Լրահոս

15.09.2009 15:46


«Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ–Հայաստան» ՊՈԱԿ–ի կառավարման խորհրդի նիստը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը

Տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Կառավարման խորհուրդը քննարկել և հաստատել է «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիային (ՀՄԿ) ներկայացվող 13-րդ Հատկացման հայտը, որով «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ը նախատեսում է գալիք եռամսյակի (հոկտեմբեր-դեկտեմբեր 2009թ.) համար ՀՄԿ-ից ընդհանուր վճարային համակարգի միջոցով ստանալ ֆինանսավորում 16.583.699 (տասնվեց միլիոն հինգ հարյուր ութսուներեք հազար վեց հարյուր իննսունինը) ԱՄՆ դոլարի չափով։ Տասներեքերորդ հատկացման հայտով նախատեսված ծախսերն ըստ ծրագրի բաղադրիչների կուղղվեն ոռոգվող գյուղատնտեսությանը՝ 15.677.562 ԱՄՆ դոլար. մոնիտորինգին և գնահատմանը՝ 259.358, ծրագրի կառավարմանը եւ գնահատմանը՝ 614,917 ԱՄՆ դոլար։
ՀՄՀ-Հայաստան ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանի փոխանցմամբ ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի ֆինանսավորումն ուղղվելու է մայր ջրանցքների, պոմպակայանների վերականգնմանը, ինքնահոս համակարգերի կառուցմանը, Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգի նախագծմանը եւ վերականգնմանը եւ այլն։
Հատկացման հայտը ՀՄՀ-Հայաստան ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի կողմից հաստատվելուց եւ խորհրդի նախագահի կողմից վավերացնելուց հետո կուղարկվի ՀՄԿ՝ հավանություն ստանալու եւ համապատասխան ֆինանսավորում իրականացնելու համար։
Կառավարության խորհուրդը քննարկել է «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի ոռոգվող գյուղատնտեսության ենթածրագրի շրջանակում 17 պոմպակայանների վերականգնման պայմանագրի նախագիծը, հավանություն է տվել 4 ինքնահոս համակարգերի կառուցման պայմանագրում Սպիտակի ինքնահոս համակարգի կառուցումը ներառելու հարցին, որի արդյունքում կապահովվի Նալբանդի մայր ջրանցքից սնվող, Լոռու մարզի Շիրակամուտ, Մեծ Պառնի, Սարալանջ եւ Կաթնաջուր համայնքների շուրջ 800 հա հողատարածքների հուսալի ոռոգումը։
Խորհրդի նիստում քննարկվել և հաստատվել են նաև «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի Ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի ենթակառուցվածք բաղադրիչի տեխնիկական վերահսկողություն իրականացնող CES Consulting Engineers Salzgitter GmbH (Գերմանիա), AHT GROUP AG (Գերմանիա) և Երևւանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան (Հայաստան) կոնսորցիումի հետ 2009թ. փետրվարի 16-ին կնքված պայմանագրի փոփոխությունները, ինչպես նաև «Պոմպակայանների վերականգնման վերջնական նախագծի վերանայում» IAP/SSS-01 խորհրդատվական ծառայությունների պայմանագիրը։
Խորհրդի նիստում ի թիվս այլ հարցերի, ի գիտություն է ընդունվել «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանի հայտարարությունն առ այն, որ «Ջրից դեպի շուկա» ծրագրի արդյունքները ներկայացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 13-14-ը Կոնգրես հյուրանոցում կկազմակերպվի «Նոր մոտեցում, բարձր եկամուտ» ցուցահանդեսը, որի շրջանակում կներկայացվեն ՋդՇ բոլոր հինգ ենթաբաղադրիչները. ջրի ներտնտեսային կառավարում, բարձրարժեք գյուղատնտեսություն, վերապատրաստում, հետբերքահավաքային տեխնոլոգիաներ, վերամշակում եւ մարքեթինգ, ինչպես նաեւ վարկային ֆինանսավորումը։

 

Այս խորագրի վերջին նյութերը