Մեկնաբանություն

22.09.2014 16:04


Քիրվայակենտրոնից մինչև մարդակենտրոն

Քիրվայակենտրոնից մինչև մարդակենտրոն

Երբ «Ֆուտբոլային» դիվանագիտություն էր նախաձեռնվում, հայտարարվում էր, որ այն մարդակենտրոն քաղաքականության դրսևորում է։ Քիրվայակենտրոն քաղաքականությունը փորձ էր արվում ներկայացնել որպես «նախաձեռնողական», որը նպաստելու է տնտեսական աճին։

Թե ինչ շահեց ՀՀ քաղաքացին հայ–թուրքական արձանագրություններից, հայտնի չէ։ Ավելի ճիշտ, հայտնի է, որ Հայաստանը տուժեց, բայց շահեց շատ կոնկրետ մարդ, ով խնդիր էր դրել «Ֆուտբոլային» դիվանագիտության միջոցով պահել աթոռը՝ թեկուզև մեր երկրի անվտանգությանը հարվածներ հասցնելու գնով։

Երբ «արևմտամետ» քաղաքականություն էր վարվում, որպեսզի Արևմուտքն աչք փակի ընտրակեղծիքների վրա, ու ինչ–որ տեղ նաև «տանիք» կանգնի նույն այդ ընտրակեղծիքներին, հայտարարվում էր, որ ԵՄ–ի հետ ասոցացումը մարդակենտրոնության դրսևորում է։

Ինչպես հայտնի է, եվրաասոցացումն ավարտվեց «մաքսայնացմամբ»։ Տուժեց Հայաստանի միջազգային վարկանիշն ինչպես Արևմուտքում, այնպես էլ Ռուսաստանում։ «Ասոցացված» քաղաքականության արդյունքում լավացան ռուս–ադրբեջանական հարաբերությունները, իսկ մենք հայտնվեցինք Գյուլիստանի ճամփեքին։ Բայց շահեց կոնկրետ մարդ, ով կարողացավ տոկոս «խփել» և մարսել ընտրակեղծիքները։

Հիմա էլ ասում են, թե Սահմանադրությունն ուզում են փոխել՝ նպատակ ունենալով այն դարձնել մարդակենտրոն։

Պարզից էլ պարզ է, որ «մարդակենտրոն Սահմանադրություն» ասելով Բաղրամյան 26–ը նկատի ունի մեկ մարդու, և բոլորն էլ գիտեն այդ մարդու անունը։ Պարզապես քաղաքական դաշտի առողջ հատվածը դեմ է այդ մեկ մարդու վերարտադրմանն ու Հայաստանի անկման շարունակականության ապահովմանը, իսկ քաղաքական դաշտի մի փոքրիկ հատված ներկայացնողները կողմ են, որպեսզի վերարտադրություն տեղի ունենա։

ՀՀԿ–ն ի պաշտոնե է կողմ այդ «մարդակենտրոն» փոփոխություններին (1,5 տարի առաջ նույն ՀՀԿ–ն ի պաշտոնե դեմ էր սահմանադրական փոփոխություններին և խորհրդարանական կառավարման համակարգին), իսկ մյուսները կողմ են «մարդակենտրոնին», քանզի քաղաքական կեղտոտ առևտուր անելու հնարավորություն են ստանում։

Հանրությունն այստեղ բարդ ընտրության առաջ չէ կանգնած։ Ամեն ինչ շատ պարզ է։ Ուզում են Սահմանադրությունը դարձնել «մարդակենտրոն», որպեսզի նեոբոլշևիկյան մեթոդներով կառավարեն ցմահ։ Խնդիրը, հետևաբար, վերարտադրություն թույլ չտալն է և դրական փոփոխությունների հասնելը։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը