Մեկնաբանություն

09.09.2014 16:45


Ումի՞ց և ինչո՞ւ է դժգոհում Էդվարդ Նալբանդյանը

Ումի՞ց և ինչո՞ւ է դժգոհում Էդվարդ Նալբանդյանը

Հայաստանի և Ավստրիայի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ Ուելսում տեղի ունեցած ՆԱՏՕ–ի գագաթաժողովում ընդունված փաստաթղթի այն դրույթում, որն առնչվում է Հարավային Կովկասում և Մոլդովայում հակամարտությունների կարգավորմանը, ներառվել են ընդհանրացված ձևակերպումներ, որոնք չեն համապատասխանում ԵԱՀԿ համանախագահների վերջին տարիներին հնչեցրած առաջարկներին և մոտեցումներին։

ՀՀ արտգործնախարարը նշել է, որ դա վնաս է հասցնում բանակցային գործընթացին՝ հավելելով. «Ընտրովի մոտեցումը միջազգային իրավունքի սկզբունքներին հակասում է նաև ՄԱԿ կանոնադրությանն ու Հելսինկիի եզրափակիչ ակտին»։

Սա այն դեպքերից է, երբ դժվար է Նալբանդյանի հետ չհամաձայնելը։ ՆԱՏՕ–ն իրոք մեզ համար անցանկալի շեշտադրումներով ու ձևակերպումներով որոշում է ընդունել։ Բայց այս ամենի համար Նալբանդյանը պետք է ոչ թե «մուննաթ» գա այլոց վրա, այլ «նախաձեռնողականության» մեջ փնտրի բոլոր այն բացասական գործընթացների ակունքները, որոնք Հայաստանի շահերի դեմ են։

ՆԱՏՕ–ի ընդունած բանաձևն, ի դեպ, ամենամեծ վնասը չէր։ Մինչ այդ եղել են ավելի սարսափելի ու ավելի վտանգավոր բաներ, որոնք ուղղակի կամ անուղղակի հետևանք են «ֆուտբոլային» դիվանագիտության, «արևմտամետության» և «ռուսամոլության»։

«Ֆուտբոլային» դիվանագիտության արդյունքում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը կանգ առավ, հայ–թուրքական դիվանագիտական հարաբերությունները ոչ միայն չհաստատվեցին, այլ ավելի լարվեցին, հայ–թուրքական սահմանը ոչ միայն չբացվեց, այլ ավելի մեծ փակի տակ մնաց։ Բացի այդ՝ Թուրքիան, օգտվելով պաշտոնական Երևանի կոպիտ սխալից, լեգիտիմ հնարավորություն ստացավ՝ մխրճվելու Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթաց։

Սերժ Սարգսյանի «արևմտամետ» քաղաքականության արդյունքները ոչ պակաս տպավորիչ են։ ՌԴ ռազմաբազաների տեղակայումը Հայաստանում երկարաձգվեց կես դարով, «Գազպրոմին» անցավ «Հայռուսգազարդի» հայկական բաժնեմասը, ի հայտ եկավ 300 միլիոն դոլար պարտք։ Իսկ որ ամենավտանգավորն է՝ «եվրաասոցացվող» Հայաստանը նպաստեց ՌԴ–ի ու Ադրբեջանի հարաբերությունների բարելավմանը, ինչի արդյունքում Կրեմլը 700 միլիոն դոլարի հարձակողական զենք վաճառեց Բաքվին, ինչպես նաև 4 միլիարդ դոլարի ռազմաքաղաքական պայմանագիր կնքեց նույն Բաքվի հետ։

Բաղրամյան 26–ում շատ ուշ հասկացան իրենց քայլերի ողջ վտանգավորությունը և ստիպված էին վիճակը շտկելու փորձ անել Գյուլիստանի պայմանագրի դրույթները մեկիկ–մեկիկ հիշելու և դրանց հավատարմության երդումներ տալու միջոցով, բայց դե...

Պետք է առանձնահատուկ ընդգծել, որ ԵՄ–ի հետ ասոցացման գործընթացի վերջնարդյունքը հարվածեց Հայաստանի միջազգային իմիջին ինչպես Արևմուտքում, այնպես էլ ՌԴ–ում։ Պատահական չէ, որ ՆԱՏՕ–ում նման որոշումներ են ընդունում։

Այնպես որ, Նալբանդյանը սխալ ձևաչափ ու հասցեատեր է ընտրել իր դարդերը պատմելու համար։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը