Հարցազրույց

18.09.2014 01:55


Արմեն Ռուստամյանը «ճաք տվածի» հետ նույն թիմում հայտնվելու, իշխանության մասի ու ամբողջի մասին

Արմեն Ռուստամյանը «ճաք տվածի» հետ նույն թիմում հայտնվելու, իշխանության մասի ու ամբողջի մասին

Հարցազրույց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ

–Ինչո՞ւ իշխանությունը պետք է ընդունի ՀՅԴ–ի առաջարկած սահմանադրական փոփոխությունների փաթեթը։

–Եթե մեր փաթեթն ընդունվի, շատ ավելի լավ համակարգ կունենանք, որը թույլ չի տա իշխանությունների վերարտադրությունը։ Բայց միշտ էլ իշխանությունները գնում են զիջումների, երբ տեսնում են, որ ամբողջը կորցնելու վտանգ կա։

–Ոչ վաղ անցյալում արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանին անվանեցիք «ճաք տված», քանի որ նա հայտարարել էր, որ ղալաթ եք անում։ Վատ չե՞ք զգում, որ այսօր արդեն դուք այդ նույն անձնավորության հետ ուս ուսի տված՝ սատարում եք, ըստ էության, Սերժ Սարգսյանի առաջարկած սահմանադրական փոփոխություններին։

–Ի՞նչ կապ ունի մեկը մյուսի հետ։

–Այն, որ Հրայր Թովմասյանի հետ հիմա նույն թիմում եք գտնվում։

Այսինքն, թողնեմ, էս երկրից գնա՞մ։ Էնքա՜ն ճաք տվածներ կան, հարաբերվում եք, չէ՞, հետները. բա խի՞ եք հարաբերվում։

–Ես նրանց հարց եմ ուղղում, ոչ թե համագործակցում, ինչպես դուք։

–Համագործակցության մասին չէ հարցը։ Եթե մարդը նույն բանն է ասում... եթե մեկը գա, ասի՝ մածունը սպիտակ է, հիմա ես պիտի նայեմ՝ էդ մարդն ինքն իր էությամբ ով է, որ նոր պատասխանեմ՝ մածունը սպիտակ է, թե չէ, հա՞։ Փոխե՞մ կարծիքս։

–Վա՛տ չե՞ք զգում։

–Վատ չեմ զգում։ Եթե կողքինն իմ ասածը կրկնում է, ես ոգևորվում եմ դրանից, ով ուզում է՝ լինի։

–Ասում եք՝ իշխանությունը կհամաձայնի ՀՅԴ–ի առաջարկներին, քանի որ ամբողջը չկորցնելու համար պատրաստ է զիջել մասը։ Փաստորեն, ՀՅԴ–ն իր դիրքորոշմամբ նպաստում է, որ իշխանությունը չկորցնի ամբողջը։

Նպաստում ենք, որ զիջե՛ն։

–Թող կորցնե՛ն ամբողջը, ինչո՞ւ չեք ուզում, որ ամբո՛ղջը կորցնեն։

–Կորցնո՞ւմ են։

–Դո՛ւք եք ասում, որ եթե Սահմանադրությունը չփոխեն, կկորցնեն ամբողջը։

–Իրենք զիջումների գնում են միշտ այդ պարագայում, որովհետև իրենք հասկանում են, որ, այո՛, հնարավոր է։ Եթե կանգնեն ասեն՝ մենք ոչինչ չենք զիջում, այո՛, այդ ժամանակ մաքսիմալիստական տեսակետը պահելը դժվար է։ «Քառյակն» առաջացավ հենց այդ պատճառով։

–Դրա համար եմ հարցնում՝ ինչո՞ւ է ՀՅԴ–ն օգնում իշխանությանը, որ այն չկորցնի ամբողջը։

–Հիմա փոխում են վիճակը։ Եթե մարդիկ ասում են՝ ձեր ասածն անում եմ, մեր խնդիրը ո՞րն է, այդ դեպքում ինչո՞ւ ենք 12 կետերն ընդհանրապես առաջարկում։

–Խնդրում եմ հստակ պատասխանել՝ ինչո՞ւ է ՀՅԴ–ն նպաստում, որ իշխանությունը չկորցնի ամբողջը։

–Նպաստում է, որպեսզի կորցնի մասը, որն օգտակար է լինելու նաև ընդդիմությանը։ Այս փոփոխությունն ընդդիմությանն է շատ ավելի պետք։ Այս է հարցը, որովհետև ես ուզում եմ, որ ընդդիմությունը և մնացած բոլոր քաղաքական ուժերը շանս ունենան էս երկրում հավասար պայքարի և հնարավորությունների։

–Եթե իշխանությունը կորցնի ամբողջը, այդ շանսը չի՞ լինի։

–Եթե ամբողջը կորցնի, մինչև հիմա կկորցներ, էլի, դե թող կորցնի։ Դուք ասում եք՝ ինչո՞ւ են զիջում։ Այո՛, վախ ունի. որևէ իշխանություն դրանից երաշխավորված չէ, որ ամբողջը չի կորցնի։ Մենք չենք նպաստում, որ նա ամբողջը պահի։ Իշխանությունը զիջում է, մենք էլ այդ զիջմանն ենք կողմնակից։ Այո՛, պիտի զիջեն. բա փոխզիջումներով է երկիրն առաջ գնում, ոչ թե իրար կոտորելով։ «Ամեն ինչ կամ ոչինչ» տարբերակը բերում է արյունահեղության։ Այդ արյունահեղությունը մենք մեր երկրում չենք ուզում։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը