Լրահոս

17.09.2014 14:33


Ներսիսյան ճեմարանի հիմնադրումից անցել է 166 տարի

Ներսիսյան ճեմարանի հիմնադրումից անցել է 166 տարի

Սեպտեմբեր 17-ին, 166 տարի առաջ, հայության գլխավոր կենտրոն Թիֆլիսում մեր ժողովուրդը մեծ ցնծության մեջ էր: 1848թ.ի սեպտեմբեր 17-ին տեղի ունեցած պաշտոնական բացման հանդիսությամբ, հայ դպրությանը ծառայելու իր առաքելությունը ձեռնարկեց Թիֆլիսի Ներսիսյան վարժարանը, որը հայ ժողովրդին հոգեմտավոր լույս բաշխող կարևորագույն մի կենտրոն եղավ ամբողջ 76 տարի, մինչև 1924 թվականը, երբ նորահաստատ խորհրդային կարգերի կողմից ամեն ինչ պետականացնելու քաղաքականությունը վերջակետ դրեց նաև հայաշունչ այս կենտրոնի կյանքին ու գործունեությանը:
Իրականում Ներսիսյան վարժարանը իր երկրորդ կյանքը սկսեց 1848թ.ի սեպտեմբերի այս օրը։ Վարժարանը հիմնվել էր շատ առաջ, 1824 թվականին, բայց կարճատև էր եղել նրա առաջին շնչառությունը: Հիմնվել էր իբրև հոգևորական պատրաստության կրթական օջախ։ Հիմնվել էր Ներսես Աշտարակեցու ջանքերով, երբ հետագա Ամենայն Հայոց կաթողիկոսը Թիֆլիսի թեմակալ առաջնորդն էր տակավին: Հոգևորականների պատրաստության այդ օջախը իր անունն էլ ստացել էր նույնինքն Աշտարակեցուց:
Իր գործունեության առաջին այդ փուլում ևս, Ներսիսյան վարժարանը տվել էր սերունդ. Խաչատուր Աբովյան, Ստեփանոս Նազարյանց, Պերճ Պռոշյան, Ղազարոս Աղայան և շատերը Ներսիսյան վարժարանի առաջին այդ շրջանի հայեցի դաստիարակության շնչով էին թրծված: Իսկ Հարություն քահանա Ալամդարյանը իր լուսամտությամբ մեծ վարկ ապահովելով հոգեմտավոր պատրաստության այս կեդրոնին` եղել էր նրա տեսուչը:
Օրմանյան Պատրիարքը, իր «Ազգապատում»-ի 3-րդ հատորում, Ներսիսյան վարժարանի առաջին հանգրվանի ազգօգուտ գործունեության և ճառագայթման խափանումը վերագրում է 1820-1840-ականներին Հայաստանյայց Եկեղեցու հոգևորականությանը վարակած ներքին մրցակցությունների և հակադրությունների կործանարար մթնոլորտում: Օրմանյանի համաձայն՝ վարժարանի տկարացման և փակման մեջ հիմնական դեր ունեցավ Ներսես Աշտարակեցու` 1828թ.ին հեռացվելը Թիֆլիսի թեմակալ առաջնորդի պաշտոնից: Իսկ Աշտարակեցու հանդեպ ցարական բանակի հայազգի զորավար Պասկևիչի անձնական հակադրությունը պատճառ դարձավ Թիֆլիսի թեմակալ առաջնորդի պաշտոնից հեռացման համար: Աշտարակեցու հաջորդը` Հովհաննես Կարպեցի Եպիսկոպոսը, որն իր հերթին հետագայում կարճ ժամանակով Կաթողիկոս ընտրվեց, ամեն միջոցի դիմեց, որպեսզի Ներսես Աշտարակեցու փառքը խորհրդանշող Ներսիսյան վարժարանը անշքացնի... նույնիսկ անունը փոխելու մասին մտածեց, բայց այդ քայլին չդիմեց՝ վախենալով Աշտարակեցուն պաշտող ժողովրդի հակազդեցությունից:
1836թ.ին, եկեղեցապատկան կալվածների և հաստատությունների կանոնակարգման ցարական Պոլոժենիայի հրամանագրի հրապարակումով՝ Կարպեցու համար ներկայացավ ոսկի առիթ, որպեսզի նոր օրենքի նախատեսած սովորական թեմական մի վարժարանի վերածի Ներսիսյանը, անտիրության մատնի այն և աստիճանաբար փակման դատապարտի:
Հետևաբար 1843թ.ին, երբ Ներսես Աշտարակեցին Կաթողիկոս ընտրվեց, Ներսիսյան վարժարանը լրիվ կորցրել էր սկզբնական շրջանի իր բարձրորակ հոգեմտավոր դաստիարակության մակարդակը: Աշակերտության թիվը կտրուկ նվազած ու խեղճացած էր, իսկ ուսուցչական կազմը ոչինչ չունէր իր երբեմնի ճառագայթումից:
Նորընտիր Կաթողիկոսը տենդագին լծվեց քսան տարի առաջ իր հիմնած կրթօջախի նորովի վերակազմությանը և վերականգնման աշխատանքին՝ թե՛ իբրև շենք ու հարմարություն, թե՛ իբրև նյութական եկամտաբեր մնայուն աղբյուրներով օժտված վարչական հաստատություն և թե, մանավա՛նդ, իբրև ուսումնական բարձրագույն մակարդակի կենտրոն:
1846թ.ից մինչև 1848թ. հետևողական աշխատանք տարվեց, որպեսզի նոր և անհամեմատ ավելի լայն հնարավորություններ ընձեռող շենքով օժտվի վարժարանը: Աշտարակեցի Կաթողիկոսն անձամբ դիմումներ կատարեց հարուստ ազգայիններին, որպեսզի բարերարությամբ օգնեն վերակազմվող վարժարանին հասութաբեր կալվածներով օժտելու նպատակի իրագործմանը: Աշտարակեցին անձամբ նշանակեց հոգաբարձուների նոր կազմ, որն ի վիճակի պիտի լիներ թե՛ ուսումնական և թե´ վարչական առումներով նպաստել վերաբացվող վարժարանի որակավորմանն ու վերելքին:
Այսպիսով՝ 1848թ.ի սեպտեմբերի 17-ը կրթական նոր տարեշրջանի մի բացման հանդիսությունից շատ ավելին եղավ Ներսիսյան վարժարանի ուսումնական տարվա մեկնարկը պաշտոնապես ազդարարող արարողությունը:
Եղավ Ներսիսյան վարժարանի նոր կյանքի ավետի՛սը:
Ծերունազարդ Աշտարակեցի Կաթողիկոսը երկար չապրեց այնուհետև, որպեսզի տեսներ ու վայելեր իր ջանքերի արգասավորումը: 1857թ.ին վախճանվեց։ Բայց իր օրհնաբեր ձեռակերտը շարունակ զարգացում՝ աշակերտներու թվական աճ, ուսումնական մակարդակի բարձրացում և հայեցի ոգու շնչավորում արձանագրեց:

