Մեկնաբանություն

15.09.2014 21:10


Ֆյուլեի ցավակցական ուղերձն «արևմտամետներին»

Ֆյուլեի ցավակցական ուղերձն «արևմտամետներին»

Շատերն Ուկրաինայում և այլուր կարծում են, թե Արևմուտքը «քցել» է Կիևին ու Մոսկվայի դեմ թողել մեն–մենակ։ Այդ կարծիքի մեջ ճշմարտության հատիկ կա, բայց շատ փոքր հատիկ։

Ուկրաինային «քցել» են այդ պետության կոռումպացված իշխանությունները։ «Քցել» են դաժանաբար, և հիմա մենք տեսնում ենք այդ «քցման» արդյունքները։

Ուկրաինային «քցել» են նաև այդ պետության քաղաքական վերնախավի տարատեսակ ներկայացուցիչները, որոնք ուկրաինացիներին առաջարկել են ներքին խնդիրները լուծելու համար արտաքին դաշտում փնտրել երջանկությունը։ Արդյունքները տեսանելի են։

Եվ վերջապես, Ուկրաինային «քցել» են իրենք՝ ուկրաինացիները, որոնք չեն կարողացել նորմալ պետություն և նորմալ իշխանություն ունենալ։

Այդքանից հետո, հետևաբար, իմաստ չունի նեղանալ Արևմուտքից կամ Ռուսաստանից։ Նրանք իրենց շահերն ունեն։ Չարժե, ուրեմն, մտնել հզորների բախման արանքը, կամ էլ «նախաձեռնողականություն» ցուցաբերել՝ միամտաբար կարծելով, թե հզորներին առանձին–առանձին իրարամերժ «այո»–ներ ասելը «և, և»–ի փայլուն քաղաքականություն է։ Նմանատիպ «և, և»–ով կարող ես նաև ճզմվել կամ, լավագույն դեպքում, հայտնվել կողմերից մեկի «չուլանում»։

Ուկրաինային հիմա ճզմում են։ Զոհվողներին, գերիներին ու նրանց հարազատներին ինչ, թե Մոսկվայում ժամանակավորապես չեն ուտի «Մաքդոնալդսի» անհամ բուտերբրոդները, կամ ռուս չինովնիկին թույլ չեն տա մեկնել ԱՄՆ։

Ի դեպ, եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն օրերս հայտարարեց, որ պետք է ԵՄ–ի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի ռեժիմի հարցը քննարկել։ Ֆյուլեն ասաց այն, ինչ ասում էր Պուտինը մինչև Ղրիմի «առումը»։ ԵՄ չինովնիկներն այն ժամանակ չէին ընդունում ՌԴ–ի այդ առաջարկները։ Փոխարենը՝ նրանք ընդունում էին Կիևի Մայդանի «դիջեյներին» և շաբաշ տալիս։

Հիմա նույն Ֆյուլեն, առանց աչքը թարթելու և առանց ամաչելու, վերադարձել է ռուսական առաջարկի գաղափարին, բայց Ղրիմն արդեն Ուկրաինայի կազմում չէ, Դոնբասում և Ուկրաինայի արևելյան մյուս հատվածներում պատերազմ է, այդ երկրում քաոս է և խոր ճգնաժամ, որի վերջը չի երևում։

Ֆյուլեն իր խոսքով յուրօրինակ ցավակցական ուղերձ է հղել «արևմտամետներին»՝ հերթական անգամ ցույց տալով, որ դրսի ուժերի վրա հույս դնողներին օգտագործում են, դեն շպրտում և պայմանավորվում ուժեղների հետ։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը