Հարցազրույց

02.10.2014 01:00


ՀՀԿ ցուցակով պատգամավոր դարձած Լևոն Մարտիրոսյանը շատ դրական է գնահատում Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը

ՀՀԿ ցուցակով պատգամավոր դարձած Լևոն Մարտիրոսյանը շատ դրական է գնահատում Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը

Հարցազրույց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԻԱԿ հիմնադիր քարտուղար Լևոն Մարտիրոսյանի հետ

–Ինչպե՞ս եք գնահատում Սյունիքի մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը։

–Շատ դրակա՛ն։

–Ինչո՞ւ։

–Ըտե՛նց։

–Հանրության շրջանում նրա վերաբերյալ առկա բացասական կարծիքը ձեզ չի՞ կաշկանդում, որ այդպես դրական եք գնահատում։

–Բացարձակապե՛ս։ Հանրության կարծիքն ո՞վ է որոշել՝ ինչպիսին է։ Եթե համապատասխան հարցումներ են արվել, որ ամբողջ հանրությունը դեմ է, կամ կողմ, էդ ուրիշ է, բայց առանձին մարդիկ, որոնք կարող են ունենալ բացասական վերաբերմունք տվյալ անձի նկատմամբ, նորմալ է։

–Իսկ Սուրիկ Խաչատրյանի անցյալը և իր տան բակում տեղի ունեցած սպանությունը ձեզ չի՞ կաշկանդում նմանատիպ կարծիք արտահայտելու համար։

–Ես այդպիսի փաստ չգիտեմ, անկեղծ ասած, և հակված չեմ հավատալու, որովհետև եթե այդպիսի բան լիներ, այնպես չէ, որ կարելի էր թաքցնել։

–Սուրիկ Խաչատրյանը, փաստորեն, սատարելու է Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին։ Մեկ տարի առաջ ՀՀԿ–ականները խիստ քննադատում էին կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու և սահմանադրական փոփոխությունների հարցը, իսկ այժմ նույն եռանդով ճիշտ հակառակն են պնդում...

–Ես ՀՀԿ կուսակցության անդամ չեմ, իսկ այն կուսակցությունը՝ ՄԻԱԿ–ը, որի անդամ եմ ես, իր ծրագրում ունի խորհրդարանական հանրապետությանն անցնելու անհրաժեշտությունը։

–Բայց դուք նաև ՀՀԿ խմբակցությա՛ն անդամ եք, իսկ ՀՀԿ–ականները ոչ վաղ անցյալում հայտարարում էին, որ խորհրդարանական հանրապետությունը կհանգեցնի ֆաշիզմի։

–Ուրախ եմ, որ հիմա նաև ամբողջ ՀՀԿ խմբակցությունը և կուսակցությունը, կարծեք թե, հակված է դրան (խորհրդարանականին–Ա.Մ.), բայց երբ վերջնական հայեցակարգը ներկայացվի, կարելի է ավելի բովանդակալից խոսել, որովհետև սահմանադրական փոփոխությունների իմաստը միայն խորհրդարանական համակարգին անցնելը չէ։

–Այսինքն, ՀՀԿ–ն հասունացավ և եկավ ՄԻԱԿ–ի դիրքորոշմա՞ն։

–Չէ, այդպես չի կարելի ասել։ Խորհրդարանական հանրապետությունն այնպիսի բան չէ, որ հեծանիվ ենք հորինում։ Իսկ ես անձամբ կողմնակից եմ խորհրդարանական հանրապետությանն անցնելուն, չնայած դա ռիսկային քայլ կլինի ՀՀ–ի համար, որովհետև կառավարման նոր ձև է. այդպիսի ավանդույթներ չունենք, բայց դա ավելի քաղաքակիրթ և ճիշտ տարբերակ է, մանավանդ հիմա։

–Սահմանադրական փոփոխությունները չե՞ն արվում Սերժ Սարգսյանի վերարտադրության համար։

–Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ չի պատրաստվում ոչ նախագահ առաջադրվել, ոչ էլ վարչապետ։

–Սահմանադրական փոփոխություններից հետո նա ոչ նախագահ կլինի, ոչ էլ վարչապետ, այլ կզբաղեցնի ԱԺ նախագահի պաշտոնը՝ «գենսեկի» լծակներով։ Համենայնդեպս, իր ծրագրերն են այդպիսին։

–Կարծում եմ, որ լավ կլինի՝ Սերժ Սարգսյանը մնա քաղաքական դաշտում, ինչպես մեր նախորդ երկու նախագահները, և ընդհանրապես, նախկին քաղաքական գործիչները։ Բայց թե ինչ կարգավիճակում... ինքը բացառել է այդ երկու կարգավիճակները, իսկ մնացածը չեմ կարող ասել։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը