Լրահոս

10.09.2014 19:25


Փոխվարչապետն ընդունել է ՀԲ տարածաշրջանային տնօրենին և երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարին

Փոխվարչապետն ընդունել է ՀԲ տարածաշրջանային տնօրենին և երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարին

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալին և ՀԲ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Լաուրա Բեյլիին, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:

Փոխվարչապետը շնորհավորել է տիկին Բեյլիին՝ պաշտոնի ստանձնման կապակցությամբ և հաջողություն մաղթել հետագա աշխատանքներում:

Արմեն Գևորգյանի խոսքով՝ Համաշխարհային բանկը Հայաստանի ամենախոշոր գործընկերներից է, որի հետ տարիների ընթացքում կառուցողական և արդյունավետ փոխգործակցություն է ձևավորվել և որի աջակցությամբ ծրագրեր են իրականացվել գրեթե բոլոր ուղղություններով:

Նախարարը նկատել է, որ վարկային և դրամաշնորհային ծրագրերի նկատմամբ ավելացել է հանրային հետաքրքրությունն ու վերահսկողությունը, ինչպես նաև ծրագրերն իրականացնողների ու շահառուների պատասխանատվությունը: Փոխվարչապետը նաև ընդգծել է, որ Կառավարությունը կարևորում է բոլոր այդ ծրագրերի՝ հանրային հատվածի ներգրավմամբ իրականացումը:

Լաուրա Բեյլիին իր հերթին նշել է, որ ուրախ է ստանձնել երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնը՝ հաշվի առնելով ձևավորված փոխգործակցության մակարդակը:

«Որպես ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավար՝ իմ նպատակն է լինելու ՀԲ խմբի լավագույն փորձը Հայաստան բերելը, ինչպես նաև ձևավորված փոխգործակցության շարունակումն ու ընդլայնումը»,- ասել է տիկին Բեյլին:

Կողմերն այնուհետև քննարկել են ՀԲ աջակցությամբ տարբեր ոլորտներում իրականացվող ընթացիկ և ապագա ծրագրերի հետ կապված հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է եղել տեղական տնտեսությունների և զբոսաշրջության զարգացման, առողջապահական հաստատությունների արդիականացման և համայնքներում իրականացվող այլ ծրագրերի ընթացքին:

Հյուրերը պատրաստակամություն են հայտնել աջակցել նաև առաջիկայում ձևավորվելիք Տարածքային զարգացման հիմնադրամի գործունեությանը:

Այս խորագրի վերջին նյութերը