Մեկնաբանություն

23.09.2014 00:40


Կեղծավոր հայրենասիրության նոպաներ

Կեղծավոր հայրենասիրության նոպաներ

Անկախության տոնը դարձել է քաղաքական «էլիտայի» տոնը: Ժողովուրդը գրեթե կապ չունի այդ տոնի հետ:

Ժողովուրդը շատ-շատ կարող է դիտել հեռուստաընկերությունների ռեպորտաժները Համալիրում տեղի ունեցած տոնական միջոցառման մասին եւ թքել հնդուհավի պես փքված, զուգված-զարդարված իշխանական գործիչների երեսին, ովքեր ստից բառեր են օդ արտանետում, թե, իբր, իրենց համար «Անկախությունը գերագույն արժեք է»:

Դե, ինչպես իշխանական լրատվամիջոցների խմբագիրներն են ամսվա մեջ առնվազն վեց անգամ գրում՝ «Ազատությունը գերագույն արժեք է»:

Կեղծիք: Կամ՝ ով ինչ չունի, հենց դրա՛ մասին է գրում՝ ցույց տալու համար, թե, իբր, ինքն ազատ է, եւ գնահատում է ազատությունն ու անկախությունը:

Ի դեպ, այս տարվա Անկախության տոնական միջոցառումը, որ տեղի ունեցավ նույն վայրում՝ Համալիրում, մի տեսակ այլ զգացողություններ առաջացրեց:

Համալիրը ավելի քան երկու ամիս աճուրդի էր հանվել:

Աճուրդը, ճիշտ է, չկայացավ, բայց այն, որ Անկախության տոնը նշվում է աճուրդի հանված օբյեկտում, տհաճ ու անցանկալի զգացողություններ է առաջացնում: Դրա մեջ մի տեսակ խորհրդանշական բան կա։

Ի՞նչ իմանաս՝ վաղն էլ կարող է երկրի անկախությունը աճուրդի հանվել:

Սա զուտ սուբյեկտիվ զգացողություն է, եւ խնդրում եմ քար ու փետ առած՝ չհարձակվել ինձ վրա:

Բայց դառնանք անկախության կենացը խմողներին կամ, ավելի ճիշտ, հեռուստախցիկների առաջ յուղոտ ժպիտով երկրի անկախության տոնի մասին հայիլ-մայիլ լինելով՝ մի երկու բառ ասողներին:

ՀՀԿ-ական բարձրաստիճան պաշտոնյա տիկնոջ երկու որդիները արտասահմանում են ապրում, եւ, ո՜վ հրաշք, նրանք սեպտեմբերի 21-ին զանգել եւ Անկախության տոնի կապակցությամբ շնորհավորել են մայրիկին:

Վա՛խ, վա՛խ, վա՛խ… Հայ ժողովրդի սիրտը լցվեց: Էս ի՜նչ հայրենասեր զավակներ ունի իշխանական տիկինը:

Հաջորդ իշխանական տղամարդն էլ հեռուստախցիկի առջեւ սովետական ոտանավոր է արտասանում, էն մյուսը՝ երգում, ու կեսից հուզվում….

Դե արի ու մի ասա՝ ախպեր ջան, ձեր էս տվայտանքներն ի՞նչ կապ ունեն Անկախության տոնի հետ:

Էդ անտեր անկախությունը ձեզ թռփոշացրեց մինչեւ անսահմանություն, իսկ անկախ «ապահով Հայաստանը»՝ ժողովրդին տկլորացրեց:

Դե արի՛, տկլո՛ր ժողովուրդ, ու տոնը նշիր, դարձիր պալատական խրախճանքի մասնակից: Մուտքը փակ է, ինչպե՞ս դառնա այդ խրախճանքի մասնակիցը:

Նրան ընդամենը վերապահված է հեռուստաէկրանին այդ կեղծ հանդեսը դիտելու իրավունքը:

Եթե միայն այս իրավունքն է նրան տրված, եթե ժողովուրդը շարունակում է կախյալ մնալ իշխանական տզրուկներից, որոնք օրենքներն արհամարհելով՝ արհամարհում են հենց նույն հանության իրավունքները, ապա թող լռեն բոլոր նրանք, ովքեր խրատաբանի մունդիրը հագին՝ տարիներ շարունակ վշվշում են՝ «Ցավոք, մեր անկախությունը չկարողացանք ինչպես հարկն է՝ արժեւորել»:

Ձեւական վշվշոցներով հերի՛ք է օդը տատանեք, պարոնա՛յք իշխանավորներ:

Գործեք այնպես, որ ժողովուրդն իրապես գնահատի անկախության արժեքը: Այն է՝ կառավարե՛ք ի շահ երկրի ու ժողովրդի:

Ոչ թե ի շահ ձեր անձնական բարօրության:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը