Մեկնաբանություն

02.10.2014 12:55


«Нервы, Валерий Михайлович, нервы...»

«Нервы, Валерий Михайлович, нервы...»

Հայաստանի գործող իշխանության նյարդերը տեղի են տալիս։ Դա ակնհայտ երևում է Սերժ Սարգսյանի գործողություններում, նրա հայտարարություններում, Կառավարության նիստերին, վարչապետի ելույթներում, ԱԺ–ում, հատկապես՝ հարցուպատասխանի ժամանակ, պետական ապարատից գնալով ուժեղացող մինորային ազդակներում...

Բնական է։ «Ապահով Հայաստան» բլեֆը չստացվեց «սաղացնել»։ Համատարած ձախողումների համապատկերին մնացել է իշխանության վերջին նպատակակետը՝ սահմանադրական փոփոխություններ։

Բայց, արի ու տես, որ դա էլ սպասվածի պես չստացվեց լղոզելով հրամցնել հասարակությանը։ Դրան գումարած՝ «եռյակի» ուժեղ հակազդեցությունը։ Այլ կերպ չէր էլ կարող լինել։

Չկա մի ոլորտ, որը ձևի համար կարելի լիներ մտցնել մարդկանց աչքն ու ասել. «Տեսե՛ք, մեր հաջողված քայլերի պտուղը»։

Համատարած երաշտ է։ Ու չի դիմանում նյարդայնացած իշխանությունը, հարցնում է. «Իշխանափոխությո՞ւն եք ուզում»։–Իհա՛րկե ուզում ենք։

«Չի՛ լինի»,–ավելի նյարդայնացած բղավում է երկրի գործող ղեկավարությունը ու դիմում ոչիշխանական ուժերին. «Կախարդական փայտիկ ունե՞ք, որ այդքան վստահ եք խոսում։ Տվե՛ք մեզ»։

Այդպես էլ չհասկացավ Հայաստանի գործող իշխանությունը, որ ոչ մի փայտիկ էլ չի օգնի։ Չկարողացավ տեսնել իրականությունը, էլ ուր մնաց՝ հասկանալ գործընթացները, որոնք երևացող ու չերևացող կողմեր ունեն։

Այնպես որ, խնայե՛ք ձեր նյարդերը, հրաժարվե՛ք սահմանադրական փոփոխություններից։ Իսկ իշխանափոխություն ցանկացած պարագայում լինելու է։ Հո Մաքլաուդների կլա՞նը չեք...

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը