Լրահոս

09.09.2014 15:49


Վրաստանում թարմացվել են պետական լեզվի մասին օրենքի քննարկումները

Վրաստանում թարմացվել են պետական լեզվի մասին օրենքի քննարկումները

Ուղիղ մեկ տարի անց, ինչ Վրաստանում աղմուկ բարձրացավ «պետական լեզվի մասին» օրինագծի շուրջ, Խորհրդարանը նորից վերադարձել է տվյալ օրենսդրական նախագծին: Ինչպես մեկ տարի առաջ, պետությունը, որի քաղաքացիների 83.8% տոկոսը վրացիներ են կազմում, և համապատասխանաբար խոսում են վրացերեն, նորից հայտարարում է այն մասին, որ Վրաստանում վրացերեն լեզվին վտանգ է սպառնում և անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել` ստեղծել երաշխիքներ և մեխանիզմներ նրա պաշտպանության համար:

Նոր օրինագիծն արդեն մտել է Խորհրդարան, իսկ նրա քննարկումը օրենսդրական մարմնի պլենար նիստի ընթացքում նշանակված է հոկտեմբերի 1-ին: Խորհրդարան մտնելու պահից ի վեր օրինագծի տեքստը հասանելի է դարձել լայնամասշտաբ հանրության համար: Եվ հիմա քաղաքացիները կարող են ծանոթանալ նրա բովանդակությանը, իսկ անհրաժեշտության դեպքում իրենց դիրքորոշումն արտահայտել տվյալ օրինագծի վերաբերյալ:

Ելնելով այն բանից, որ տվյալ օրինագծի քննարկումը Խորհրդարանում կարող է առաջին պլան մղել երկրի լեզվաբանական և ազգային փոքրամասնությունների իրավունքներին և ազատությանը վերաբերող կենսականորեն կարևոր հարցեր, առաջին հերթին առաջարկում ենք հարգելի ընթերցողին ծանոթանալ«պետական լեզվի մասին» օրինագծի բովանդակությանը և նրան կցված փաստաթղթերին:

Հարկ է նշել, որ կարդալով նոր օրինագիծը, մի քանի տեղ հանդիպում է «ոչ պետական լեզու» եզրույթը: Տվյալ եզրույթն արդեն ունի նոր բացատրություն. «ոչ պետական լեզուն ցանկացած այլ լեզուն է, բացի պետականից, որից օգտագործում են անձնական կամ հասարակական կյանքում Վրաստանի քաղաքացիները և երկրի տարածքում ապրող այլ անձինք»: Մինչդեռ հենց այստեղ հարկ է նշել, որ օրինագծի որևէ կետում չի նշվում որևէ երաշխիքի կամ մեխանիզմի մասին, որը կպաշտպանի կամ կաջակցի տվյալ «ոչ պետական լեզվին»:

Օրինագիծն ունի 16 էջ, որոնք կարդալով այնպիսի կարծիք է ձևավորվում, որ օրինագծի հեղինակները նրա ստեղծման աշխատանքի ժամանակ բացարձակապես ոչինչ չեն իմացել կամ մոռացել են Վրաստանի կողմից Եվրախորհրդի առջև վերցված պարտականությունների մասին: Իսկ պարտականությունները կայանում են նրանում, որ Վրաստանի պետությունը պարտավոր է հետևել ազգային փոքրամասնությունների, այդ թվում նաև երկրի շրջաններում կոմպակտ բնակեցված, ազատությանը և իրավունքներին, և պարտավոր է ապահովել փոքրամասնությունների լեզուների զարգացումն ու պահպանումը:
Հարգելի ընթերցողին ենք ներկայացնում նոր օրինագծից մի քանի կետ.

«Ոչ պետական լեզվի օգտագործումը ազատ է այն դեպքում, եթե դրանով չի խախտվում պետական լեզվի կարգավիճակը»:

