Մեկնաբանություն

10.09.2014 17:50


Նիկոլի և Արամի ունքերն ու աչքերը

Նիկոլի և Արամի ունքերն ու աչքերը

«Թունդ ընդդիմադիրներ» Նիկոլ Փաշինյանն ու Արամ Սարգսյանը հայ ժողովրդին աչքով և ունքով հասկացնում են, որ մասնակցելու են 2018թ. նախագահական ընտրություններին և շռնդալից հաղթանակ են ապահովելու, կամ առնվազն պարտության չեն տանելու հանրությանը։

Նրանք համեստորեն նշում են, որ պատրաստ են դառնալ ընդդիմադիր դաշտի միասնական թեկնածուն։ Մեկն իր նպատակին հասնելու համար չի հրաժարվում պատգամավորական մանդատից և առաջարկում է բովանդակ հայությանը քաղաքացիական պայմանագիր կնքել իր հետ, իսկ մյուսը հրաժարվեց պատգամավորությունից և խոստացավ փողոցն ու հրապարակը գրավել, բայց իր տեղը գրավեց Բաղրամյան 26–ի խոսափող հանդիսացող «1in.am»–ի տաղավարում։

Տարբեր են Նիկոլի ու Արամի «թնդության» աստիճաններն ու «պայքարի» մարտավարությունները, բայց նրանք ունեն մեկ ընդհանրություն՝ հանդես գալ Սերժ Սարգսյանի ընդդիմախոսների դեմ։ Այլ կերպ ասած՝ սրանք Գեղամյանի ֆունկցիան են կատարում։ Բայց եթե Նիկոլին դեռ հաջողվում է հանրության մի փոքր՝ հնդկական սրտաճմլիկ կինո սիրող հատվածի վրա ինչ–որ տպավորություն թողնել, ապա Արամի մոտ վիճակը ծանր է։ Վերջինիս հիմա ուղարկել են «շտռաֆբատ» և ստիպել դհոլություն անել արդեն Սերժ Սարգսյանին «Վերջի բոլշևիկ» համարող գեներալ–պատգամավոր Մանվել Գրիգորյանի օգտին։ Ասել է թե՝ «Հանրապետություն» կուսակցության ղեկավարն իր «կլասն» այնքան է գցել, որ Սերժին «տակից» պաշտպանելու գործն այլևս վստահում են նիկոլներին, բայց ոչ իրեն։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, ապա նա՝ որպես ներիշխանական մուտիլովկաների մեծն գիտակ, իր թերթի միջոցով մանրամասն ներկայացնում է, թե ինչու է Սերժ Սարգսյանն ուզում փոխել Սահմանադրությունը, ընթերցողին ցույց է տալիս, որ դա արվում է վերարտադրության համար, բայց, արի ու տես, որ ծպտուն չի հանում իր տեսակետի մասին ու ձեռքի հետ էլ «կպնում» է ԲՀԿ–ին՝ վերջինիս մեղադրելով այն բանի համար, որ երկու տարի առաջ կողմ էր արտահայտվում խորհրդարանական համակարգին, իսկ հիմա՝ ոչ։

ԲՀԿ–ին ներկայացվող նրա մյուս «մեղադրանքն» այն է, որ այդ կառույցն ունի նախագահի իր թեկնածուն, ու դրա համար էլ դեմ է սահմանադրական փոփոխություններին։

2018թ. նախագահականին պատրաստվող «շուստրի» Նիկոլը, ինչպես նշեցի, բելառուսական պարտիզանի պես լռում է սահմանադրական փոփոխությունների մասով և չի հասկանում, թե որտեղ են իշխանություններն ուզում «քցել» ժողովրդին։ Մինչդեռ ինքն առաջինը պետք է դրոշն առներ ու դեմ հանդես գար այդ փոփոխություններին, քանզի ինքն էլ է ընդունում, որ այդ փոփոխություններով վերանում է նախագահի ինստիտուտը, հետևաբար անիմաստ է դառնում չորս տարի հետո նախագահական մրցավազքին նախապատրաստվելը։ Բայց դե, Նիկոլը հո հարի՞ֆ չէ, որ Սերժ Սարգսյանի վերարտադրման ծրագրերին դեմ գնա։ Նա հեռահար ծրագրեր է մշակում և ժամանակ չունի այնպիսի մանր խնդիրների մասին արտահայտվելու, ինչպիսիք սահմանադրական փոփոխություններն են։

Ի դեպ, «նախագահացու» Արամն էլ ձայն չի հանում սահմանադրական փոփոխությունների մասին։

«Թունդ ընդդիմադիրները» հենց այսպիսին պետք է լինեն։ Կարևորը աչքով և ունքով հանրությանն «իշմար» տալն է, իսկ մնացածն արդեն թող Սերժ Սարգսյանը մտածի։ Հատկապես որ սոցիալ–տնտեսական այս ծանր պայմաններում և ինտերնետի դարում դժվարացել է գեղամյանություն անելը։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը