Մեկնաբանություն

24.09.2014 21:58


Գրողի ծո՛ցը «Ֆուտբոլային» դիվանագիտությունը

Գրողի ծո՛ցը «Ֆուտբոլային» դիվանագիտությունը

«Այն, ինչ Դուք կասեք,

կարող է օգտագործվել Ձեր դեմ»։

Հոլիվուդյան ֆիլմերում հաճախ

հանդիպող նախադասություն

Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում և անդրադարձել հայ–թուրքական արձանագրություններին։

Նա բողոքել է Թուրքիայի պահվածքից, այն Թուրքիայի, ում հետ «Ֆուտբոլային» դիվանագիտություն նախաձեռնելով՝ հաշվի չառավ ոչ մի այլ կարծիք։

Հաշվի չառավ ՀՀ քաղաքացիների կարծիքը, հաշվի չառավ Սփյուռքի կարծիքը, հաշվի չառավ քաղաքական ուժերի ու անաչառ փորձագիտական շրջանակների կարծիքը։

Արդյունքում՝ ծնվեցին հայ–թուրքական տխրահռչակ արձանագրությունները, որոնք պատուհաս են դարձել մեր գլխին։

«Պաշտոնական Անկարան բացահայտ հռչակում է, որ կվավերացնի այդ արձանագրությունները, միայն եթե Լեռնային Ղարաբաղը` Ազատ Արցախը, հայերը հանձնեն Ադրբեջանին: Հայաստանում և Արցախում նման նախապայմաններին պարզ մարդիկ շատ հաճախ արձագանքում են շատ պարզ. «Գրողի ծո՛ցը՝ վավերացնեք»: Ժողովրդական լեզվով արտահայտված այս երկու բառի մեջ մի ողջ ազգի դարավոր պայքարն է խտացած, որ ուրիշի հայրենիքի վրա առուծախ անողներին անառարկելիորեն բացատրում է` Հայրենիքը սուրբ է, ու ձեր առուծախը հեռո՛ւ տարեք մեզնից»,– հայտարարել է ՀՀԿ ղեկավարը ՄԱԿ–ի բարձր ամբիոնից։

Ինչպես ասում են՝ ոսկե խոսքեր։ Սա այն դեպքն է, երբ դժվար է Սարգսյանի տված գնահատականների հետ չհամաձայնելը, անշո՛ւշտ, մի փոքրիկ շտկումներից հետո։

Այո՛, պարզ մարդիկ ասում են, թե գրողի ծոցը վավերացնեք արձանագրությունները, բայց նույն այդ պարզ մարդիկ մինչև արձանագրությունների ստորագրումն էին հիշել գրողի ծոցի մասին։

Պարզ մարդիկ «ֆուտբոլային» դիվանագիտությունն էին ուզում գրողի ծոցն ուղարկել, սակայն պաշտոնական Երևանն անգամ Նալբանդյան Էդիկի այտերի փորձության գնով «Ֆուտբոլային» սիրախաղից չհրաժարվեց։

Այո՛, Թուրքիան առուծախ է ուզում անել Ղարաբաղի թեմայով, բայց դրա առիթը տվել է պաշտոնական Երևանը, որը առուծախի մեջ մտավ՝ համաձայնելով Հայոց ցեղասպանության հարցը դարձնել պատմաբանների քննարկման առարկա (այսինքն, փաստացի մոռացության տալ Ցեղասպանության հարցը) սահմանների բացման դիմաց։

Այդ պաշտոնական Երևանն էր, որ դրական գնահատեց Թուրքիայի այն ժամանակվա նախագահ Գյուլի առաջարկը՝ օժանդակել Ղարաբաղի խնդրի կարգավորմանը։ Այդ օրերին մոռացել էին, որ Հայրենիքը սուրբ է, ու թող թուրքերը հեռու մնան մեզնից։

Հիմա ումի՞ց է բողոքում Ս. Սարգսյանը, և ինչու՞ է տապալված «նախաձեռնողական» քաղաքականությունն ուզում փրկել հայրենասիրական պաթոսով։

Մենք դեռ այն ժամանակ էինք զգուշացնում, որ «Ֆուտբոլային» խայտառակ գործընթացով հայ–թուրքական սահմանները չեն բացվելու, որ դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվելու, և որ Թուրքիան խոսելու է նախապայմանների լեզվով։

Պաշտոնական Երևանն այն օրերին խուլ էր կամ խուլ էր ձևանում, քանզի անձնական բնույթի հարցեր էր լուծում, իսկ ՀՀ և ԼՂՀ քաղաքական շահերն ուղարկում էր գրողի ծոցը։

Այնպես որ, «գրողի ծոցի» մասին հիշելուց առաջ լավ կլիներ, որ բոլորը հիշեին, թե ով ինչ էր ասում «Ֆուտբոլի» բուռն շրջանում։ Ու արդեն կապ չունի, որ, ինչպես Սարգսյանն է հայտարարել՝ «Այսօր պաշտոնական Երևանը լրջորեն քննարկում է հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու հարցը»։

«Ֆուտբոլային» գործընթացն արդեն տվել է իր վնասն ու լուրջ հարվածներ հասցրել մեր անվտանգությանը. խորհրդարանից հետ կանչես, թե չկանչես՝ արդեն մի հաշիվ է (այդ փաստաթղերը պետք չէր ստորագրել, որ մի հատ էլ հետկանչման հարց առաջանար)։

Ստեղծված իրավիճակում «հայրենասիրական» ելույթներով վիճակը չես շտկի։ «Ֆուտբոլային» տապալումն այս իշխանությունների ամբողջական քաղաքական պատասխանատվության տակ է, ինչպես նաև այն շրջանակների, որոնք «անկախ» դիրքերից աջակցում էին «նախաձեռնողական» դիլետանտիզմին։

Հայաստանի արտաքին քաղաքականությունը կարող է կարգավորել միայն նոր իշխանությունը՝ նոր մոտեցումներով։

Սերժ Սարգսյանն ունի միայն խրոխտ ելույթների ռեսուրս, որն աշխարհում ոչ մեկին վաղուց չի հետաքրքրում։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Հետաքրքիր է՝ եթե Սերժ Սարգսյանը նման կարծիքի է Թուրքիայի վարքագծի մասին, ապա ինչո՞ւ է Էրդողանին հրավիրում Ծիծեռնակաբերդ։ Արդյոք կարելի՞ է Ղարաբաղն առևտրի առարկա դարձնողների հետ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելել։ Թե՞ հրավերքն էլ է առևտրային առաջարկ։

Այս խորագրի վերջին նյութերը