«Վրաստանի տարածաշրջանում գոյություն ունեցող ոչ պետական-լեզվական ուսումնական հաստատությունները պարտավոր են առաջարկել իրենց աշակերտ-ուսանողներին պետական լեզվի հատուկ դասընթաց (ըստ ցանկության)»:
«Վրաստանի բոլոր քաղաքացիները պարտավոր են հաղորդակցվել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ պետական լեզվով, բացի օրենքով հաստատված սահմանափակումներից»:
«Պետական և տեղական մարմինների իշխանության գործունեությունը անցկացվում է պետական լեզվով, բացի օրենքով հաստատված սահմանափակումներից»:
Եվ նման կետերով, որոնց միակ նպատակն է երկրի քաղաքացիների կյանքի բոլոր մակարդակներում ապացուցել և հաստատել վրաց լեզվի առավելությունն ու գերակայությունը, լի է նոր օրինագիծը:
Չնայած որ օրինագծի նախաձեռնողը` Կրթության հարցերով խորհրդարանական հանձնաժողովը, պնդում է, որ տվյալ փաստաթուղթը չի պարունակում ռեպրեսիվ կանոններ, յուրաքանչյուր ցանկացող շատ հեշտությամբ կարող է համոզվել, որ հանձնաժողովն այնքան էլ անկեղծ չէ: Օրինագծում հստակորեն գրված է, որ տվյալ օրենքի խախտման դեպքում (եթե, իհարկե, տվյալ փաստաթուղթը երբևէ դառնա օրենք), խախտողը` ֆիզիկական, թե իրավաբանական անձ, կտուգանվի: Տուգանքի չափը տատանվում է 100-1000 լարիի միջև:
«Երկրի ցանկացած քաղաքացու իրավունքն է պետությունից պայմաններ պահանջել պետական լեզվի զարգացման, ուսուցանման և պաշտպանման համար», -ասված է օրինագծի 9-րդ հոդվածում: Մինչդեռ հենց այստեղ հարց է առաջանում. կարո՞ղ է արդյոք պետությունը ապահովել այդ օրենքի հետևումը այն դեպքում, եթե երկրի` վարցերենին տիրապետելու հետ որոշակի խնդիրներ ունեցող քաղաքացիները, Կառավարությունից պահանջեն սովորեցնել իրենց պետական լեզուն: Դժվար է պատկերացնել, թե ինչպես կհաղթահարի պետությունը նման կոչերը: Հատկապես հաշվի առնելով, որ «օրինագծի ընդունումը պետության համար չի ստեղծի լրացուցիչ ֆինանսական պարտականություններ:»
Հետաքրքիր է ևս մեկ փաստ: Օրինագծի հեղինակները, փաստացիորեն, ուղղակի տեքստով խոստովանել են, որ Վրաստանում ոչ վրացի բնակչության նկատմամբ իրականացվում է Ապարտեիդ:
«Խորհրդային իշխանության տարիներին շրջանների բոլոր բնակիչները կարողանում էին ազատ շփվել վրացերենով: Մինչդեռ 90-ականներից հետո, զգալիորեն կտրվեցին շրջանների միջև տնտեսական և մշակութային կապերը, ապաինտեգրացիոն գործընթացները շատ խորացան: Մեծացան սենունդներ, որոնք բացարձակապես չեն տիրապետում պետական լեզվին: Այսինքն զրկված են իրենց իսկ քաղաքացիական իրավունքից օգտվելուց:
Տվյալ խնդիրն ունի լուծման երկու ճանապարհ. Կա´մ պետք է վարել քաղաքացիական մերձեցմանն ուղղված և օտարման ու ապաինտեգրման հետևանքները շտկելու քաղաքականություն, կա´մ պետք է շարունակվի մինչ օրս ստեղծված իրավիճակը` մշակութային Ապարտեիդի ռեժիմը (որը, գուցե, նպատակաուղղված քաղաքականություն չէ, մինչդեռ ազդում է քաղաքացիների կյանքի վրա)», -ասված է երկրի Խորհրդարանում գրանցված օրինագծին կցված Բացատրական Ետգրությունում:
...
Այստեղ իսկ ակամայից մտաբերում ես աշխարհում և հարևանությամբ գտնվող տարածաշրջանում ստեղծված իրավիճակը… Բավական է հիշել Արևելյան Ուկրաինայում իրադարձությունների զարգացման ընթացքը, կամ սեպտեմբերի 18-ին նշանակված ռեֆերենդումը` Շոտլանդիայի դուրս գալու հարցը Մեծ Բրիտանիայի կազմից, և միանգամից պարզ է դառնում, թե ինչքան անտեղի է այսօր Վրաստանի Խորհրդարանում նման օրինագծի քննարկման նախաձեռնությունը: Հատկապես այն բանի հաշվառմամբ, որ երկրի քաղաքացիների մի մասը մինչ օրս հիմնավորված հայտարարում է, որ պետությունը չի կատարում իր պարտականությունները և չի պաշտպանում քաղաքացիների Սահմանադրական իրավունքները:

Վրաստանի Հայ Համայնք

Այս խորագրի վերջին նյութերը