Մեկնաբանություն

25.09.2014 13:10


«Բարեփոխումներին» ընդառաջ

«Բարեփոխումներին» ընդառաջ

ՀՅԴ–ական վերնախավի փոքրաթիվ անդամները հերթական փաստարկները ստացան Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական «բարեփոխումներին» կողմ արտահայտվելու համար։

Երեկ ՀՀԿ ղեկավարը ՄԱԿ–ի ամբիոնից «Նախագա՛հ, մի՛ զիջիր» ոճի մեջ ելույթ ունեցավ և «գրողիծոցային» դիվանագիտություն սկսեց՝ պայքարելով իր իսկ նախաձեռնած «Ֆուտբոլային» քաղաքականության արդյունք հանդիսացող հայ–թուրքական տխրահռչակ արձանագրությունների դեմ։

Իսկ այսօր արդեն Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակվեց Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան, ում «Վերջի բոլշևիկը» կարճատև արձակուրդի էր ուղարկել՝ Գորիսում տեղի ունեցած սպանությունը մարսելու, նյարդերը հանգստացնելու և Սյունիքի մարզը հետագայում նոր թափով ասպատակելու համար։

Համաձայնե՛ք, որ Լիսկայի վերանշանակումը հզոր փաստարկ է դաշնակցականների ձեռքում։ Սրանից հետո այլևս որևէ մեկը չի կարող ասել, որ Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունները նախաձեռնել է սեփական վերարտադրությունը լիսկաների միջոցով կազմակերպելու համար։

Սյունիքի «նոր» մարզպետն իր ողջ էությամբ ցույց է տալիս, որ սահմանադրական փոփոխություններն արվում են հանուն ժողովրդավար, իրավական ու առաջադեմ, ես կասեի՝ խորհրդարանակա՛ն Հայաստանի։

Լիսկայի վերանշանակումը հուշում է, որ առաջարկվող սահմանադրական փոփոխություններն իրոք մարդակենտրոն են, այն է՝ մարդը կանգնելու է կենտրոնում, իսկ լիսկաները կրակելու են կենտրոնի վրա։ ՀՅԴ վերնախավին այդ գործում վերապահված է փաստաբանի ֆունկցիան։

Եվ այսպես, եթե մինչ այժմ «ճաք տվածի» հետ ուս ուսի տված սահմանադրական փոփոխություններ քարոզող դաշնակցականները որոշակի դժվարությունների էին հանդիպում, ապա Լիսկայի առկայությունը պետական կառավարման համակարգում արդեն լուծում է բոլոր խնդիրները։ Հիմա կարելի է առանց կոմպլեքսների պաշտպանել Սերժ Սարգսյանին։ Չէ՞ որ նա զուգահեռաբար նաև հայրենասիրությամբ է զբաղվում։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Խաչատրյանին Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակելով՝ Սերժ Սարգսյանը դրական է գնահատել սպանությունն ու «դաբրո» տվել մյուս սպանությունների համար։

Սա նաև յուրօրինակ «մեսիջ» էր պետական կառավարման համակարգում հայտնված հանցավոր աշխարհին, որ վերևին ծառայելով՝ կարելի է անպատիժ մնալ։

Հետևությունները պետք է անեն քաղաքական ուժերն ու հանրությունը։ Սա լուրջ մարտահրավեր է և լուրջ պայքար է պահանջում։

Այս խորագրի վերջին նյութերը