Մեկնաբանություն

29.09.2014 16:22


Գագիկ Ծառուկյանի եւ Սերժ Սարգսյանի աշխարհայացքային տարբերությունները

Գագիկ Ծառուկյանի եւ Սերժ Սարգսյանի աշխարհայացքային տարբերությունները

Իշխանություններն իրենց հասու բոլոր միջոցներով և խողովակներով անդադար փորձում են ժողովրդի մեջ ներարկել այն միտքը, թե ով էլ գա իշխանության՝ նույնն է լինելու, եւ ոչ մի տարբերություն չկա, թե ով է իշխանության գլուխ:

Սա հատուկ է հետադիմական երկրներին, քանի որ այս գաղափարը տարածելով՝ հույս են ունենում ժողովրդին հասցնել կատարյալ անտարբերության եւ հուսահատության, իսկ այսպես կառավարելը շատ հեշտ է: Իրականությունը, սակայն, այն է, որ տարբերություն չի կարող չլինել:

Վերցնենք ամենաթարմ օրինակը: Օրերս մամուլում հրապարակվեց Սերժ Սարգսյանի զրույցը Պրահայում, որտեղ նա մի քանի ուշագրավ մտքեր էր հայտնել՝ խոստովանելով՝ ինչպես է տեսնում Հայաստանի ներկան և ապագան:

Սերժ Սարգսյանը համոզված է, որ Հայաստանում շաքարավազ կարող է ներկրել ընդամենը մեկ հոգի, եւ դա նորմալ է: Մարդն այսպես է մտածում, եւ քանի որ զբաղեցնում է նախագահի պաշտոնը, փորձում է իրականություն դարձնել իր գաղափարները: ՀՀԿ ղեկավարը նաև գտնում է, որ եթե որևէ գործարար խնդիրներ ունի, ապա պետք է դիմի իրեն «Ես եմ պետությունը» սկզբունքի շրջանակներում։ Բայց սա դեռ չի նշանակում, որ ՀՀ բոլոր քաղաքացիներն այսպես են մտածում, և ուրիշ մարդիկ իշխանության գալուց հետո նույն կերպ են վարվելու:

Օրերս, հանդիպելով ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանին, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ առկա խնդիրներին, երկրի տնտեսական վիճակին՝ շեշտելով, որ մեր երկրին անհրաժեշտ է քաղաքական ուժերի համագործակցություն` հանուն բարեկեցիկ երկրի, քանի որ միայնակ ոչ ոք եւ ոչ մի քաղաքական ուժ չի կարող լուծել երկրի առջեւ ծառացած խնդիրները: Նա նաև ընդգծեց, որ անհրաժեշտ է բոլորի համար ստեղծել հավասար եւ արդար պայմաններ առողջ մրցակցություն ապահովելու համար, ինչը միայն օգուտ կբերի մեր երկրին:

Ահա այսպես. Սերժ Սարգսյանը ոչ միայն չի կարևորում հավասար մրցակցության համար պայմաններ ստեղծելը, այլեւ ճիշտ է համարում, որ մեկ մարդ պետք է շաքարավազ ներկրի (քանի որ ինքը այդ մեկ մարդու հետ կարող է իր հաշիվները հստակեցնել), իսկ Գագիկ Ծառուկյանը զարգացման համար կարեւոր պայման է համարում բոլորի համար հավասար պայմանների ստեղծումը և մրցակցությունը:

Պարզ է, որ իշխանության ղեկի մոտ լինելու դեպքում Գագիկ Ծառուկյանն իրականություն է դարձնելու իր գաղափարները՝ դրանից բխող բոլոր դրական հետևանքներով:

Այնպես որ, մեծ նշանակություն ունի, թե ով է ղեկավարում երկիրը, եւ սուտ են այն պնդումները, թե ով էլ լինի ղեկավարը՝ իրավիճակը նույնն է լինելու, եւ մարդկանց կյանքը չի փոխվելու:

Պետք չէ, հետևաբար, տրվել «Գեբելսյան» քարոզչամեքենայի այդ կոդերին և դառնալ անտարբեր քաղաքական գործընթացների նկատմամբ։ Դա միայն իշխանություններին է ձեռնտու։

Սկզբի համար պետք է թույլ չտալ սահմանադրական փոփոխությունները։ Դա լուրջ քայլ կլինի վերջին տարիներին ձևավորված արատավոր քաղաքականությունը փոխելու և բացասական երևույթների վերարտադրությունը թույլ չտալու համար։

Վարդան Մկրտչյան

Այս խորագրի վերջին նյութերը