Հայ գրականության, մշակույթի և գեղարվեստի մեծանուն շատ գործիչներ՝ Հովհաննես Թումանյան, Դերենիկ Դեմիրճյան, Հովհաննես Հովհաննիսյան, Կոմիտաս, Մանուկ Աբեղյան, Ստեփան Զորյան և բազում այլ արժանավոր դեմքեր կա՛մ աշակերտեցին, կա՛մ ուսուցիչ եղան Ներսիսյան վարժարանում:
Ամբողջ 76 տարի նախանձելի բարձրության վրա մնաց Թիֆլիսի Ներսիսյան վարժարանը ոչ միայն իր ուսումնական մակարդակով, այլև՝ հայաշունչ և հայրենասեր սերունդներ հասցնելու իր մթնոլորտով:

Էջմիածնի Գևորգյան Ճեմարանի, Մոսկվայի Լազարյան Ճեմարանի և Շուշիի թեմական դպրոցի հետ՝ Ներսիսյան վարժարանը փաստորեն դարձավ արևելահայ Ազգային Զարթոնքի գլխավոր դարբնոցներից մեկը:
Նաև հանդիսացավ պերճախոս վկան մինչև մեր օրերը այժմեական իր նշանակությունը պահպանող այն իմաստության, որ հայ դպրոցը վաղվա մեր հաջողությունների ու փայլուն ապագայի հիմնական՝ սերնդակերտումի կռվանն է, որի կրթական մակարդակի բարձրացման համար արժե ցուցաբերել հավաքական ամբողջական հոգատարություն և նյութական անսակարկ աջակցություն:
Այսօր Ներսիսյան Ճեմարանն այլևս չի գործում... Թբիլիսիի բարձունքում վեր խոյացող շենքն արդեն չի պատկանում Հայ Համայնքին, չի ծառայում Ժողովրդի շահերին, որն այն հիմնադրել էր: Մինչդեռ Ճեմարանի նախկին փայլն ու փառքը առաջվա պես որպես առաջնորդող լույս է ծառայում նրանց համար, ովքեր դեռևս հավատում են, որ Վրաստանում հայկական կրթությունը կարող է և պետք է հարություն առնի մոխրից:

Վրաստանի Հայ Համայնք

Այս խորագրի վերջին նյութերը