Մեկնաբանություն

29.09.2014 10:09


Հանդուրժողականության թափված շպարը

Հանդուրժողականության թափված շպարը

Վեց տարի շարունակ Սերժ Սարգսյանը փորձում էր ներկայանալ իբրեւ հանդուրժողականության մարմնացում եւ այլակարծությունը գնահատող անձ:

Այսօր «հանդուժողականության» շպարը թափվում է նրա դեմքից:

Հրապարակային պայքարի շատ օրինակներ կարելի է նշել, որոնք չեն հանդուրժվել նրա կողմից, եւ նա ամեն ինչ արել է, դիմել է ցանկացած մեթոդի, որպեսզի դադարեցվեն բողոքի ակցիաները, մարեն շարժումները, խլացվեն ձայները:

Նրան գերեզմանային լռություն է պետք, ցանկալի «կայունություն», որի պայմաններում կկարողանա կառուցել «ապահով Հայաստան»:

Իսկ թե ինչ է կառուցում, բոլորս ենք տեսնում:

Ոչիշխանական ուժերի «եռյակի» նախաձեռնած հանրահավաքային շարքի դեմ իշխանությունների ձեռնարկած ողորմելի քայլերը վերստին ապացուցում են այն, որ Սերժ Սարգսյանն իր բնույթով, մարդկային տեսակով անհանդուրժող ու այլակարծությունը մերժող անձ է:

Ձեւացնելով ոչինչ չի ստացվի: Գալիս է պահը, եւ երեւում է մարդու իրական դեմքը:

Հնարավոր չէ մի կողմից ներկայանալ իբրեւ հանդուրժող եւ այլակարծությունն ընդունող մեկը, մյուս կողմից փորձել խոչընդոտել ու խանգարել «եռյակի» հանարահավաքները տեղական նշանակության ՀՀԿ տատիների կամ մարզային ֆեոդալների ջահել մանկլավիկների միջոցով:

Գործող Սահմանադրության երկու հոդվածները հայտնի են.

Հոդված 27. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն:

Հոդված 29. Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունք:

Եթե այսօր իշխանությունները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ՀՀ սահմանադրության այս հոդվածներն են արհամարհում, եւ գործում ընդդեմ նշված հոդվածների, ապա ինչի՞ մասին է խոսքը:

Այսքանից հետո մենք պետք է հավատանք, թե սահմանադրական փոփոխություններով իշխանությունները փորձում են բարելավել մարդու իրավունքների ոլո՞րտը:

Է՛հ, գործող Սահմանադրության մեջ սեւով սպիտակի վրա գրված են հիմնական հոդվածները, որոնք այսօր իշխանությունները խախտում են կոպտորեն՝ թույլ չտալով իրենց քաղաքական հակառակորդներին կարծիք արտահայտել կամ ամեն կերպ փորձելով խոչընդոտել նրանց կողմից կազմակերպված խաղաղ հավաքները:

Եթե «բարեփոխեն» Սահմանադրությունը, դրանից հետո չե՞ն խախտելու «բարեփոխված» դրույթները:

Իհարկե, խախտելու են, քանզի ոչ թե մարդու իրավունքների ոլորտի բարեփոխման մասին են մտածում, այլ սեփական վերարտադրության:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը