Մեկնաբանություն

11.09.2014 09:16


«Խրամատավոր հայրենասերները»

«Խրամատավոր հայրենասերները»

Հեռու փախիր այն իշխանությունից, որի մոտ ժամանակ առ ժամանակ հայրենասիրության բռնկումներ են նկատվում:

Իսկ նման հայրենասիրական բոցերի կարիք գործող իշխանությունը հաճախ է զգում:

Միայն Խաչիկ Ասրյանի ազգասիրական խրոխտ ելույթներով ու ՀՀԿ ղեկավարի համագումարային՝ տեղ-տեղ ծեքծեքուն ճառերով բան դուրս չի գա:

Ներքին ու արտաքին քաղաքականության ձախողումները սքողելու, բոլոր՝ «մասշտաբային» ու ոլոլոլոլորտային ծրագրերի տապալումները քողարկելու նպատակով գործող իշխանությունը հաճախ է դիմում հայրենասիրական գաղափարներ իրագործելու քայլերի: Իսկ այդպիսի գաղափարները, ինչպես հայտնի է, ձրի թափառում են օդում, որոնք որսալը ամենահեշտ գործն է:

Հանրակրթական ոլորտում իբր ամեն բան հարթ ու նորմալ էր, հիմա էլ որոշել են ուսումնական հաստատություններում հիմնել «Պատանի երկրապահ» հայրենասիրական ակումբներ:

Պատանիների ու երիտասարդների հայրենասիրական ոգին բարձրացնելու ցնցող նախաձեռնություն են մոգոնել:

Դե, գիտեք, էլի, ով հանկարծ փորձի փախչել, անձամբ գեներալ Մանվելը նրանց «հետեւին ձեռ կտա»՝ այդ կերպ բարձրացնելով նրանց հայրենասիրական ոգին:

Սահմանային լարվածության օրերին էլ հիշում եք, թե ինչ հզոր գաղափար մտահղացան ու անցան գործի՝ զինծառայողների տների պատշգամբներից կախելով եռագույն դրոշներ: Այն պարագայում, երբ իշխանական վերնախավը՝ իր առաջնորդի հետ (այդ թվում՝ Բաքուն գրավող գեներալը), այդ օրերին անհետացել էր:

Նրանցից շատերի տեղը ոչ ոք չգիտեր: Իսկ ՀՀԿ-ական բազեներն էլ ծաղկաձորներում էին «մարտնչում»:

Բայց դե, սիրուն բան էին մտածել, էլի… մարդիկ վեր կնայեն ու եռագույն դրոշներ կտեսնեն՝ նորից ու նորից համոզվելով, որ մեր սահմաններն անառիկ են, մեր պետականությունը՝ ամուր ու անվտանգ: Դե հիմա ի՞նչ կարեւոր էր, թե որտեղ էր այդ օրերին ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարի կարգավիճակ ունեցող մարդը, և ինչու նրա ձայնը չէր լսվում:

Հայրենասիրության քարոզ իրականացնելու համար հասարակական կազմակերպություններ են ստեղծում ու նախագահականից դրամաշնորհներ են տալիս:

Ո՞ւմ գլխին են քարոզ կարդում, որտե՞ղ, ե՞րբ՝ դա էլ էական չէ: Կարեւորը՝ գրանտներով բարձրացնում են «հանրության» հայրենասիրական ոգին:

Դե, կողքից էլ նախկին վարչապետն էր երգում «Բարով եկար, սիրուն կռունկ»-ը՝ բոլորի աչքերից հայրենասիրական արցունքներ քամելով:

Հիմա էլ երգչուհի պատգամավորն է խորհրդարանի ամբիոնը շփոթելով գրական-երաժշտական երեկոյի բեմահարթակի հետ՝ ասմունքանման ելույթ ունենում, թե՝ «տղե՛ք, ես ձեր լուռ հայրենասիրությանը մատաղ»:

Մի խոսքով, պաշտենք, սիրենք մայր հայրենիքը:

Իշխանությունը կարծում է, թե հայրենասիրությունն իր մտացածին ճոռոմ ու կեղծ նախաձեռնություններով է արմատավորվում, կամ հայրենասեր լինելն ինչ-որ մի բարդ բան է:

Հայրենասեր լինելը շա՛տ պարզ բան է:

Ձգտում ես երբե՛ք, որեւէ ձեւով, քո կատարած որեւէ քայլով կամ որոշմամբ չվնասել երկրին ու ժողովրդին, այն է՝ չկողոպտել հայրենիքը ու չկեղեքել ժողովրդին. ահա և քեզ հայրենասիրություն: Սա՛ է իրական հայրենասերի ապրելու եւ գործելու կերպը: Մի կենսաձեւ ու գործելակերպ, որը ոչ մի առնչություն չունի գործող իշխանության հետ: Դրա համար էլ դիմում է վերոնշյալ մեթոդներին եւ ակտիվորեն զբաղվում ի՛ր պատկերացրած «հայրենասիրական» գործով՝ իրոք, «լուռ հայրենասիրությամբ» երկրի հերն անիծելով:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը