Մեկնաբանություն

28.09.2014 10:35


Իշխանությունների ներսն ու դուրսը

Իշխանությունների ներսն ու դուրսը

Այո՜, Տիգրան Սարգսյանը հիանալի է կազմակերպել Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը:

Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, որ արդեն երկու ամիս է, ինչ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնն է զբաղեցնում, ամեն ինչ արել է, որ Սերժ Սարգսյանն ամերիկյան այցի ընթացքում կարողանա մասնակցել հնարավոր ու անհնար բոլոր գագաթաժողովներին, համաժողովներին ու հավաքներին:

Սերժ Սարգսյան արդեն մասնակցել եւ ելույթ է ունեցել Նյու Յորքում կայացած Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանին, հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ, ելույթով հանդես է եկել Կոլումբիայի համալսարանում, նաեւ մասնակցել է «ԱրմԹեք-2014» համաժողովի բացմանը:

Նշվում է նաեւ, որ հանդիպում է ունենալու հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

Էս վերջին հանդիպման հարցուպատասխանի (առանց տեսաձայնագրող սարքերի) մանրամասները երեւի ամիսներ հետո կբացայատվեն: Բայց խոսքն այդ մասին չէ:

Մինչ դեսպան Տիգրան Սարգսյանը զբաղված է շեֆի ամերիկյան այցի բարեհաջող ընթացքն ապահովելու գործով, այստեղ՝ Երեւանում, Վերահսկիչ պալատը շարունակում է նոր հաշվետվության հրապարակումը խորհրդարանում:

ԱԺ-ում ոմանց մազերը բիզ-բիզ են կանգնում՝ լսելով ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի զեկույցը: Իսկ հանրությունը «ատկատների» չափաքանակից քիչ է մնում՝ ուշաթափվի:

Դպրոցաշինություն, ճանապարհաշինություն, գյուղատնտեսություն... բոլոր-բոլոր ոլորտներում բյուջեի գումարները կերել են պայթելու աստիճանի:

Եվ այս ամենը տեղի է ունեցել վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարման շրջանում, ով հիմա դիվանագիտական «ֆուրոր» է անում՝ ջանքեր չխնայելով Սերժ Սարգսյանի ամերիկյան այցը հնարավորինս պատշաճ կազմակերպելու համար:

Քանի՞ գրոշ արժե ամերիկյան տուրնեն, եթե երկրիդ ներսում անխնա թալանը շարունակվում է, որի պատասխանատուն Սերժ եւ Տիգրան Սարգսյաններն են:

Այս օրերին եւս մի այցի մասին տեղեկություն տարածվեց:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Չեխիա, որտեղ հանդիպումներ ունեցան չեխ բարձրաստիճան պաշտոնյաների եւ տեղի հայ համայնքի հետ:

Վերադառնալով Հայաստան՝ պատվիրակության անդամներն սկսեցին հիացած պատմել, թե ինչե՜ր է պատրաստվում անել Չեխիայի պառլամենտը մեր երկրի համար, ինչ ներդրումներ են սպասվում եւ այլն:

Չեխիայի հայ համայնքի հետ հանդիպման մասին առայժմ լռում են:

Իսկ տարեսկզբին, երբ այնտեղ էր Սերժ Սարգսյանը, տեղի հայերի հետ վերջինիս հանդիպման մանրամասներն օրերս բացահայտվեցին, ինչից պարզվեց, որ Սարգսյանը ողջունում է տնտեսական մենաշնորհները, ասել է նաեւ, որ մի գիշերում չէր կարող ողջ հայությանը տեղյակ պահել ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության մասին եւ այլն:

Դեռ հայտնի չէ, թե Պրահայում ապրող հայերի հարցերին ինչպես են պատասխանել Շարմազանովն ու նրա գլխավորած պատվիրակության անդամները (երկուսը ՀՀԿ-ական, մեկը՝ ՀՅԴ-ական), բայց մի բան հստակ է՝ նրանց լսարանն ավելի քան տեղյակ է հայաստանյան իրականությունից:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը