Լրահոս

09.09.2014 13:30


Նախարարությունից պնդում են՝ հորը սպանած տղան երբևէ Սևանի հոգեբուժարանում չի բուժվել

Նախարարությունից պնդում են՝ հորը սպանած տղան երբևէ Սևանի հոգեբուժարանում չի բուժվել

«Մարալիկում տղայի կողմից հորը դանակահարությամբ սպանելու դեպքի կապակցությամբ Էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկատվության առթիվ տեղեկացնում ենք, որ հայրը` Հարություն Վարդևանյանը Սևանի հոգեբուժական հիվանդանոցում բուժում է ստացել 1992 թվականից։ 2003-ի հունվարին դուրս է գրվել և նույն ամսին կրկին ընդունվել հիվանդանոց մինչև 2014թ. սեպտեմբերի 5-ը։

Սեպտեմբերի 5-ին Հարություն Վարդևանյանը գրավոր դիմել է հիվանդանոցի ղեկավարությանը` թոշակավորման և անձնագրի հետ կապված հարցերը լուծելու նպատակով իրեն դուրս գրելու խնդրանքով։ Քանի որ, համաձայն գործող օրենքի` բուժհաստատությունը հիվանդի կամքին հակառակ նրան հիվանդանոցում բուժելու իրավունք չունի, կազմակերպվել է մասնագիտական կոնսիլիում։ Բժշկական եզրակացությամբ Հարություն Վարդևանյանի հոգեկան վիճակը գնահատվել է նորմալ, շրջապատի համար ոչ վտանգավոր։ Ունեցել է ֆիզիկական որոշ թուլություն։ Հիվանդը պարտավորվել է նշանակված դեղորայքը կանոնավոր ընդունել։ Ի դեպ, մինչ դուրս գրումը Հարություն Վարդևանյանը սրտային որոշ խնդիրներ ունենալու (տախիկարդիա) պատճառով ուղեգրվել է Սևանի բժշկական կենտրոն, ուր բուժում է ստացել սեպտեմբերի 2-4-ը։

Սեպտեմբերի 5-ին Հարություն Վարդևանյանին տուն են տեղափոխել հոգեբուժարանի մեքենայով։

Տեղեկացնենք, որ հարազատերը` քույրը, տղան, աղջիկը և նրա ամուսինը, վերջին անգամ հիվանդին այցելել են 2013թ. նոյեմբերի 11-ին։

Ինչ վերաբերում է սպանությունը կատարած տղային, ապա նա երբևէ Սևանի հոգեբուժարանում չի բուժվել»,–հայտնում են Առողջապահության նախարարությունից։ Նշենք, սակայն որ ՀՀ ոստիկանության հաղորդագրության համաձայն, սպանություն կատարած անձը տևական ժամանակ բուժվել է հոգեբուժարանում։

Այս խորագրի վերջին նյութերը