Մեկնաբանություն

02.10.2014 01:23


Սեյրանը կրակեց խրամատից

Սեյրանը կրակեց խրամատից

Գեներալ-պատգամավոր Սեյրան Սարոյանի սրտից բխած անկեղծ խոսքը հաճելիորեն ցնցել է բոլորին:

«Պարո՛ն նախագահ (նկատի ունի ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին–Կ.Ե.), արեք՝ էս մի անգամ էլ մի քննարկեք, արեք՝ էս էլ ժողովրդի սրտով անենք։ Ի՞նչ եք քննարկելու էդքան, բերեք՝ ոնց կար, ըտենց թողնենք, մարդիկ էթան, աշխատեն։ Էլ ի՞նչ եք քննարկելու, հլը ասեք՝ տենամ, ի՞նչ պտի խաբեք ժողովրդին։ Բերեք, «կակ ռազ», սաղս նստած ենք, տղամարդավարի քվեարկենք, պրծցնենք»,- խորհրդարանում «Շրջանառության հարկի մասին» օրենքի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգմավոր Սեյրան Սարոյանը:

Գեներալի կեցվածքը հիշեցնում է Անդերսենի հայտնի հեքիաթի երեխային, ով ասում է. «Թագավորը մերկ է»:

Այսինքն, իշխանությունը երբեք ժողովրդի սրտով ոչ մի քայլ չի արել, ու ահա, իշխանական պատգամավորն իր այս խոսքով ակամա բացահայտում է ժողովրդի նկատմամբ գործող իշխանության վերաբերմունքը: Կարելի է ասել, որ նա պետական գաղտնիք է բացահայտում։

Կա նաև այլ վարկած, թե ինչու հանկարծ Սարոյանն անկեղծացավ։

Չի կարելի բացառել, որ գեներալ–պատգամավորն ավելի քան լուրջ է ընդունել և ուղղակի է հասկացել սեպտեմբերի սկզբներին ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի ելույթի այն հատվածը, որ վերաբերում էր ՀՀԿ խմբակցության պատգամավորների օրենսդրական գործունեությանը: Երբ ՀՀԿ առաջնորդը հայտարարեց, որ խորհրդարանը պետք է դիտարկել որպես խրամատ, հանդես գալ որպես զինվոր եւ անհրաժեշտ պահին կրակել թշնամու ուղղությամբ։

«Ձեր բոլորի կռվի դաշտը և ձեր խրամատն էլ խորհրդարանն է, ձեր կռիվը` օրենսդիր աշխատանքը, ձեր թշնամին մեր ժողովրդի հոգսերն են, մեր երկրում եղած պրոբլեմներն են: Եթե զինվորը լքում է խրամատը, ապա գրոշի արժեք չունի, թե այդ ընթացքում այդ զինվորը ինչ աշխարհացունց այլ աշխատանք է կատարում: Եվ եթե զինվորը խրամատում է ու չի կրակում անհրաժեշտ պահին, այդ զինվորն էլ գրոշի արժեք չունի: Խորհրդարանականի կարևորագույն խնդիրն է մասնակցել աշխատանքներին, առաջին հերթին՝ նստաշրջաններին և քվեարկել այնպես, որպեսզի մեր ծրագրերն իրականանան»,- ՀՀԿ խորհրդի նիստում ասել էր Սերժ Սարգսյանը:

Դե, գեներալ Սեյրանն էլ՝ որպես կռված տղա, նաեւ՝ միամիտ, գյուղացի մարդ, իր առաջնորդի հայտարարության ենթատեքստը չի հասկացել:

Պարզ է, որ Սերժ Սարգսյանը «կրակել» ասելով՝ նկատի ունի բոլոր իշխանական ու կառավարական նախագծերին մի մարդու պես «կողմ» քվեարկելը (թեկուզ՝ մեկը տասի փոխարեն):

Իսկ ահա Սեյրան Սարոյանը ՀՀԿ առաջնորդի ասածն այլ կերպ է ըմբռնել:

Մարդը մտածել է, որ այդուհետ հայտնվելով «խրամատում»՝ պետք է հիշել ժողովրդի հոգսերի մասին եւ ժողովրդի սրտից բխած ելույթ ունենալ, այն է՝ կրակել թշնամու ուղղությամբ, այսինքն՝ անել այն, ինչ հորդորել է ՀՀԿ առաջնորդը:

Գեներալն էլ կրակել է, բայց խփել է իրական թշնամուն, որը երբեք ժողովրդի սրտից բխող որոշումներ չի կայացնում։ Այլ կերպ ասած՝ Սեյրան Սարոյանը կրակել է ոչ այն ուղղությամբ, որ պետք է։ Սերժ Սարգսյանի նկարագրած խրամատից նա «սխալ» է «կրակել»։ Ժողովրդի դեմ «կրակելու» փոխարեն՝ «կրակել» է իշխանության ուղղությամբ:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը