Մեկնաբանություն

29.09.2014 12:17


Ոսկե ձկնիկը չդիմացավ, երբ լսեց նրա վերջին ցանկությունը

Ոսկե ձկնիկը չդիմացավ, երբ լսեց նրա վերջին ցանկությունը

Հայաստանի գործող իշխանությունը ոչ միայն իրականության զգացողությունն է կորցրել, այլև չափի։ Դա ծանր է նստում հայաստանցիների վրա ու վտանգավոր դառնում նույն իշխանության համար։

Հացի խնդիր ունեցող կանանց հարբեցնել և ուղարկել ընդդիմության հանրահավաքը հարամ անելու արդեն չափազանց է։ Ու դժվար է ասել, թե ով է տվյալ պարագայում ավելի նվաստացած՝ պարսկական հարբած փղերի հետ համեմատվող կանա՞յք (խեղճ ու կրակ), թե՞ նրանց վատ հալից օգտվող իշխանությունը։

Երբ հացի խնդիր ունեցող տղամարդկանց ստիպողաբար ուղարկում են աղուհացով դիմավորելու մարզպետին (ում նկատմամբ հասարակության վերաբերմունքը, մեղմ ասած, խիստ բացասական է), դա արդեն չափն անցնել չի. մի այլ կարգի զզվելի երևույթ է։

Սա՛ է այն «մարդակենտրոնությունը», որին ձգտում է իրականության և չափի զգացողությունը կորցրած Հայաստանի գործող իշխանությունը։ Դա այն է, ինչ կլինի, եթե սահմանադրական փոփոխությունները հանկարծ կյանքի կոչվեն։ Այսօրվա վիճակը երանելի կթվա դրա համեմատ. ամեն ինչի այլասերում։ Արդյոք կշահի՞ դրանից իշխանությունը։

Ամեն ինչ ունեցող պառավը չկարողացավ զսպել իր անհագ ախորժակը. վերջում պահանջեց ոսկե ձկնիկին ծառա դառնալ իրեն։ Պահանջեց ու հայտնվեց իր կոտրած տաշտակի առջև։

Իրականության և չափի զգացողության կորուստը երբեք էլ լավ բանի չի բերել, նույնիսկ՝ հեքիաթներում։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը