Լրահոս

10.09.2014 17:27


ԵՀՄՖ-ի արձագանքը Հունաստանում հայերի և պոնտոսի հույների ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը

ԵՀՄՖ-ի արձագանքը Հունաստանում հայերի և պոնտոսի հույների ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը

Ձերդ գերազանցություն Հունաստանի Հանրապետության

Նախագահ Կարոլոս Պապուլիաս

Ձերդ գերազանցություն Հունաստանի Հանրապետության Խորհրդարանի Նախագահ Վանգելիս Մեյմարակիս

Ձերդ գերազանցություն Հունաստանի Հանրապետության

Վարչապետ Անտոնիս Սամարաս

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի Նախագահության անունից ի դեմս Ձեզ, մեր երախտագիտությունն ու շնորհակալությունն ենք հայտնում Հունաստանի Ժողովրդին` Հունաստանի Հանրապետության Խորհրդարանում հայերի և պոնտոսի հույների ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման առիթով, որով մեկ անգամ ևս փաստվեց և դատապարտվեց անցած դարասկզբին Թուրքիայում քրիստոնյա ժողովուրդների հանդեպ իրականացված ցեղասպանությունները:

Այդ քայլով Հունաստանը դարձավ ԵՄ երկրորդ երկիրը Սլովակիայից հետո, որն ընդունեց նմանատիպ օրենք և հույսով ենք, որ 1915-1923թթ Հայոց Ցեղասպանությունը ճանաչած եվրոմիության մնացած երկրների խորհրդարաններն ևս ոճիրի 100-ամյա տարելիցին ընդառաջ կհետևեն մարդկության դեմ գործած հանցագործության փաստի ժխտողականությունը դատապարտող օրենքների ընդունման օրինակին:

Առանձնակի հոգևոր բավարարություն է պատճառում այն հանգամանքը, երբ գործընթացի սկզբում «Այլատյացության դեմ պայքար» անունը կրող օրինագծում ձևակերպումները առավել ընդհանրական էին ներկայացված, սակայն հետագայում ցուցաբերվեց քաղաքական կամք և օրենքում հստակ նշվեց, որ խոսքը հայերի և պոնտոսի հույների ցեղասպանությունների մասին է: Վեց կետերից բաղկացած օրենքը նախատեսում է խստագույն պատիժներ` ընդհուպ բանտարկություն այն անձանց նկատմամբ, ովքեր դիտավորյալ կստորացնեն, կնվաստացնեն ու կժխտեն Հունաստանի խորհրդարանի կողմից ճանաչված ցեղասպանությունները:

Լիահույս ենք, որ հիմք ընդունելով հույն և հայ ժողովրուդների դարավոր բարեկամությունը և ճակատագրերի նմանությունը, հետագայում ևս մեր քաղաքական ղեկավարությունները միասնական կպայքարեն մարդկության դեմ գործած հանցագործությունների և արատավոր երևույթների դեմ` օրինակ ծառայելով այլ պետությունների համար:

ԵՀՄՖ Նախագահ

Դոկ. Աշոտ Գրիգորյան

Այս խորագրի վերջին նյութերը