Մեկնաբանություն

17.09.2014 11:04


Իշխանությունների լրացուցիչ փաստարկները

Իշխանությունների լրացուցիչ փաստարկները

«Ժառանգություն» կուսակցության կազմակերպած քննարկումները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ սահմանադրական փոփոխություններն արհեստականորեն են քաղաքական օրակարգ մտցվել։ Նրանք, ովքեր պաշտպանում էին փոփոխությունների գաղափարը, ակամայից լրացուցիչ փաստարկներ էին ներկայացնում այդ փոփոխությունների դեմ։

ՀՀԿ–ական Կորյուն Նահապետյանի ու մյուսների ներկայացրած տեսակետները հերթական անգամ համոզում են բոլորիս, որ սահմանադրական փոփոխություններն արվում են մեկ մարդու համար, իսկ ԱԺ կոճակային մեծամասնությանը վերապահված է փաստաբանի ֆունկցիան։

Երբ հայտարարվում է, թե մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության ապահովման, իշխանության ճյուղերի տարանջատման և մարդակենտրոն համակարգ ներդնելու համար են արվում փոփոխությունները, պարզ է դառնում, որ ստանալու ենք հակառակ արդյունքը, քանզի իշխանությունների բոլոր նախաձեռնություններն այդպիսի ավարտ են ունեցել։

Հայտարարվում էր, որ Թուրքիա կմեկնենք բաց սահմաններով, կամ եթե լինենք բացման նախաշեմին, սակայն մինչև օրս այդ սահմանները փակ են ու չեն էլ բացվելու, քանզի Թուրքիան նախապայմաններ ունի, և միշտ է հայտարարել այդ նախապայմանների մասին։ Այլ հարց է, որ Երևանում այնքան էին տարված «ֆուտբոլով», որ չէին նկատում կամ չէին ուզում նկատել այդ նախապայմանները։

Հայտարարվում էր, որ տնտեսական ճգնաժամը շրջանցելու է Հայաստանն, ու մենք դեռ մի բան էլ շահած ենք դուրս գալու, սակայն մեր երկիրը գրանցեց տնտեսական անկման համաշխարհային ռեկորդ։ Ընդ որում՝ տնտեսական ճգնաժամին հղում անելը դարձավ տխրահռչակ կառավարության ամենասիրելի զբաղմունքը։

Հայտարարվում էր, որ 2012թ. և 2013թ. տեղի են ունենալու ամենալավ ընտրությունները, սակայն գրանցվեցին աննախադեպ ծավալի և բնույթի ընտրակեղծիքներ։ Տոկոսները «խփվում» էին՝ ինչպես «շտամպովչնի» արտադրամասում։

Հայտարարվում էր, թե գնում ենք դեպի ԵՄ, սակայն հայտնվեցինք ՄՄ–ում, և հիմա ճանապարհ ենք բռնել դեպի Գյուլիստան ու հերոսաբար կռիվ ենք տալիս Ղարաբաղի հետ մաքսային սահման չունենալու համար։

Էլի օրինակներ կարելի է բերել՝ հիշեցնելու համար, թե ինչ էր հայտարարվում, և իրականում ինչ ստացանք։ Այնպես որ, եթե Բաղրամյան 26–ում որոշել են զբաղվել մարդու իրավունքներով, ապա պետք է ամեն գնով դա թույլ չտալ՝ հանուն մարդու իրավունքների պաշտպանության։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Երեկվա քննարկումը հերթական անգամ ցույց տվեց, որ սահմանադրական փոփոխություններին կողմ են ՀՀԿ–ականները՝ ի պաշտոնե, և ՀՅԴ–ականները՝ ի ...

Այս խորագրի վերջին նյութերը