Լրահոս

18.09.2014 12:24


Երևանում մեկնարկում է «Գիտական հաշվարկների մարտահրավերները» գիտաժողովը

Երևանում մեկնարկում է «Գիտական հաշվարկների մարտահրավերները» գիտաժողովը
2014թ. սեպտեմբերի 19-ին` ժամը 10:00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում կմեկնարկի «Գիտական հաշվարկների մարտահրավերները» գիտաժողովը, որի կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ-ն և ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը:
Գիտաժողովին մասնակցում են գիտնականներ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Ֆինլանդիայից, Հունգարիայից:
Գիտաժողովի հիմնական նպատակն է՝ ներկայացնել հաշվողական և տեղեկատվական ծառայությունների զարգացման ժամանակակից միտումները՝ ուղղված գիտական և հասարակական մարտահրավերների դիմակայմանը: Գիտաժողովը կնպաստի համաեվրոպական և համաշխարհային հետազոտական ենթակառուցվածքների և հանրությունների հետ Հայաստանի գիտական ներուժի համագործակցության ամրապնդմանը:
Գիտաժողովի ընթացքում «Գիտական հաշվարկների ժամանակակից միտումները և ապագա մարտահրավերները» զեկուցումով հանդես կգա գերհամակարգչային ոլորտի լեգենդ, զուգահեռ ծրագրավորման բնագավառի հայտնի մասնագետ, Linpack թեստի հեղինակ, Top500 վարկանիշային աղյուսակի հիմնադիր, Թենեսիի համալսարանի (ԱՄՆ) պրոֆեսոր, տեղեկատվական տեխնոլոգիաների հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ջեկ Դոնգարան:
«EUDAT- Տվյալների ծառայություններ և բաց գիտություն» զեկույցը կներկայացնի Գիտության տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի (Ֆինլանդիա) տնօրեն, Եվրոպական գրիդ նախաձեռնության (EGI) ղեկավար դոկտոր Պեր Օստերը:
Զեկուցումով հանդես կգա Թուլուզի Ինֆորմատիկայի հետազոտությունների ինստիտուտի (Ֆրանսիա) տնօրեն պրոֆեսոր Միշել Դայդեն, ով կներկայացնի իրենց ինստիտուտի փորձառությունը գիտական հաշվարկների բնագավառում:
ՀՀ ԳԱԱ փոխնախագահ պրոֆեսոր Յուրի Շուքուրյանը կներկայացնի INARMERA-ICT նախագիծը, նրա դերը գիտական հաշվարկների բնագավառում Հայաստանի ներուժի ամրապնդման հարցում:
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն դոկտոր Բագրատ Ենգիբարյանը կներկայացնի տեղեկատվության և հաղորդակցման տեխնոլոգիաների արդյունաբերությունը Հայաստանում:
«Գիտական հաշվարկների մարտահրավերները» գիտաժողովն անցկացվում է EU FP7 INARMERA-ICT ծրագրի աջակցությամբ:
ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը