Լրահոս

15.09.2014 14:44


Այսօր Հրանտ Դինքը կդառնար 60 տարեկան

Այսօր Հրանտ Դինքը կդառնար 60 տարեկան

Սեպտեմբերի 15-ը պոլսահայ լրագրող, Թուրքիայում հայերեն և թուրքերեն տպագրվող միակ շաբաթաթերթի` «Ակոսի» նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի ծննդյան օրն է։ Այսօր նա կդառնար 60 տարեկան:

Հրանտ Դինքը ծնվել է 1954թ. սեպտեմբերի 15-ին Մալաթիայում: 1996թ. Ստամբուլում հիմնադրել է «Ակոս» թերթը՝ նպատակ ունենալով ներկայացնել թուրքահայության ծայրահեղ մեկուսացվածությունը, դառնալ նրա խոսափողն ու իրավունքների պաշտպանը։ Դինքը հայտնի էր իր անվախ ելույթներով, քաղաքական ամենախճճված խնդիրները մեկնաբանող համարձակ հոդվածներով:

2007թ. հունվարի 19-ին Հրանտ Դինքը սպանվել է Շիշլիում գտնվող «Ակոսի» խմբագրատան առաջ՝ գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից։ Մարդասպանը հեռանալիս գոչել է՝ գյավուր, ինչը ենթադրելու հիմք է տալիս, որ սպանությունը կատարվել է ազգային հողի վրա։

Սպանությունն իրականացնելու կասկածանքով ոստիկանությունը ձերբակալել է 17-ամյա Օգյուն Սամաստին, որն առաջին իսկ հարցաքննության ընթացքում խոստովանել է իր մեղքը։ Դինքի սպանությունը բողոքի մեծ ալիք առաջացրեց Թուրքիայում և արտերկրում:

«Ես հայ եմ, ես Հրանտ Դինք եմ» կարգախոսով հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց՝ ի պաշտպանություն Դինքի:

Այս խորագրի վերջին նյութերը