Մեկնաբանություն

18.09.2014 11:56


«Սահմանադրական» ծուղակ

«Սահմանադրական» ծուղակ

Հայաստանում մարդ չկա, որ չհասկանա՝ սահմանադրական փոփոխությունները նախաձեռնվել են, քանզի ուժի մեջ է մտնելու գործող Սահմանադրության 50–րդ հոդվածը, ըստ որի՝ երեք անգամ անընդմեջ չի կարող նույն անձը հավակնել նախագահի աթոռին։

ՀՀԿ–ականները նույնիսկ չեն կարողանում թաքցնել քմծիծաղը, երբ հայտարարում են, թե Սահմանադրությունը փոխվում է, որպեսզի ավելի լավ պաշտպանվեն մարդու իրավունքները, մեր երկիրը դառնա ավելի ժողովրդավարական և իշխանությունն ապակենտրոնացվի։ Նրանք շատ լավ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է մեկ մարդու համար ու դրա համար էլ փոփոխությունները որակվել են մարդակենտրոն։

Սահմանադրական փոփոխությունները լուրջ դեմքով քարոզում են միայն ՀՅԴ–ական վերնախավի անդամները։ Անգամ Շարմազանովն այդպիսի պաթոսով չի քարոզում փոփոխությունը, կամ ավելի ճիշտ՝ նոր սահմանադրության ընդունումը։ Ինչևէ։

Ակնհայտ է, որ անիմաստ է մտնել սահմանադրական փոփոխությունների բովանդակային քննարկման դաշտ և բանավիճել այն հարցի շուրջ, թե ո՞ր համակարգն է լավը՝ նախագահակա՞նը, կիսանախագահակա՞նը, թե՞ խորհրդարանականը։ Դա ծուղակ է։ «Սահմանադրական» ծուղակ։

Վերջին համապետական ընտրությունները ցույց տվեցին, որ ընտրական ինստիտուտը վերջնականապես ոչնչացված է և այս պայմաններում անիմաստ է գնալ հանրաքվեի։

Ընտրակեղծիքների մեքենան հնարավոր է փլել, եթե իշխանական բուրգը մոնոլիտ չլինի և կենտրոնախույս ուժերն ակտիվանան։ Իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ գործող նախագահը Սահմանադրության 50–րդ հոդվածի ճնշման տակ մնա որպես «կաղ բադիկ» ու ստիպված լինի հեռանալ հերթական կամ արտահերթ ընտրություններով։

Սահմանադրական փոփոխությունները հնարավորություն են տալու իշխող նեղ խմբին զսպել կենտրոնախույս ուժերի ախորժակը, ինչպես նաև կանխել ներքին առնետավազքը։ Իսկ եթե դա չհաջողվի, ապա իշխանական թիմում բոլորի կողմից ընդունելի ժառանգորդի բացակայությունը նպաստելու է ընտրակեղծարար մեքենայի ինքնակազմաքանդմանը։ Հատկապես եթե փողոցում ժողովուրդն իր ճնշումը կիրառի։ Այլ կերպ ասած՝ եթե վաղը չի ստացվում սահմանադրական փոփոխություններ անցկացնել, ապա իշխանությունը կորցնում է իր դիրքերն արդեն այսօր։ Իսկ դա միակ երաշխիքն է, որ ընտրակեղծարար համակարգը չի աշխատի, քանզի այն աշխատում է միայն քաղաքական և անձով պայմանավորված որոշակիության դեպքում։

Չհասկանալ այս ամենը և դեմագոգիկ ձևով սատարել վերարտադրությանը, գեղամյանություն է։ Անբարո քաղաքական առևտուր։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը