Լրահոս

10.09.2014 10:11


Ինքնասպանությունների 75%-ը բաժին է ընկնում աղքատ երկրներին

Ինքնասպանությունների 75%-ը բաժին է ընկնում աղքատ երկրներին

Սեպտեմբերի 10-ն Ինքնասպանությունների կանխարգելման օրն է։

Ամեն տարի ավելի քան 800.000 մարդ մահանում է ինքնասպանությունից, յուրաքանչյուր 40 վայրկյանը մեկ աշխարհում մեկ մարդ կյանքն ավարտում է ինքնասպանությամբ: Ինքնասպանությունների տարեկան թիվն ավելի շատ է, քան մարդասպանությունների և պատերազմների հետևանքով միասին վերցրած զոհերի թիվը:

2012թ. տվյալներով՝ աշխարհում 30-49 տարեկանների շրջանում ինքնասպանությունը մահվան հինգերերդ պատճառն է, իսկ 15-29 տարեկանների շրջանում՝ երկրորդը: Չափահաս մարդկանց շրջանում ինքնասպանության 20 փորձից մեկն ունենում է մահվան ելք: Ընդհանուր մահացության ցանկում ինքնասպանությունը կազմում է 1,4 տոկոս և 15-րդն է մահվան պատճառներում:

Հոգեկան խանգարումները, մասնավորապես` դեպրեսիան, ալկոհոլամոլությունը, բավական մեծ ռիսկի գործոն են Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում: Ասիական երկրներում ավելի նշանակալի գործոն է իմպուլսիվությունը: Ինքնասպանության բերող գործոնները համալիր են՝ հոգեբանական, սոցիալական, կենսաբանական, մշակութային և շրջակա միջավայրով պայմանավորված:

2003 թվականից Ինքնասպանությունների կանխարգելման միջազգային ասոցիացիայի կողմից սեպտեմբերի 10-ը հայտարարված է ինքնասպանությունների կանխարգելման օր: 2014 ի կարգախոսն է՝ ‘Suicide Prevention: One World Connected.’ «Ինքնասպանության կանխարգելում. հաղորդակցվող աշխարհ»։ Նպատակն է ցուց տալ, թե հաղորդակցումը որքան կարևոր է ինքնասպանությունների կանխարգելման գործում:

Ինքնասպանությունների 75 տոկոսը բաժին է ընկնում աղքատ երկրներին։ Միևնույն ժամանակ, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի ցուցանիշներն ամենավատն են եվրոպական երկրներում։ Նույնն է նաև ԱՄՆ-ում և Ավստրալիայում:

Ներկայումս ինքնասպանության ամենամեծ տարածվածություն ունեցող երկիրը Գայանան է (Հարավային Ամերիկա), 2-րդ և 3-րդ տեղերում Հյուսիսային և Հարավային Կորեաներն են։

Այս խորագրի վերջին նյութերը