Լրահոս

12.09.2009 10:11


«Ժառանգություն» խմբակցության նախաձեռնությունները ընդգրկվեցին ԱԺ սեպտեմբերի 15-17-ի նիստերի օրակարգ

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց եւ դրական եզրակացություն ստացավ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանի հեղինակած «ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Այն օրենքով նախատեսված կարգով շրջանառության մեջ էր դրվել 2008թ. դեկտեմբերի 26-ին: Օրինագծով առաջարկվում է ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածում կատարել հետեւյալ լրացումը. «Անձինք, որոնց գործողությունների կապակցությամբ տրված է եղել  հանցագործության մասին հաղորդումը, տեղեկացվում են քրեական գործի հարուցումը մերժված լինելու մասին, ինչպես նաեւ այն մասին, որ ցանկության դեպքում կարող են դիմել եւ ստանալ որոշման օրինակը: Հանցագործության մասին հաղորդում տված, ինչպես նաեւ տրված հաղորդման ելքով անմիջականորեն շահագրգռված ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին հաղորդումը ստանալու պահից իրավունք ունեն ծանոթանալու նյութերին, որոնցով մերժվել է քրեական գործի հարուցումը եւ դրանցից կատարելու քաղվածքներ ու պատճենահանումներ ցանկացած ծավալով»: Ալավերդյանը ներկայացրեց, որ գործող օրենսգրքում հստակ ամրագրված են կասկածյալի, մեղադրյալի, տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի, փաստաբանի եւ ներկայացուցիչների իրավունքները' ծանոթանալու քրեական գործի նյութերին, քաղվածքներ անելու եւ պատճեներ ստանալու վերաբերյալ: Սակայն, նյութերի նախապատրաստման ընթացքում, քանի դեռ քրեական գործ հարուցված չէ, դատավարության մասնակիցներից որեւէ մեկի կարգավիճակն օրենսգրքով որոշակիացված չէ. կա միայն «հանցագործության մասին հաղորդում տվող» հասկացությունը, որի իրավունքը  սահմանափակվում է նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման պատճենը ստանալու եւ այն բողոքարկելու իրավունքներով: Հետեւաբար, նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման կապակցությամբ շահագրգիռ անձի բողոքը չի կարող հիմնավոր լինել, եթե նա չի ծանոթացել նյութերին: Դատավարության այլ մասնակիցները' ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, որոնց գործողությունների կապակցությամբ տրվել է հաղորդումը, կամ նրանք, որոնք քրեական գործ հարուցվելու դեպքում կարող էին լինել տուժող, քաղհայցվոր կամ դրանց ներկայացուցիչ եւ որոնք գտնում են, որ նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշմամբ խախտվել է իրենց իրավունքը, փաստորեն քրեական դատավարության 185-րդ հոդվածի իմաստով որեւէ իրավունքից չեն օգտվում: Մինչդեռ պրակտիկան ցույց է տալիս, որ նյութերի ելքով անմիջականորեն շահագրգռված անձինք այնուամենայնիվ նման որոշումները բողոքարկում են: Այդ ամենից ելնելով' Լ.Ալավերդյանն իր առաջարկությունը հիմնավորեց նյութերին ծանոթանալու, դրանցից պատճենահանումներ կատարելու հետ կապված հարցերով քրեական հետապնդման մարմնի սուբյեկտիվ մոտեցումները բացառելու եւ պրակտիկայում հարուցվող արգելքները վերացնելու հրամայականով:

