Մեկնաբանություն

26.09.2014 10:55


Մինչ Սերժ Սարգսյանը ԱՄՆ–ում ...

Մինչ Սերժ Սարգսյանը ԱՄՆ–ում ...

Լա՜վ, հասկացանք, որ Շառլ Ազնավուրը «շատ հեռու է Հայաստանից ու չի տիրապետում իրականությանը», ինչում համոզված է Սերժ Սարգսյանը (չնայած, անհասկանալի է, թե ինչու է նույն ինքը՝ Սարգսյանը, դեսպան նշանակել մի մարդու, որը չի տիրապետում իրականությանը):

Իսկ մնացա՞ծը, Հայաստանում ապրող քաղաքացինե՞րը:

Մենք հո տիրապետո՞ւմ ենք իրականությանը: Լիովին տիրապետում ենք այն գաղջ իրականությանը, որում ապրում ենք:

Թեկուզ միայն վերջին օրերի իրականությունը եթե սկսենք ներկայացնել, բառերն ու բնութագրումները չեն բավականացնի:

Մինչ Սերժ Սարգսյանը «International New York Times» թերթի գովազդային էջում, մի քանի տասնյակ հազար դոլար վճարելով, «իր» հոդվածն է հրապարակում, այստեղ՝ Երեւանում, խոշոր տոնավաճառների առեւտրականները պաշարում են կառավարության շենքը:

Անհատ ձեռներեցներին բացարձակապես չի հետաքրքրում օտար մամուլում Սարգսյանի «հեղինակությամբ» վճարովի հրապարակված հոդվածը, եւ ոչ էլ ցանկանում են ծանոթանալ դրա բովանդակությանը:

Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող առեւտրականներին մի հարց է հետաքրքրում՝ իշխանությունն, ի վերջո, թողնելո՞ւ է, որ իրենք նորմալ աշխատեն, թե՞ հերթական օրենքի կիրառմամբ դժվարացնելու է իրենց օրվա հացը վաստակելու հնարավորությունը:

Մինչ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից խոսում է սուրբ հայրենիքի մասին, Կառավարության մոտ ցույցը շարունակող առեւտրականները, դիմելով Կառավարությանը, բղավում են. «Եթե չեք թողնում աշխատենք, մեր համար տոմս առե՛ք, գնանք Թուրքիա, ընդեղ աշխատենք, ոնց որ մյուսներն են գնացել»:

Մինչ Սերժ Սարգսյանը Կոլումբիայի համալսարանում խոսում է Հայաստանի ձեռքբերումների ու իր վարած «նախաձեռնողական» արտաքին քաղաքականության մասին, այստեղ ոսկու շուկայի տերը ամենավայրագ ձեւով ջարդուփշուր է անում այն ցուցարարների սեղանները, ովքեր գործադուլ են արել՝ միանալով Կառավարության մոտ հավաքված իրենց բախտակիցներին:

«Լա՛վ եմ արել, բա հո չէ՞ի թողի, որ գնան հասնեն Կառավարություն, անօրինական բան անեն»,- իր «խիզախ» քայլը արդարացնելով՝ հայտարարում է ոսկու շուկայի տեր Վաղարշը:

Մինչ Սերժ Սարգսյանը Կոլումբիայի համալսարանում փորձում է խուսափել Հայաստանի ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցերին պատասխանելուց (ի դեպ, հաջողում է, քանի որ հանդիպումը վարող ամերիկացի տիկինը նրան օգնում է այդ հարցում), այստեղ Աբովյան քաղաքում իր հանրահավաքն է անում ոչիշխանական ուժերի «եռյակը»: Եվ շատ տպավորիչ հանրահավաք է տեղի ունենում. հրապարակը բազմամարդ է, իսկ ելույթների բովանդակությունը՝ արժանահավատ եւ ճշգրիտ: Ակնհայտ է՝ բանախոսներին լսողները համաձայն են, որ օր առաջ պետք է երկրում տեղի ունենան փոփոխություններ. այսպես ապրել այլեւս հնարավոր չէ:

Եվ մինչ ՀՀԿ-ական ու ՀՅԴ-ական գործիչները շարունակում են իրենց հիացմունքը հայտնել ՄԱԿ-ում ՀՀԿ առաջնորդի ունեցած «ջախջախիչ» ելույթի կապակցությամբ (ինչին, ի դեպ, ոչ մի բառով չարձագանքեց Էրդողանը՝ ի ցույց դնելով, որ արհամարհում է նախորդ ելույթ ունեցողին), Սերժ Սարգսյանի հրահանգով Սյունիքի մարզպետ է վերանշանակվում Լիսկան:

ՀՀԿ-ականներն ու ՀՅԴ-ակաները այս անպատկառ որոշումը չնկատելու տալով՝ շարունակում են գովերգել Սերժ Սարգսյանի «գրողիծոցյան» մակարդակի ելույթը:

Հավանաբար, ՀՅԴ-ի համար հուսադրող է այս ամենը, եւ այդ պատճառով են նրանք Սերժ Սարգսյանին համարում «սահմանադրական բարեփոխոխիչ»:

Իսկ Շառլ Ազնավուրը, որ շատ հեռու է, այնուհանդերձ, դեռ երկու տարի առաջ է հասկացել ու ասել. «Շատ չի անցնի, եւ Հայաստանը կդառնա մի դատարկ խեցի, ո՞ւմ է դա ձեռնտու, մեծահարուստ ավազակների՞ն, մի քանի մաֆիոզի՞։ Ես գիտեմ, որ մենք ունենք մի դժբախտ երկրի փոքրիկ կտոր, որն օրեցօր մահանում է»:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը