Մեկնաբանություն

28.09.2014 21:40


Սյունեցի «արևմտամետ սաքուլիկները». նրանք դիմում են Հեֆերնի օգնությանը

Սյունեցի «արևմտամետ սաքուլիկները». նրանք դիմում են Հեֆերնի օգնությանը

«Եռյակի» կազմակերպած հանրահավաքների շարքը ևս մեկ անգամ բացահայտում է, որ այս իշխանությունները հանրային երկու տիպի հենարան ունեն։ Մեկը ՀՀԿ–ի տատիկն է՝ իր «կլոնների» հետ միասին, իսկ մյուսը՝ մայրաքաղաքային ու տեղական նշանակության «սաքուլիկները»։ Չհաշված, իհարկե, քրեական տարրերը, որոնցից մեկն օրերս վերանշանակվեց Սյունիքի մարզպետի պաշտոնում (թեև քրեական տարրեր հանդիսացող լիսկաներն էլ, մեծ հաշվով, «սաքուլիկներ» են)։

ՀՀԿ–ի տատիկների ու «սաքուլիկների» միջոցով Բաղրամյան 26–ում որոշել են դիմադրություն ցույց տալ՝ փորձելով խոչընդոտել հանրահավաքներին։ Ընդ որում, ցուցաբերվում է տարբերակված մոտեցում։ Եթե Հրազդանում «խոդի» էին տվել կնանիքին, ապա Սիսիանում ու Կապանում մարտի նետվեցին «սաքուլիկները», որոնք, պարզվում է, «արևմտամետ» կողմնորոշում ունեն, և համակրում են ՀՀ–ում ԱՄՆ դեսպանին։

Չգիտեմ՝ տեղյակ է, թե չէ Ջոն Հեֆերնը, բայց Սիսիանում Սերժ Սարգսյանի կողմնակիցները, փորձելով հանրահավաքի ժամանակ սադրիչ գործողություններ իրականացնել, բարձրախոսով մեջբերել են Հեֆերնի խոսքերը՝ ՄԱԿ–ում հնչեցրած ՀՀԿ ղեկավարի «ռազմահայրենասիրական» ոճի ելույթի մասին։

Փաստորեն, Հեֆերնի համբավը նաև Սիսիան է հասել, և այնտեղ էլ գիտեն, որ նա այս իշխանությունների ոչ պաշտոնական քարոզիչն է։

Հեֆերնն, ինչպես հայտնի է, շատ լավ կարծիքի է նաև Հայաստանի տնտեսության հերն անիծած Տիգրան Սարգսյանի մասին։ Եվ բնական է, որ հենց նրան էլ պետք է «տղա» բերեին Սիսիանի «սաքուլիկները», որոնք, ըստ ԲՀԿ–ական քաղաքապետ Հակոբջանյանի, ուղղորդվել են Գյուղակադեմիայի Սիսիանի մասնաճյուղի ղեկավարի կողմից։

Ինչ մնում է Կապանին, ապա այստեղի «սաքուլիկների» գործունեությանն անձամբ հետևել է վերանշանակված մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան։ Բայց դե, բան չի ստացվել, քանզի «եռյակի» հանրահավաքը կայացել է։

Ի դեպ, Սյունիքում տեղի ունեցած երկու հանրահավաքները ցույց տվեցին, որ սխալ է այն տեսակետը (այդ տեսակետը շատ հաճախ ուղղորդված է իշխանական քարոզչամեքենայի կողմից), թե այնտեղի ժողովուրդը Լիսկային աղուհացով է դիմավորել, հետևաբար, ստրկամիտ է։ Չկա՛ նման բան։

Լիսկային դիմավորել են տեղական նշանակության «սաքուլիկները», մարզպետարանի աշխատակիցները, Լիսկայի հետ համատեղ հանցանքով կապվածները, «քյար» ունեցող պաշտոնյաները և ՀՀԿ–ական ընտրակեղծարար թափթփուկները։ Գումարած մի քանի «չեբուռաշկաներ» ու զոռով դեպքի վայր բերվածներ։ Սյունեցիներին, հետևաբար, պետք չէ սխալ պիտակներ կպցնել։ Նրանք այսօր ցույց տվեցին, որ թքած ունեն Բաղրամյան 26–ի որոշման վրա, և իրենց բողոքն են արտահայտում։ Սյունիքը հիմա սպասում է Երևանի արձագանքին։

Բողոքի հավաքական արտահայտումը կլինի հոկտեմբերի 10–ին Ազատության հրապարակում։

Սևակ Մինասյան

Հ.Գ.։ Իշխանությունները Լիսկային գործուղելով Սյունիք՝ ստիպում են հայաստանցիներին ու, մասնավորապես, սյունեցիներին՝ վարել արդեն ոչ թե քաղաքական, այլ ազատագրական պայքար։ Սա հանրահավաքի եկած սյունեցիների ճնշող մեծամասնության կարծիքն էր։ Թեև բոլորի համար էլ պարզ է, որ Լսիկան գործիք է, և պետք է գլխից բռնել՝ Մեծ Լիսկային։

Այս խորագրի վերջին նյութերը