Այսօր ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում քննարկվել է Լ.Ալավերդյանի պատրաստած մեկ այլ օրինագիծ' «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Այն բաղկացած է 16 հոդվածից: Առաջարկվող 1-8 հոդվածների համար հիմնավորում է բերվել այն, որ գործող օրենսդրության համաձայն' տրված կամ ձեռք բերված իրավունքից անձին կարող է զրկել միայն դատարանը: Մինչդեռ ավտոճանապարհային խախտում կատարած վարորդին վարելու իրավունքից զրկման դեպքում խնդիրը ոչ թե իրավունքից զրկումն է, այլ իրավունքից օգտվելը կասեցնելը: Այս հարցն արդեն իսկ կարգավորված է Հայաստանի Հանրապետությունում 08.02.2006թ. ուժի մեջ մտած «Ճանապարհային երթեւեկության մասին» միջազգային կոնվենցիայի 42-րդ հոդվածով, որով նախատեսվում է «վարորդական վկայականից օգտվելու իրավունքից զրկում», ինչպես նաեւ ամրագրվում է, որ «իրավասու մարմինը, որը վարորդին զրկել է վարորդական վկայականից օգտվելու իրավունքից, կարող է առգրավել վարորդական վկայականը եւ այն պահել մինչեւ առգրավման ժամկետի ավարտը»: Այս հիմնավորմամբ էլ նա առաջարկում է օրենսգրքի մի շարք հոդվածներում «վարելու իրավունքից զրկում» բառերը փոխարինել «վարորդական վկայականից օգտվելու իրավունքից զրկում» բառերով, իսկ «վեց ամիս ժամանակով» բառերից հետո լրացնել «առգրավելով վարորդական վկայականը եւ այն պահելով մինչեւ զրկման ժամկետի ավարտը» բառերով: Մեկ այլ հոդված վերաբերում է այնպիսի խնդրի կարգավորմանը, ինչպես վարորդների կողմից ալկոհոլի օգտագործումն է: Հեղինակը վկայակոչեց որ ՀՀ ճանապարհային ոստիկանության տվյալներով տարեց տարի աճում է ալկոհոլի ազդեցության տակ վարորդների պատճառած ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը, զոհվածների եւ վիրավորների քանակը: Այսպես 2007թ. ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով 23 մարդ մահացել է վարորդների ոչ սթափ վիճակում գտնվելու պատճառով, ինչը կրկնակի անգամ ավել է 2001 թ. տվյալներից: Ալկոհոլի թույլատրված նվազագույն պարունակությունը վարորդի օրգանիզմում (0,8 գրամ 1 լիտր արյան մեջ, կամ 0,4 միլիգրամ 1 լիտր արտաշնչած օդի մեջ) անհամաչափ մեծ է վարորդի սթափ վիճակում գտնվելու համար: Վերստին հիշեցնելով, որ ալկոհոլը ազդում է ռեակցիայի ժամանակի, ճանապարհային իրադրության սթափ գնահատման, գործողությունների ճիշտ կոորդինացիայի վրա, եւ  հաշվի առնելով միջազգային փորձը, Ալավերդյանը առաջարկում է կրկնակի նվազեցնել օրգանիզմում ալկոհոլի պարունակության համար սահմանված թույլատրելի նորմը: Մեկ այլ հոդված վերաբերում է ճանապարհային երթեւեկության բնագավառում տեսուչի կազմած արձանագրության հիման վրա վարորդին տույժի ենթարկելու վերաբերյալ վարչական որոշումը կայացնելուն: Առ այսօր եթե պատասխանատվության ենթարկվողը չի ապացուցում, որ ինքը տվյալ խախտումը չի կատարել, ապա կայացվում է վարչական տույժի ենթարկելու որոշումը: Վարչական մարմինը, խախտելով անմեղության կանխավարկածի հիմնարար սկզբունքը, փաստորեն, ապացուցման բեռը իր վրայից գցում է վարչական պատասխանատվության ենթարկվողի վրա: Այս անտրամաբանական ընթացակարգն էլ հենց առաջարկվում է շտկել մեկ այլ հոդվածով: Լ.Ալավերդյանը նաեւ տարօրինակ է համարում, որ գործող «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» (այսուհետ' ՎԻՎ) ՀՀ օրենսգրքով մի կողմից պահանջվում է, որ իրավախախտում կատարած անձը ստորագրի կազմած արձանագրությունը (հոդված 255), մյուս կողմից դրա օրինակը նրան չի տրվում (հոդված 256-րդ): Բայց քանի որ հիմնականում որոշումը կայացվում է արձանագրության հիման վրա, ապա որոշման բողոքարկման անհրաժեշտություն առաջանալու դեպքում, բողոքը հիմնավորելու համար բողոքարկողը պետք է հենվի նաեւ արձանագրությունում պարունակվող տեղեկությունների վրա, ինչի հնարավորությունից նրան զրկում է ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 256-րդ հոդվածը: Փոփոխության ենթակա մյուս խնդիրն է համարվում վարորդի կողմից կետանցման դեպքում կիրառվող տուգանքը: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի համաձայն տուգանքը կարող է որոշվել տոկոսներով' կենտրոնական բանկի սահմանած 0,15%-ի չափով, որը կիրառվում է ամենուրեք, իսկ մեկ օրվա կետանցի համար 200% կամ 400% տուգանք նշանակելը ոչ միայն զարմանք, այլ բողոքներ է առաջացրել: Բացի այդ. այդպիսի տուգանքներ նշանակելով, բացարձակապես անտեսվում է սոցիալական գործոնը: Իբրեւ օրինակ բերվեց մանկավարժ Գեւորգ Վարդանյանի նկատմամբ նշանակված տուգանքը' 800.000 դրամ:

Դրական եզրակացություն ստացած երկու օրինագծերը ինքնաբերաբար կներառվեն ԱԺ նստաշրջանի եւ սեպտեմբերի 15-17-ի քառօրյա նիստերի օրակարգ:

«Ժառանգություն» խմբակցություն

Այս խորագրի վերջին նյութերը