իբրեւ կռվի դաշտ ու խրամատ:

Թեպետ, արդեն ձեւեր թափելու ժամանակն անցել է: Այսօր Սերժ Սարգսյանի իդեա-ֆիքսը՝ սահմանադրական փոփոխությունների իրականացման գործընթացը, վտանգված է, եւ դա ինքն էլ է շատ լավ տեսնում ու զգում:

Այս պարագայում ոչ միայն «հասարակական համաձայության», այլեւ ընդդիմության հետ փոխհամաձայնության հասնելու շանսերը չափազանց մշուշոտ են, եթե չասենք՝ զրոյական:

Ուրեմն, ժամանակն է նետվել կռվի դաշտ եւ ոչ մի դեպքում չլքել խրամատը:

Այլ խոսքով՝ «տոկոս խփելն» այլեւս բավարար չէ. պետք է նաեւ «կրակել»: Սա՛ էր Սերժ Սարգսյանի հիմնական ասելիքը։

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը