Մեկնաբանություն

10.09.2014 15:50


Բ26–ն ընդդեմ՝ Սահմանադրության 50-րդ հոդվածի

Բ26–ն ընդդեմ՝ Սահմանադրության 50-րդ հոդվածի

Շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանում Սահմանադրությունն ամբողջ ծավալով չի գործում։ Այդպես էլ կա։ Բայց փոխարենն այնպես անել, որ գործի՝ առաջարկվող սահմանադրական փոփոխություններով փորձ է արվում վերջնականապես հարվածել հասարակական հարաբերությունների սահմանադրականությանը։

Իրերը պետք է կոչել իրենց անուններով։ Մեզ հրամցվում է ոչ թե սահմանադրական փոփոխություն, այլ Սահմանադրության վերացման հայեցակարգ։

Գործող Սահմանադրությունն այն խոչընդոտն է, որը թույլ չի տալիս Հայաստանում միջինասիական կամ Մերձավոր արևելքի մահմեդական մի շարք երկրներին ներհատուկ քաղաքական կարգեր հաստատել։

ՀՀ սահմանադրության 50–րդ հոդվածի երրորդ մասի համաձայն՝ նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հանրապետության Նախագահի պաշտոնում: Ահա այդ հոդվածի դեմ է պայքարում Սերժ Սարգսյանը՝ առաջարկելով սահմանադրական փոփոխություններ։ Ասել է թե՝ Սահմանադրությունն ու կառավարման կարգը փոխում են, քանզի մեր Սահմանադրությունն իշխանական հարաբերությունների մակարդակում սկսել է գործել։ Մայր օրենքը թույլ չի տալիս իշխանության լճացում և մեկ անձի ցմահ իշխանություն։ Ահա այդ լճացման և մեկ անձի օգտին են քարոզում փոփոխության կողմնակիցները։

Նրանք, ովքեր դեմ են Սահմանադրության 50–րդ հոդվածին, և կողմ են, որպեսզի Սերժ Սարգսյանը «գենսեկի» ու «պռեդսեդածելի» կարգավիճակով մնա իշխանական բուրգի գագաթին, քարոզում են սահմանադրական փոփոխություններ։ Այլ բան այստեղ չկա։ Մնացածը դեմագոգիա է։

ՀՀԿ ղեկավարը վերացրել է իր իշխանության երկարաձգմանը խոչընդոտող գրեթե բոլոր արգելքները, բայց կանգնել է սահմանադրական պատի առաջ։ Պատ, որը նրան թույլ չի տալիս գնալ երրորդ ժամկետի։

Բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով ՀՀԿ ղեկավարը չունի քաղաքական ժառանգորդ։ Սահմանադրության վերը նշված հոդվածն էլ արգելում է նրան գնալ երրորդ ժամկետի։ Դա է պատճառը, որ նա որոշել է պետական կառավարման մոդելի փոփոխությամբ ապահովել իր վերարտադրությունը։

Մեզ իրականում առաջարկվում է համայնավարական համակարգ, որի պայմաններում պետության ղեկավարի կարգավիճակում հայտնված «գենսեկը» կունենա անսահմանափակ լիազորություններ և զրո պատասխանատվություն (առաջարկվող փոփոխություններով նախագահին վերապահված են «մեխի գլխի», իսկ վարչապետին՝ «քավության նոխազի» գործառույթները)։

Եվ այսպես, բոլոր այն կազմակերպություններն ու անհատները (անկախ իրենց քաղաքական հայացքներից ու համակրանք–հակակրանքներից), որոնք կողմ են սահմանադրական կարգ ունենալուն, պետք է դեմ արտահայտվեն փոփոխություններին, քանզի այդ փոփոխություններով հիմք է դրվում սահմանադրական կարգի վերացմանն ու միահեծան գիշերային որոշումներով կառավարվող պետության ստեղծմանը։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը