Լրահոս

11.09.2014 11:02


Քննարկվել է Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու հարցը

Քննարկվել է Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու հարցը

Սեպտեմբերի 10-ին Երևանում տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագրի իրականացման հարցերով փորձագետների համատեղ կոմիտեի անդրանիկ նիստը:
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը: Իր ելույթում նախարարի տեղակալը նշեց, որ միջմարդկային շփումների խրախուսումը, հասարակությունների միջև շարժունակության բարձրացումն ու միգրացիայի արդյունավետ կառավարումը կարևոր տեղ են զբաղեցնում ՀՀ-ԵՄ օրակարգում, և այդ ոլորտներում վերջին տարիներին էական առաջընթաց է արձանագրվել: Նախարարի տեղակալը կարևորեց վիզաների դյուրացման համաձայնագրի դրույթների պատշաճ իրականացումը և հանրության իրազեկման բարձրացմանն ուղղված աշխատանքները:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան համաձայնագրի իրականացման հետ կապված խնդիրներին, քննարկվեցին համատեղ կոմիտեի կանոնակարգը, վիզաների տրամադրման հետ կապված մի շարք հարցեր ու առաջարկություններ:
Վիզաների դյուրացման համաձայնագրի իրականացման հարցերով համատեղ կոմիտեի նիստին զուգահեռ կայացավ նաև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիա) մասին» համաձայնագրի իրականացման հարցերով փորձագետների համատեղ կոմիտեի նիստը:

Վիզաների դյուրացման և ռեադմիսիայի հարցերով համատեղ կոմիտեների ստեղծումը նախատեսված է համաձայնագրերի դրույթների դիտանցումն իրականացնելու, համաձայնագրերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու և համաձայնագրերի կիրարկման հետ կապված այլ հարցերի քննարկման նպատակով:

Հայկական կողմից վերը նշված նիստերը վարում էին Հայաստանի արտգործնախարարության հյուպատոսկան վարչության պետ Վլադիմիր Կարմիրշալյանը և տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը, իսկ ԵՄ կողմից` Եվրոպական հանձնաժողովի Ներքին գործերի տնօրինության Վիզաների բաժանմունքի պետի տեղակալ Դիդրիկ Պալմանը:

Այս խորագրի վերջին նյութերը