Մեկնաբանություն

25.09.2014 15:00


Լիսկայի վերանշանակման փայատերերը

Լիսկայի վերանշանակման փայատերերը

ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 24-ին հյուրընկալվել է Կոլումբիայի համալսարան, որտեղ հանդես է եկել դասախոսությամբ: Թե քանի հոգի է հավատացել Սարգսյանի խոսքերին, թողնենք Կոլումբիայի համալսարանի գիտնականներին, ովքեր տարբեր երևույթների մասին միշտ հետաքրքիր բացահայտումներ են անում։

«Հայաստանը շարունակում է Եվրոպական միության հետ համակողմանի համագործակցությունն ինչպես Արևելյան գործընկերության, այնպես էլ երկկողմ ձևաչափով: Եվրամիության և Արևմուտքի աջակցության շնորհիվ մեր երկիրը լուրջ բարեփոխումներ է իրականացրել ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության, տնտեսության ազատականացման և շատ այլ կարևոր ոլորտներում,– համալսարանում հավաքվածներին ներկայացրել է ՀՀԿ ղեկավարը։

Թե ինչպիսի բարեփոխումներ են իրականացվել տնտեսության ազատականացման ոլորտում, գիտեն բոլորը։ Այդ բարեփոխումներն, ի դեպ, մեկ նախադասությամբ գնահատել է նույն Սարգսյանը՝ Պրահայում իր հետ հանդիպման եկած սփյուռքահայ գործարարին բացատրելով, որ փոքրիկ Հայաստանում պետք է մեկ հոգի շաքարավազ բերի, իսկ եթե բիզնեսմենը խնդիր է ունենում, ապա պետք է իրեն դիմի։

Դեռևս տեղեկություններ չկան այն մասին, թե արդյոք Կոլումբիայի համալսարանում Սարգսյանը խոսե՞լ է առանց տեսախցիկների, թե՞ ոչ։ Բայց առանց դրա էլ ամեն ինչ պարզ է, քանզի տեսախցիկների առկայությամբ հայտարարել, թե Հայաստանի զարգացման գրավականը լավ կրթված և իր գործի նվիրյալ երիտասարդությունն է, ու զուգահեռաբար մարզպետ վերանշանակել Սուրիկ Խաչատրյանին՝ Լիսկային, արդեն իսկ ցույց է տալիս, թե որքան անկեղծ ու բաց զրույց է տեղի ունեցել Կոլումբիայի համալսարանում, և թե հավաքվածներին որքան մեծ հավատ են ներշնչել Սարգսյանի խոսքերը։

Հանուն արդարության՝ պետք է նշել, որ Սարգսյանը միայնակ չի նշանակել Լիսկային։ Այդ նշանակումը փայատերեր ունի։ Դրանք են՝

–Սերժ Սարգսյանի ընդդիմախոսների դեմ ընդդիմություն խաղացողները,

–«անկախ» լրատվամիջոցները՝ «1in.am»–ի գլխավորությամբ,

–«հակաօլիգարխիկ» պայքարի ռահվիրաները, ովքեր սնվում են Բաղրամյան 26–ից, այն է՝ օլիգարխիայի նստավայրից,

–առաջիկա հանրահավաքին քաղաքացիներին չմասնակցելու կոչ անողները,

–«սութի փորձագետները», որոնց հիմնական խնդիրը «Սերժը վատն է, բայց մյուսներն էլ են վատը» կոդի մեջ գեղամյանություն անելն է,

–Սարգսյանի վերարտադրության համար արվող սահմանադրական փոփոխությունները «տակից» ու «վրայից» պաշտպանողները,

–«արևմտամետ» հաճախորդները՝ դավիթշահնազարյաններ, արամսարգսյաններ, աղասիենոքյաններ,

–վարձկան սոցիոլոգներն ու պնակալեզ պաշտոնյաները,

–Հայաստանը Գյուլիստանի պայմանագրով հանձնող «ռուսամետները»։

Լիսկան նաև սրանց մարզպետն է։ Ու բնական է, որ վերը նշված խմբերը պետք է պաշտպանեն այդ նշանակումը՝ դհոլական ձևակերպումներ գտնելով ու իբր թե իրենց դժգոհությունն այդ նշանակման կապակցությամբ ցույց տալով։

Բայց դե, քանի՞ ոչխար կա Հայաստանում, ով կհավատա, թե Սերժ Սարգսյանը Կոլումբիայի համալսարանում հանգիստ դասախոսություն էր կարդում, մեկ էլ հանկարծ Լիսկան մարզպետ դարձավ։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը