Լրահոս

10.09.2014 19:26


Դատավորի օգնականը մեղադրվում է «կաշառքի միջնորդությանը նպաստելու» մեջ

Դատավորի օգնականը մեղադրվում է «կաշառքի միջնորդությանը նպաստելու» մեջ

Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնականին մեղադրանք է առաջադրվել` կաշառքի միջնորդությանը նպաստելու համար: Այս մասին հայտնել է ՀՔԾ մամլո քարտուղար Լուսինե Մարգարյանը` ի պատասխան «Փաստինֆո»-ի գրավոր հարցման:

«ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնականին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով այն բանի համար, որ նա, պաշտոնեական դրությունն օգտագործելով, նպաստել է կաշառքի միջնորդությանը»,- նշված է ՀՔԾ մամուլի քարտուղարից ստացված գրավոր պատասխանի մեջ :

Լ.Մարգարյանը նաեւ հայտնել է, որ «Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ` մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, սակայն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ` հիշյալ խափանման միջոցը վերացվել է, և նա ազատվել է կալանքից»:

Քրեական գործով այլ կասկածյալներ և մեղադրյալներ չկան:

«Դատավորին որպես մեղադրյալ ներգրավելու համար, նախաքննության ներկա փուլում, ՀՀ արդարադատության խորհուրդ միջնորդություն չի ներկայացվել»,- տեղեկացրել է մամուլի քարտուղարը:

Հեղինակ` «Փաստինֆո»

Այս խորագրի վերջին նյութերը