Մեկնաբանություն

23.09.2014 15:58


Քաղաքական դաշտի ջրբաժանը

Քաղաքական դաշտի ջրբաժանը

Հայաստանի քաղաքական դաշտը պարբերաբար լղոզվում է և «պարզաջրվում»։ Հիմա այն եզակի փուլերից է, երբ ամեն ինչ շատ պարզ է, ու հստակ երևում է ջրբաժանը։

Քաղաքական դաշտի մի կողմում գործող իշխանությունների, ավելի կոնկրետ՝ ՀՀԿ ղեկավարի վերարտադրման կողմնակիցներն են։ Այս հատվածում, բնականաբար, ՀՀԿ–ն է, որը թաքնվելով տարատեսակ ձևակերպումների տակ՝ առաջարկում է փոխել Սահմանադրությունը և ներդնել խորհրդարանական կառավարման համակարգ (իրականում առաջարկվում է խորհրդայի՛ն մոդել)։

ՀՀԿ–ից էլ ավելի ՀՀԿ–ական վարքագիծ է դրսևորում է ՀՅԴ–ն, որի վերնախավը ներկայացնողները բաց տեքստով են հայտարարում, որ ապագա իշխանության մեջ ուզում են իրենց մասը՝ փոխարենը պատրաստակամություն հայտնելով նպաստել Սերժ Սարգսյանի ունեցած ամբողջի պահպանության համար։

Դաշնակցականների դե ֆակտո առաջին դեմք Հրանտ Մարգարյանն անկեղծորեն խոստովանեց, որ ոչիշխանական ուժերը կարող են հաղթել առաջիկա նախագահական ընտրություններում, ինչին իրենք դեմ են, ու դրա համար էլ պաշտպանում են Սարգսյանին։ Այլ կերպ ասած՝ ՀՅԴ–ում շանս են տեսել ներքին ու արտաքին քաղաքականությունը տապալած և ըստ այդմ թուլացած իշխանության հետ առևտրի հարցում և այդ իսկ պատճառով էլ կողմ են արտահայտվում սահմանադրական փոփոխություններին։

Ինչպես հասկանում եք, այստեղ որևէ խոսք չի կարող գնալ սկզբունքայնության մասին։ Քանզի լավագույն դեպքում մարդ պետք է անմեղսունակ լինի՝ հայտարարելու համար, թե Սերժ Սարգսյանի առաջարկած փոփոխությունները պատմական շանս են, նպաստելու են մեր երկրի ժողովրդավարացմանը և մարդու իրավունքների պաշտպանությանը։

Այո՛, Հայաստանն, ի վերջո, կարող է անցնել խորհրդարանական կառավարման մոդելի, սակայն դա պետք է լինի այն ժամանակ, երբ կայացած լինեն կուսակցությունները, և պաշտպանված լինի սեփականության իրավունքը։ Հակառակ դեպքում՝ խորհրդարանական կառավարման համակարգի անվան տակ՝ Հայաստանում կստեղծվի քաղաքական առևտրի մանրամեծածախ շուկա, որը տեղակայված կլինի ԱԺ շենքում, և որի տարածքում կգնվեն ու կվաճառվեն բոլոր տիպի «սկզբունքային» ու «ազգային» ուժերը՝ սպասարկելով մեկ մարդու շահերը։

Ինչ մնում է քաղաքական դաշտի մյուս կողմին, ապա այստեղ ևս ամեն ինչ հստակ է։ Բոլոր այն ուժերը, որոնք դեմ են զուտ վերարտադրության խնդիր լուծող սահմանադրական փոփոխություններին, գտնվում են ջրբաժանի հակառակ հատվածում։ ԲՀԿ–ն, ՀԱԿ–ն ու «Ժառանգությունն» արտահայտվել են այս թեմայով։ Նրանք դեմ են վերարտադրությանը։

Բոլոր հարցերի պատասխանն ու հանգուցալուծումն, ըստ այդմ, կլինի Ազատության հրապարակում։ Հոկտեմբերի 10–ի հանրահավաքին պետք է մասնակցել ու պահանջել։ Մնացածը դատարկ խոսակցություններ են։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը