Մեկնաբանություն

25.09.2014 11:50


«Էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու»

«Էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու»

Նախկինում «արեւմտամետ», իսկ այսօր՝ «ռուսամետ» Սերժ Սարգսյանի արտաքին «նախաձեռնողական» քաղաքականությունը տարբեր ուղղություններով եւ տարբեր թեմաներով տեւում է 3-4 տարի:

Դե, Հայաստանն այնքան հիանալի վիճակում է գտնվում, որ կարելի է նման շռայլություն թույլ տալ եւ տարիներով անտեսել ներքին քաղաքականությունն ու զբաղվել արտաքին քաղաքական «էքսպերիմենտներով»:

Հայտնի է, որ նա երեքուկես տարի Եվրամիության ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցելուց հետո կտրուկ շրջադարձ կատարեց դեպի Մաքսային միություն՝ սփյուռքահայերի հետ հանդիպման ժամանակ խոստովանելով, որ մեկ գիշերվա ընթացքում է այդ որոշումը կայացրել:

Մի չորս տարի էլ նրան պետք էր, որպեսզի վերջապես գիտակցեր՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը ոչ մի տեղ չի տանում:

Ո՞վ գիտե, գուցե ավելի վաղ էր գիտակցել, ուղղակի սպասում էր մինչեւ ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ ունենալու պահը:

Դե, Ցյուրիխում տխրահռչակ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման արարողությանը մասնակցելու համար առաջ հրեց Նալբանդյանին, իսկ այդ փաստաթղթերից հնարավոր հրաժարման մասին հայտարարությունը պետք է հնչեցներ ինքը ոչ ավելի, ոչ պակաս՝ ՄԱԿ-ի ամբիոնից: Ավելի ցածր մակարդակ իրեն չի սազում: Ինչեւէ:

Նախ՝ նկատենք, որ Սարգսյանը, ով անցած չորս տարիներին Թուրքիայի եւ այդ պետության ղեկավարության մասին շատ զգուշավոր ու մեղմ էր արտահայտվում, վերջին շրջանում այստեղ՝ Հայաստանում, ակնհայտորեն կոշտացրել էր իր գնահատականները Թուրքիայի հանդեպ: Ոչ մի առիթ բաց չէր թողնում Հայաստանի նկատմամբ թուրքական կառավարության վարած քաղաքականությունը քննադատելու համար: Մի բան, որ, կրկնում ենք, մինչեւ վերջերս նրա մոտ չէր նկատվում:

Այս առումով ինչ-որ տեղ սպասելի էր, որ Սերժ Սարգսյանն ընտրելու է «էշից իջնելու» ճանապարհը:

Բայց որ ՄԱԿ-ի ամբիոնից Թուրքիային իր ասելիքը փոխանցելու համար ընտրելու էր պառավական անեծքի ոճը՝ դա անակնկալ էր:

Թեպետ, սովոր ենք նրա բառաֆոնդին, ուր զարմանահրաշ կիսաժարգոնային արտահայտություններով պատկերներ կան, որոնք հրապարակվելով դարձել են «թեւավոր խոսքեր», այնուհանդերձ, ՄԱԿ-ի ամբիոնը հայաստանյան հարթակ չէ, որտեղից կարելի է ասել՝ «գրողի ծոցը՝ վավերացնեք»:

Նյու Յորքում հե՛նց այդպես էլ արտահայտվել է: Նաեւ հիշել, որ հայրենիքը սուրբ է, ու թուրքական առեւտրի մեջ ինքը չի մտնի, արձանագրությունների վավերացման դիմաց թուրքական կողմի պահանջը չի բավարարի, այն է՝ Արցախը չի հանձնի Ադրբեջանին:

Եվ ընդհանրապես, եթե այդքան տմարդ դուրս եկավ Թուրքիան, ուրեմն իմացեք, որ այսօր պաշտոնական Երևանը լրջորեն քննարկում է հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու հարցը:

Հավանաբար, այդ հարցը քննարկվել է վերջերս ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում տեղի ունեցած փակ նիստի ժամանակ, որին մասնակցում էր Նալբանդանը:

Քանզի առաջին անգամ ենք լսում, որ պաշտոնական Երեւանը քննարկում է արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու հարցը (ի դեպ, Հայաստանի ստորագրությունը այդ արձանագրությունների տակից վերցնելու մասին չի ասում Սարգսյանը):

Ավելորդ է ասել, թե անցած տարիներին այստեղ՝ Հայաստանում, որքան է խոսվել արձանագրություններից հրաժարվելու անհրաժեշտությնա մասին:

Բայց միայն հիմա է Սերժ Սարգսյանը կարծես որոշել վերջ տալ այդ խայտառակ գործընթացին, որը բացի վնասից՝ ոչինչ չտվեց մեր երկրին:

Բայց հետաքրքիր է՝ ինչո՞ւ հիմա հանկարծ Սերժ Սարգսյանը որոշեց գնալ այդ քայլին:

Կարելի է մի քանի վարկածներ նշել, բայց նախ պետք է սպասել ու տեսնել, թե իսկապե՞ս այդ արձանագրությունները դուրս կշպրտվեն խորհրդարանի օրակարգից, թե՞ ոչ:

Բայց մի բան ակնհայտ է: Սարգսյանը հույսեր էր կապում Թուրքիայի նախկին նախագահ Գյուլի հետ, որի հետ թերեւս հնարավոր էր համարում, որ, ի վերջո, «լեզու կգտնի»: Իսկ ահա նոր նախագահը՝ Էրդողանը, մոլեռանդ հակահայ է, եւ նրա հետ անհնար է գործընթացը շարունակել: Այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Սարգսյանը հրավերք ուղարկում Էրդողանին, այն էլ՝ ոտքի վրա բռնացնելով նրան։

Արձանագրությունների հետկանչման համար կա նաեւ ներհայաստանյան վարկած. ասենք՝ հնարավոր է, որ Սարգսյանը արձանագրություններն ԱԺ–ից հանելու քայլին է գնում ոչիշխանական ուժերի «քառյակից» արդեն հեռավորություն պահպանող ուժի «խաթեր», որպեսզի լրացնի ՕԵԿ–ի բացը և հետագա սերտ համագործակցության դաշտ ստեղծելու ձևական կողմն ապահովի։ Այդպես հա՛մ Արևմուտքին ցույց կտա, որ արձանագրություններից ոչ թե հրաժարվում է, այլ ընդամենը հետ է կանչում դրանք ԱԺ–ից, իսկ ներքին լսարանում էլ թունդ հայրենասիրության հնարավորություն կստանա։

Ինչեւէ, կապրենք՝ կտեսնենք:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը