Լրահոս

18.09.2014 17:45


Այսօր գումարվել է ԼՂՀ Ազգային ժողովի լիագումար նիստ

Այսօր գումարվել է ԼՂՀ Ազգային ժողովի լիագումար նիստ

Սեպտեմբերի 18-ին տեղի է ունեցել 5-րդ գումարման ԼՂՀ Ազգային ժողովի 10-րդ նստաշրջանի առաջին լիագումար նիստը, որը վարում էր ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:
Նախքան նստաշրջանի բացումը մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են հուլիս-օգոստոս ամիսներին Ադրբեջանի կողմից զինադադարի խախտումների հետևանքով Արցախի սահմանները պաշտպանելիս զոհված զինծառայողների հիշատակը:
Այնուհետև խորհրդարանի նախագահն ամփոփել է նախորդ նստաշրջանի ավարտից հետո խորհրդարանի իրականացրած գործունեությունը: Աշոտ Ղուլյանի հաղորդմամբ՝ միջխորհրդարանական կապերի շրջանակներում տեղի են ունեցել տարբեր ձևաչափի հանդիպումներ Գերմանիայի Բունդեսթագի, Լիտվայի Սեյմասի, Ֆրանսիայի Սենատի ու Ազգային ժողովի խորհրդարանական պատվիրակությունների հետ: Արցախի ԱԺ են այցելել սփյուռքահայ մի շարք կառույցների երիտասարդական խմբեր: Միջխորհրդարանական համագործակցության շրջանակներում ԱԺ են այցելել ՀՀ Աժ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի և Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովների պատվիրակությունները:
Դրական տեղաշարժեր են գրանցվել նաև ԼՂՀ միջազգային ճանաչման գործում. օգոստոսի 28-ին Կալիֆորնիայի Սենատն ընդունել է ԼՂՀ անկախությունը և նրա ժողովրդի ազատ զարգացմանն աջակցող բանաձև, իսկ սեպտեմբերի 12-ին՝ Բասկերի երկրի խորհրդարանն ընդունել է փաստաթուղթ, որն աջակցում է ԼՂ ինքնորոշման իրավունքի իրագործմանը:
Համաձայն ԱԺ կանոնակարգի պահանջի՝ նոր նստաշրջանը սկսվել է ԼՂՀ պետական օրհներգի կատարմամբ:
Խորհրդարանը հաստատել է նստաշրջանի և սեպտեմբերի 18-ի նիստի օրակարգերը, ԱԺ 10-րդ նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը՝ հանձնաժողովի անդամներ վերահաստատելով պատգամավորներ Ռոմելա Դադայանին, Կամո Բարսեղյանին և Լյուդմիլա Բարսեղյանին:
Սկսելով օրենսդրական նախագծերի քննարկումը՝ խորհրադարանը հաստատել է ԼՂՀ ընտրական օրենսգրքի նոր նախագիծը(առաջին ընթերցում), «Առևտրի և ծառայությունների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին», «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Բուսասանիտարիայի մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ԼՂՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» (երկրորդ ընթերցում) օրենքները:
Խորհրդարանն այնուհետև լսել է «ԼՂՀ 2014թ. առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարման մասին» ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղեկատվությունը, որը ներկայացրել է նախարար Սպարտակ Թևոսյանը:
Ըստ օրակարգի, տեղի է ունեցել նաև օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի առաջին ընթացակարգը նոր նստաշրջանում՝ կառավարության անդամների ու փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի մասնակցությամբ:
Պատգամավորների բարձրացրած հարցերը վերաբերում էին հանրապետության կենսագործունեության տարբեր ոլորտների:
ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի 10-րդ նստաշրջանի առաջին լիագումար նիստի վերջին լսվել է նաև Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Սերգեյ Ղազարյանի հայտարարությունը՝ Բասկերի երկրի խորհրդարանի կողմից Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ:
ԼՂՀ ԱԺ մամլո ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը